Աջակցության ծրագրերի շրջանակներում շահառուներին հատկացվել է շուրջ 150 մլրդ դրամ

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու նպատակով համավարակի մեկնարկից ի վեր Կառավարությունը շահառուներին հատկացրել է շուրջ 150 մլրդ դրամ, կամ ավելի քան 300 մլն դոլար: Դրա շուրջ երկու երրորդը` ավելի քան 93 մլրդ դրամը վարկերի միջոցով տրամադրել են բանկերը:

Այդ թվերը այսօր հրավիրած ասուլիսում հրապարակեցԷկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Որոշել ենք թիրախավորել յուրաքանչյուր ոլորտին առանձնահատուկ հարցերը և մեր առաջիկա աջակցության միջոցները ուղղել հենց առաջացող կամ արդեն իսկ առկա լուծման սպասող հարցերը կետային, թիրախային եղանակով լուծելու ուղղությամբ», - նշեց նախարարը:

Երեկ Կառավարությունը հաստատեց օժանդակության երկու նոր ծրագիր, որոնք ուղղված են համավարակից ամենաշատը տուժած ոլորտներից զբոսաշրջությանն ու գյուղատնտեսությանը:

Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ քովիդի հետևանքով ամբողջ աշխարհում խնդիրների առաջ կանգնած զբոսաշրջության և հարակից հյուրանոցային և հանրային սննդի ոլորտներին Կառավարության աջակցությունը միտված է լինելու աշխատատեղերի պահպանմանը:

Նախարարի խոսքով, այս և մյուս բոլոր ծրագրերով տրամադրվող գումարների սահմանաչափ չկա. – «Մենք չենք հասել էնպիսի մի կետի, որ հայտարարենք, որ այս սահմանաչափը եթե գերազանցվի, այլևս չենք աջակցելու»:

Կառավարությունն առաջիկայում կհայտարարի արտահանողներին և տեխնիկապես վերազինվել պատրաստվող ընկերություններին աջակցելու մասին:

Տիգրան Խաչատրյանը չի բացառում, որ Հայաստանը կորոնավիրուսային տարին, 2019-ի համեմատ, կփակի համախառն ներքին արդյունքի շուրջ հինգ տոկոսի անկմամբ: Անցած տարի ՀՆԱ-ն աճել էր 7,6 տոկոսով, տնտեսական ակտիվության ցուցանիշը` 7,8 տոկոսով: Իշխանությունները հայտարարեցին, թե այդ ցուցանիշներն աննախադեպ էին վերջին տարիների համար:

«Մենք հույս ունենք, որ 3-4-րդ եռամսյակի արդյունքները որոշակի դրական բարելավում են արձանագրելու երկրորդ եռամսյակի նկատմամբ», - հայտարարեց նախարարը:

Նրա խոսքով, իր այս կանխատեսումը համաշխարհային տնտեսության միտումներին համահունչ է. – «Միջազգային հեղինակավոր կազմակերպությունները համաշխարհային տնտեսության մինչև 6 տոկոս անկում են նախատեսում ընդհանուր առմամբ: Նաև նախատեսում են, որ 2021 թվականը լինելու է վերականգնման հիմնական տարին: Այսինքն` մինչև այս տարեվերջ գլոբալ ավելի շատ լավատեսություն չկա, քան էն ցուցանիշները, որի մասին ես նշեցի»:

Հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տավուշյան իրադարձությունների ֆոնին Հայաստանից գյուղմթերք արտահանողները Ռուսաստանի Դաշնությունում ապրանք իրացնելու խնդիրներ ունեցան: Ադրբեջանցիներին պատկանող շուկաներում հայերին առևտուր անել չէին թողնում:

«Ազատության» հարցին, թե արդյոք անձամբ քննարկումներ ունեցել է այդ խնդրի շուրջ, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց. – «Երևույթներն էնպիսին էին, որոնք չէին պահանջում գործընկեր կառույցի հետ քննարկումներ, որովհետև դրանք մասնավոր հատվածում ոչ տնտեսական պատճառներով առաջացող իրավիճակներ էին: Այնուամենայնիվ, մենք հենց առաջին օրից Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հետ համագործակցությամբ, և կապի մեջ լինելով նաև այն շրջանակների հետ, որոնք Ռուսաստանի Դաշնությունում մեծապես աջակցեցին, որ հայկական գյուղատնտեսական արտադրանք արտահանողները կարողանան իրենց արտադրանքը վաճառել նախատեսված տեղերում և ծավալներով, կարողացել ենք ամենօրյա օպերատիվ քննարկումների միջոցով մասնակից լինել հարցերի քննարկմանը»:

Եվրասիական տնտեսական միության մաս կազմող Ռուսաստանի իշխանություններն արդյո՞ք հավաստիացրել են, որ նույն սցենարը հետագայում չի կրկնվի: Նախարարն այս հարցին հստակ պատասխան չտվեց` ասելով. – «Անգամ եթե շուկայական պայմաններում որևէ ոչ կանոնավոր երևույթներ են նկատվում, որոնք որ պետք է տեղի չունենան պարզապես, դրանք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում քննարկման հարցեր են: Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ, իր տնտեսվարողներին, մեր արտահանողներին երաշխավորում է գործունեության նույնպիսի պայմաններ, ինչպիսիք կարող է ունենալ Ռուսաստանի Դաշնությունում գործող ցանկացած սուբյեկտ: Այո, այդ ուղղությամբ աշխատանքային կարգով բոլոր խորհրդատվությունները, աշխատանքները շարունակվում են, և եթե փոքր հարցեր առաջանում են, ապա դրանք այդ ձևաչափում լուծումներ են ստանում»: