Բելառուսում ընդդիմությունը համազգային գործադուլ է հայտարարել. ընդդիմադիր թեկնածուն Լիտվայում է

Բելառուսում ընդդիմությունը համազգային գործադուլ է հայտարարել, երեկոյան էլ պատրաստվում է վերստին բողոքի ցույց անցկացնել կիրակի տեղի ունեցած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ, որոնց համաձայն ավելի քան 25 տարի երկիրն առաջնորդող Ալեքսանդր Լուկաշենկոն հերթական հաղթանակն է տարել՝ ձայների 80 տոկոսով։

Երկրորդ օրն է՝ երկրով մեկ բողոքի ցույցերը չեն դադարում, երեկ ոստիկանությունը հաստատեց, որ ցուցարարներից մեկը զոհվել է՝ իրավապահների հետ բախումների ժամանակ, կան հազարավոր ձերբակալվածներ։

Այսօր առավոտյան Լիտվայի արտգոծնախարարը հաղորդեց, որ Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան հեռացել է Մինսկից և այժմ գտնվում է Վիլնյուսում: Ըստ Լինաս Լինկևիչուսի, մինչ այդ Բելառուսի իշխանությունները ձերբակալել են նրան և յոթ ժամ պահել անազատության մեջ՝ առանց որևէ հիմնավորման։

Ավելի ուշ տեսաուղերձ է տարածել նաև ինքը՝ նախագահի ընդդիմադիր թեկնածուն, դողացող ձայնով պնդելով, որ մարդկային կյանքը վեր է ամեն ինչից։ Տիխանովսկայայի վստահված անձանցից մեկն էլ ասել է՝ «այժմ մենք երկու խնդիր ունենք՝ պաշտպանել մեր ընտրությունը և դադարեցնել արյունահեղությունը, իրավիճակը ճգնաժամային է, և որքան էլ բարդ է, պետք է հրաժարվել բռնությունից և պաշտպանել մեր հաղթանակը օրինական, ոչ բռնի միջոցներով»։

Ըստ որոշ աղբյուրների, այսօր Մինսկում անվտանգության խորհրդի նիստ է նախատեսված։ Մինչ այդ իրավապահները հերթական նախազգուշացումն են տվել ցուցարարներին: Նրանք, որ ապօրինի քայլերի կդիմեն, կկանչվեն քրեական պատասխանատվության, հայտարարել է Քննչական կոմիտեն։

Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը խորը մտահոգություն են հայտնել՝ կոչ անելով Բելառուսի իշխանություններին հարգել հիմնարար ազատություններն ու իրավունքները, և զերծ մնալ ուժի գործադրումից։ Պետքարտուղար Մայք Փոմփեոն առանձին հայտարարություն է տարածել՝ հորդորելով կառավարությանը հարգել խաղաղ հավաքների մասնակցելու՝ սեփական քաղաքացիների իրավունքն ու ազատ արձակել ձերբակալվածներին: