Մատչելիության հղումներ

Չնայած խոչընդոտներին Մոսկվայում հայկական բեռնատարներում մնացած գրեթե ամբողջ միրգը վաճառվել է


Քոչարի Մոսկվայի շուկաներում. Հայաստանից արտահանված ծիրան գնելու մեծ հերթերին փոխարինեց կերուխումը, հետո քեֆն ու ուրախությունը: Հերթերի մեջ անգամ նշանադրություն եղավ, նշանի մատանին էլ` ծիրանի մեջ։ Այսպես մոսկվայաբնակ հայերը պատասխանեցին ադրբեջանական ծագմամբ գործարարներ Գոդ Նիսանովին և Իլհամ Ռահիմովին, որոնց պատկանող Մոսկվայի խոշոր Food city շուկայում երեկ արգելվել էր հայկական ծիրանի մուտքը։

Չնայած Տավուշում ընթացող ռազմական գործողություններին զուգահեռ գյուղմթերք արտահանող հայերի համար ստեղծված խոչընդոտներին, այսօր Մոսկվայում գտնվող հայկական բեռնատարներում մնացած գրեթե ամբողջ միրգը վաճառվել է. - «Այ կոնյակնա պակասում էստեղ, կոնյակն էլ զապրետ անեին, բերեին ստեղ միանգամից», - կատակում էին նրանք:

Հերթերն այնքան մեծ ու բազմամարդ էին, որ ծիրանին սպասող հայ աղջիկներից մեկը կես կատակ կես լուրջ ասաց՝ հիմա կռիվ կսկվի. - «Հա բայց դուք պատկերացնում ենք` մենք սաղ մի 2 ժամ ստեղ կանգնած ենք, թազա մարդիկ են եկել, ստեղ հաստատ կռիվ կսկսվի...»:

Կեսօրից հետո Հայաստանի էկոնոմիկայի նախարությունը Ռուսաստանում Հայաստանի դեսպանության հետ համատեղ հայտարարեց՝ 2 այլընտրանքային լուծում է տրվել խնդրին, հայկական գյուղմթերքով բեռնված մեքենաներին առաջարկելով տեղափոխվել Шёлковый Путь առևտրի կենտրոն, որը Food city-ից 10 կիլոմետր է հեռու, կամ էլ Бухта մեծածախ առևտրի կենտրոն. այս կետն առաջարկում է «Տաշիր» ընկերությունների խումբը, ասյտեղ հայերը կարող են անվճար կայանել։

Սանկտ Պետերբուրգում էլ հայկական գյուղմթերքի վաճառքի համար անվճար տեղեր որոշեց հատկացնել «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Լեո Մոլլ» առևտրի կենտրոնը։

Ադրբեջանցի միլիարդատերերին պատկանող Food city շուկայից հայ առևտրականներից զատ, դուրս են հրավիրվել նաև բանակցությունների եկած Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչները։

Հայաստանի խորհրդարանական ուժերը ահազանգում են ադրբեջանցիներին պատկանող շուկայում տեղի ունեցածի մասին և հրավիրում իրավապահների ուշադրությունը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, հղում անելով Ռուսաստանի սահմանադրությանը և քրեական օրենսգրքի խտրականությունների մասին հոդվածներին, պնդում է՝ շուկայի սեփականտերերի գործողությունները հակասում են ՌԴ օրենսդրությանը:

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ ֆեյսուքյան իր էջում գրել է. «Սա անհետևանք չպետք է մնա»: Տեղեկացրել, որ Տնտեսական մրցակցության հանձնաժողովը Ռուսաստանի գործընկեր կառույցի հետ հետամուտ կլինի կատարվածին. «Եվ եթե պաշտոնապես հիմնավորվի, որ ազգային խտրականության հողի վրա ակնհայտ հակամրցակցային վարքագիծ է ցուցաբերվել, ապա դրան պետք է հետևեն համապատասխան քայլեր»,- գրել է Թունյանը։

«Ազատությունը» զրուցեց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանի հետ։ Նրա փոխանցմամբ` միության նախագահ Արա Աբրահամյանը այս խնդրով հանդիպել և բանակցել է ՌԴ նախագահ Պուտինի աշխատակազմի, ազգությունների գործերի դաշնային գործակալության ներկայացուցիչների հետ։ «Բանակցությունների արդյունքում հավաստիացումներ եղան, որ մեր հայրենակիցների անվտանգությանը ոչինչ չի սպառնում: Հիմա մենք կատարվածին քաղաքական գնահատական տալու ուղղությամբ ենք աշխատում, երբ ՌԴ տարածքում գործում են ոչ թե այդ երկրի օրենքները, այլ Բաքվից հրահանգված բարքերը»:

Ղուկասյանը հիշեցնում է՝ Մոսկվայում ադրբեջանցիները հակահայկական ցույց են անցկացրել, Ադրբեջանի դեսպանն էլ օրեր առաջ հայտարարել է, թե հնարավոր է լայնածավալ պատերազմ սկսվի: Միության փոխնախագահն ընդգծում է՝ այս ամենն ամբողջացնելով` երևում է, որ Բաքուն Ռուսաստանին թելադրում է, թե ինչպես պիտի հայերն ապրեն այս երկրում. - «Վաղը կսկսեն թելադրել, թե ինչպես պիտի ապրեն ռուսները, ուկրաինացիները, բելառուսները»:

Ղուկասյանի խոսքով` Մոսկվայի այլ շուկաներում այս պահին նմանատիպ խնդիր չկա. - «Այլ ռեգիոններից կան ահազանգեր, բայց առայժմ մենք ճշտում ենք»: Միությունը ռուսաստանաբնակ հայերին հորդորում է սադրանքներին չտրվել, խնդիրը միասնաբար կարգավորել։

XS
SM
MD
LG