Բռնությունը երբեք խնդիր չի լուծել և Բելառուսում ևս չի լուծի. «Իմ քայլի» պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյան, 17 օգոստոսի, 2020թ.

Հայաստանում ուշադրությամբ հետևում են Բելառուսում տեղի ունեցող զարգացումներին։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի խոսքով՝ որևէ իրավիճակում բռնությունը չի կարող ընդունելի լինել։

«Բռնությունը երբեք որևէ խնդիր չի լուծել, և այս դեպքում ևս բռնությամբ, կարծում եմ, որևէ խնդիր չի լուծվի, և անհրաժեշտ է, որ խաղաղ հանգուցալուծում տեղի ունենա այս իրավիճակում», - ասում է նա: Միևնույն ժամանակ իշխանական «Իմ քայլի» պատգամավորը հավելում է, որ և՛ կառավարությունը, և՛ Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցությունը Բելառուսի իրադարձությունները մեկնաբանելիս պետք է զուսպ լինեն իրենց գնահատականներում. - «Ես չէի ուզենա այնպիսի հարցեր մեկնաբանել, որոնք Բելառուսի ներքին գործերին են առնչվում: Կարծում եմ` Բելառուսի ժողովուրդն այս իրավիճակն ինքը պետք է լուծի, և ճիշտ չէր լինի, որ այլ երկրներ, այդ թվում` օրինակ` մենք ինչ-որ լուծումներ առաջարկենք»:

Բելառուսում Լուկաշենկոյի հրաժարականը պահանջող քաղաքացիների ցույցերը օր օրի ավելի հուժկու են դառնում, իսկ երեկ ռեկորդային մարդաշատ են եղել։ Փորձագիտական որոշ շրջանակներ կարծիք են հայտնում, որ Լուկաշենկոն այլևս չի կարող շարունակել ղեկավարել երկիրը և կհեռանա: Արդյոք Լուկաշենկոյի հրաժարականի պարագայում Հայաստանը չի հայտնվի անհարմար իրավիճակում, քանի որ և՛ նախագահը, և՛ վարչապետը շնորհավորել են ըստ պաշտոնական արդյունքների՝ 6-րդ անգամ վերընտրված Լուկաշենկոյին։

«Ես կարծում եմ, որ Ձեր տված հարցը և շնորհավորանքն իրար հետ իրականում որևէ կապ չունեն, որովհետև այս շնորհավորանքը դիվանագիտական որոշակի կանոնների հետևելով արված քայլ էր, և՛ վարչապետը, և՛ նախագահը, ելնելով այդ ընդունված կարգից, շնորհավորեցին: Եթե զարգացումներն ընթանան այնպիսի ճանապարհով, որ լինեն նոր ընտրություններ, համապատասխանաբար այդ նոր ընտրությունների արդյունքների վերաբերյալ նոր շնորհավորանքներ կլինեն»:

Այս պահին ամենկարևորն այն է, որ արյուն չթափվի. ԼՀԿ պատգամավոր

ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Արմեն Եղիազարյան, արխիվ

Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացված ընտրություններին տեղում հետևել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, որի կազմում Հայաստանից 2 պատգամավորներից մեկը` «Լուսավոր Հայաստանից» Արմեն Եղիազարյանը պատմում է, որ Մինսկում ու մոտակա քաղաքներում տեղամասից տեղամաս շրջելով արտառոց խախտումներ չեն նկատել և ստորագրել են ընտրության արձանագրությունը. - «Մենք ելել ենք այն տեսակետից, թե ինչ ենք տեսել, և ըստ մեր տեսածի` մենք արձանագրել ենք, որ այն տեղամասերում, որտեղ եղել ենք, եղել է իրենց օրենսդրության համապատասխան: Մենք արդեն արձանագրությունները ստորագրել ենք, որ ընդհանուր պրոցեսը կազմակերպչական առումով համապատասխանել է Բելառուսի օրենսդրությանը»:

Ընդդիմադիր պատգամավորն ասում է՝ ընտրության հաջորդ օրը Հայաստան վերադառնալուց ու ինտերնետ կապ ունենալուց հետո արդեն 180 աստիճանով փոխվել է իր ընկալումը Բելառուսում տեղի ունեցած ընտրությունների մասին. - «Միգուցե իրականում բնակչությունն իրական քվեարկություն է իրականացրել, սակայն վերջում հաշվարկի ժամանակ տեսնելով, որ թվերը հօգուտ իշխանության չեն, իրենք փոխել են: Այսինքն` այստեղից գալիս է այն հանգամանքը, որ միգուցե իրականում չեն եղել տեղամասերում խախտումներ, որոնց մենք ականատես լինեինք»:

Այս պահին ամենկարևորն այն է, որ արյուն չթափվի, ինչպես 2008-ին եղավ Հայաստանում, ասում է պատգամավորը և ավելացնում. - «Եթե երկրի մեծամասնությունը ընդդիմանում է գործող իշխանությանը, միգուցե ճիշտն է, որ Լուկաշենկոն հեռանա և թողնի ժողովրդավարությանը, որ իրենք ինքնուրույն որոշեն, թե երկիրը որ ուղղությամբ է ուզում առաջ ընթանալ»:

Իսկ ի՞նչ են կարծում երևանցիները

Փորձեցինք պարզել նաև երևանցիների կարծիքը Բելառուսի վերջին իրադարձությունների մասին: Մեզ հանդիպած մարդկանց ճնշող մեծամասնությունը հետաքրքրված չէր Բելառուսում տեղի ունեցող զարգացումներով։

Մյուսները, որոնք հետևում են Բելառուսի իրադարձություններին, հիմնականում նշում էին, որ սատարում են ցուցարարներին. - «Թող հեռանա, նա երեսը պինդ է, չի հեռանա, մինչև մեզ նման Մարտի 1 չանի, չի հեռանա»:​

«Բելառուսի ժողովրդի կողմից եմ, ոնց ժողովուրդն է ուզում, թող տենց լինի», - ասում է մյուսը, իսկ երրորդն էլ հավելում է. - «Եթե ուզում են փոփոխություն, թող անեն, թող հանգիստ անեն, ինչպես մենք արեցինք»: