Բելառուսում նախագահական ընտրություններին հաջորդեցին հետընտրական ցույցերը, ընդհարումները` Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով: Նախնական արդյունքների հրապարակումից ընդամենը ժամեր անց ընտրվելու կապակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը Բելառուսի նախագահին քննադատվեց:
Վարչապետի հայտարարությունը բխում է հեղափոխության օրակարգից, Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականի» շրջանականերում մեկնաբանում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հարցին, թե չի՞ սխալվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը` միայն նախնական տվյալների հիման վրա շնորհավորելով Ալեքսանդր Լուկաշենկոյին, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. - «Ընդհանրապես Հայաստանում ցանկացած նման որոշում կայացվում է համապարփակ ռիսկերի գնահատմամբ, և ընդհանուր անվտանգային և այլ կարևոր որոշումներն ունեն հիմքեր, այսինքն` որոշումներն օդից չեն ծնվում, ընդհանուր առմամբ ամբողջական ռիսկերի գնահատում է կատարվում, և ըստ այդմ էլ Հայաստանի Հանրապետության շահերից բխող որոշում է կայացվում»:
Իսկ արդյոք սա ժողովրդավարական օրակարգին համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ, Արմեն Գրիգորյանը հիշեցնում է, որ հեղափոխության ընթացքում հայտարարել են, որ արտաքին քաղաքական օրակարգում փոփոխություններ չեն լինելու: «Այսինքն` այս հայտարարությունն ամբողջովին բխում է հեղափոխության օրակարգից, և հեղափոխության օրակարգի շարունակականության ապահովումն է»:
ԱԽ քարտուղարն ընդգծեց` կա պատասխանատվության հարց` պաշտոնից բխող, ոչ թե մարդկանց մոտեցումներից բխող, և որոշումներ կայացնելիս սա ևս կարևոր դերակատարություն ունի: «Մյուս հանգամանքը կարևոր այն է, որ այս որոշումը կապված է նաև մի քանի այլ հանգամանքների հետ, որոշումն օդում չի կայացվել», - նշեց նա` հավելելով, որ իրենք քննադատության արժանացան նաև այն ժամանակ, երբ լոքդաունից դուրս գալու որոշում կայացվեց. - «Շատ էին մեզ քննադատում, պատճառներից մեկն այն էր, որ մենք նախազգում էինք հուլիսյան զարգացումները` հնարավոր սպառնալիք կար, որ Հայաստանը հայտնվելու է ռազմական իրավիճակում:
Որոշումներն այլ հանգամանքներից կախված էին, և համապարփակ հանգամանքները հաշվի են առնվում»:
Արմեն Գրիգորյանը շեշտեց. - «Մենք կարծում ենք, որ մեր որոշումը ճիշտ էր, և մեր այս ընտրած ճանապարհն իրավիճակին համապատասխան որոշում էր»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանից և Թուրքիայից հնչող հայտարարություններին, մասնավորապես Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի այն հայտարարությանը, թե Հայաստանին հակազդելու գործում իրենց ողջ հզորությունը Ադրբեջանի կողմում է, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի շեշտադրմանը, թե Թուրքիան առաջիկայում կդառնա Ադրբեջանի թիվ մեկ դաշնակիցը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, Արմեն Գրիգորյանը հայտարարեց. - «Թուրքիան ու Ադրբեջանը փորձելու են սրացումներ մտցնել կամ ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Մենք ամբողջությամբ պատրաստ ենք ցանկացած սցենարի, մենք համոզված ենք, որ մենք մեր ուժերով, ինչպես նաև մեր դաշնակիցների աջակցությամբ կարողանալու ենք տարածաշրջանում կայունություն ապահովել, առաջնայինը շարունակում են մնալ Հայաստանի զինված ուժերի կարողությունները, հուլիսյան դեպքերը ցույց են տվել, որ հայկական բանակը տարածաշրջանի ամենակայացած Զինված ուժերն են, և այս առումով ցանկացած խնդիր, որ դրված է Զինված ուժերի առջև, փայլուն ձևով կատարելու են»:
Անդրադառնալով Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունների, թե Ապրիլյան պատերազմը հաղթանակ էր, և նոր իշխանությունները չկարողացան օգտագործել ապրիլյանի ձեռքբերումները և այլն, Անվտանգության խորհրդի քարտուղարն ասաց. «Սերժ Սարգսյանի կառավարման ամբողջ փուլն իրարամերժ հայտարարությունների մի փուլ էլ կարելի է անվանել, որովհետև Սերժ Սարգսյանի հայտարարությունները, օրինակ, X օրվա արած հայտարարությունը անպայման հակասելու է Y օրվա կատարված հայտարարությունը: Այս անգամ ևս բացառություն չէ: Երբ որ Սերժ Սարգսյանն ասում է, որ իր համար զինվորների կյանքը կարևոր է և հրաման չի տա, հարց է առաջանում՝ երբ որ Սերժ Սարգսյանը Միացյալ Նահանգներից վերադարձավ, հաջորդ օրը ԵԱՀԿ դեսպանների հետ հանդիպմանը նա հայտարարեց, որ մի քանի դիրք են վերցրել և դրանից մի քանի ժամ հետո այդ դիրքերը բոլոր ազատագրված են լինելու, այդ դեպքում հարց է առաջանում, երբ որ այդ ժամանակ հրաման է տվել Սերժ Սարգսյանը, արդյոք կայքեր հաշվի առե՞լ է, թե՞ հաշվի չի առել: Սա շատ կարևոր, հիմնարար և ֆունդամենտալ հարց է, որ Սերժ Սարգսյանը պետք է պատասխանի:
Սերժ Սարգսյանը կարծում է, թե բոլորի հիշողությունը շատ կարճ է, չէ, բոլորի հիշողությունը շատ երկար է, մենք հիշում ենք իր բոլոր հայտարարությունները, և նա պետք է պարզաբանի, թե ինչու է ԵԱՀԿ դեսպանների հետ հանդիպմանն ասել կամ հանդիպումից հետո ազատագրելու հրաման տվե՞լ է, թե՞ չի տվել հրաման: Կարծում եմ, որ մի քիչ լրջության պակաս կա, մի քիչ անցյալը հիշելու և բոլոր հայտարարություններն իրար համապատասխանեցնելու խնդիր կա»:
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.