Մատչելիության հղումներ

Ըստ արտահանողների, ՌԴ-ում հայկական ապրանքի իրացման խնդիրներից խուսափելու համար պետք է գործընթացը ճիշտ կազմակերպել


Ռուսաստանում Հայաստանից արտահանված բերքի իրացման խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է գործընթացը ճիշտ կազմակերպել, ասում են հայաստանցի արտահանողները։

Օրեր առաջ ադրբեջանցի միլիարդատերերին պատկանող Մոսկվայի ամենախոշոր «Ֆուդ Սիթի» շուկայում արգելել էին հայկական պետհամարանիշներով մեքենաներին կայանել ու առևտուր անել։ Հայկական ապրանքի համար երեկ իր դռները փակեց նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին խնամուն պատկանող մոսկովյան «Տվոյ Դոմ» առևտրի կենտրոնը։ Արտահանողները ծիրանով լի բեռնատարները հայ գործարարներին պատկանող վաճառքի կետեր տեղափոխեցին, մոսկվայաբնակ հայերն էլ հավաքվեցին ու միանգամից գնեցին մնացած գրեթե ամբողջ բերքը։ Սա, այդուհանդերձ, հիմնական լուծում լինել չի կարող, ասում է բեռնափոխադրումներ իրականացնող «Սպիննակեր Գրուպ» ընկերության ղեկավար Նորայր Գևորգյանը։

Նա ընդգծում է՝ պարզ չէ թե որքան կշարունակվի ռուսաստանաբնակ հայերի համախմբվածությունը, ուստի իրավիճակից դուրս գալու երկու ելք է տեսնում․ կամ Ռուսաստանի իրավապահ մարմինները պիտի կանխեն ազգային հիմքով խտրականությունը, կամ էլ տեղի հայ գործարարները պետք է այլընտրանքային տարբերակ մտածեն։

«Հիմա ծիրանի թեման բարեհաջող ավարտեցինք, բայց հեսա գալու է դեղձի սեզոնը, խաղողը, այ, այս դեպքում կարող ենք լուրջ խնդիրներ ունենալ», - ասաց «Սպիննակեր Գրուպ» ընկերության ղեկավարը:

Գևորգյանի գնահատմամբ՝ «Ֆուդ Սիթի»-ում առևտուր անելու հնարավորության բացակայությունն ազդելու է բոլոր հայ արտահանողների վրա, բոլորն էլ այս շուկայի հետ առնչվում են։ Հայ արտահանողների համար սովորական էր ապրանքն այդ շուկա տանելն ու այնտեղ առևտուր անող ադրբեջանցիներին վաճառելը, անգամ ղարաբաղյան պատերազմի ընթացքում հայ բիզնեսմենները առևտուր անելու որևէ խնդիր չեն ունեցել Ռուսաստանում, ասում է արտահանմամբ զբաղվող հայաստանյան ամենախոշոր ընկերություններից մեկի՝ «Սպայկա»-ի նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը։

«Հայերը, ովքեր «Ֆուդ Սիթի» են տանում ապրանքը, իրենց համար, ուղղակի, հարմար հարթակ է, որովհետև այնտեղ շատ հեշտ է, մտնում ես, մեքենային մոտենում են առևտրականներ, 99 տոկոսը ադրբեջանցիներ և առնում են այդ ապրանքը: Այսինքն հայերն ամենահեշտ ճանապարհով էին փորձում իրացնել իրենց ապրանքը, առանց իրենց նեղություն տալու՝ կոպիտ ասած», - նշեց Կարեն Բաղդասարյանը:

Նրա պնդմամբ՝ հայերն այլևս այդ շուկայում առևտուր չպետք է անեն. «Պետք է ընդամենը գտնել այն կազմակերպությունները, ովքեր հայերի հետ պատրաստ են շարունակել աշխատել, ավելի վստահելի գործընկերների գտնել, որոնք հազարավոր են Ռուսաստանում»:

«Սպայկա»-ի ներկայացուցչի կարծիքով անհրաժեշտ է աշխատել սուպերմարկետների հետ, հանրախանութներում նման միջադեպեր չեն լինի՝ վստահեցնելով՝ Հայկական գյուղմթերքից, մասնավորապես, ծիրանից հրաժարվելով ադրբեջանցիներն ավելի կտուժեն, որովհետև հայերից էժան գնում են, հետո թանկ վաճառում նույն սուպերմարկետներին:

«Պետք է արագ հրաժարվել ադրբեջանցիներին հայկական ապրանքի միջոցով փող աշխատելու հնարավորություն տալուց», - ասաց Բաղդասարյանը:

«Սպիննակեր Գրուպ» ընկերության ղեկավար Նորայր Գևորգյանն էլ պնդում է՝ Հայաստանցի ֆերմերները չպիտի գնան հասնեն Ռուսաստան ու բերքը շուկայում իրացնեն, սա, ըստ գործարարի, 21-րդ դարին հարիր չէ:

«Պետք է լինի այսպես՝ ֆերմերը վերավաճառում է ինչ-որ մի ընկերության, որ իրավաբանորեն ավելի է պաշտպանված, ինքն է որոշում՝ շուկայում վաճառի, թե ցանցին տա: Ցանցերի դեպքում, ես համոզված եմ, այդպիսի խնդիր չէր լինելու», - ընդգծեց Գևորգյանը:

Գործարարն ասում է՝ Հայաստանում փոքր ֆերմերները շատ են, ովքեր ինքնուրույն են որոշում՝ որտեղ ու ինչպես իրացնել բերքը, նրանք չեն միավորվում ինչն էլ հանգեցնում է այսպիսի խնդիրների։

XS
SM
MD
LG