Covid-19-ի վարակի պիկին օրը շտապօգնության մոտ 60 մեքենա էր մոտենում հիվանդանոցին, այժմ՝ ամենաշատը 30, ասում է կորոնավարակակիրներին սպասարկող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը. բուժհաստատությունում վերջապես շունչ են քաշում:
«Մոտավորապես մեկ երրորդով, կարող ենք ասել, տեսակարար կշիռը հիվանդների նվազել է՝ թե՛ ծանր հիվանդների, թե՛ ընդհանուր ստացիոնար բուժման ընդունված հիվանդների թվաքանակը», - ասաց Մանուկյանը:
Վերջին մեկ օրում կորոնավիրուսի 200 նոր դեպք է գրանցվել, իսկ առողջացածները 387 հոգի են։ Այս պահին բուժում են ստանում 6 հազար 777 հոգի: Covid-19-ի հետևանքով Հայաստանում արդեն 785 մարդ է մահացել, վերջին մեկ օրում՝ 8 հոգի, այս թվում՝ 51-ամյա կին, առանց որևէ ուղեկցող հիվանդության։ Պետրոս Մանուկյանի դիտարկմամբ՝ հիվանդանոց ընդունվողների մեջ գերակշռում են թոքաբորբով հիվանդները, բայց նվազել են ծանր դեպքերը: 80 տեղանոց վերակենդանացման բաժինը, որ հունիս-հուլիսին գերբեռնված էր, այժմ 22 ազատ մահճակալ ունի:
«Պիկը հաղթահարեցինք, բայց վարակը դեռ շարունակվում է, բացառված չի, որ մենք հետագայում ունենանք որոշակի աճ, նվազում պարբերաբար», - նշեց բուժկենտրոնի փոխտնօրենը:
Առաջիկայում վարակի թվերը էլ ավելի կնվազեն, օգոստոսի վերջին կարող ենք ունենալ օրական 70-80 նոր դեպք, ասում է վիճակագրագետ, Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը: Կարևորն, ասում է, մահվան թվերն են արդեն կրկնակի նվազել:
«Մենք պետք է նույն մահերի թիվը հաշվենք միջին շաբաթական և գումարած Covid-ով և Covid-ից, ասեմ ինչո՞ւ, որովհետև Covid-ով, բայց ոչ Covid-ից մահացածները մահանում են այն պատճառներից, որը իրենք ունեին, բայց եթե իրենք Covid-ով չվարակվեին, իրենք ևս կապրեին, այսինքն` Covid-ը նաև հանդիսացել է նրանց մահվան պատճառ: Այսպիսով, եթե միջին շաբաթական հաշվենք, ապա պիկի հետ համեմատած, որը եղել է հուլիսի սկզբում արդեն մոտավորապես երկուսից մի քիչ ավելի անգամ նվազել է մահացության աստիճանը», - ասաց վիճակագրագետը:
Հրանտ Միքայելյանը դժվարացավ կանխատեսել՝ երկրորդ բռնկում հնարավոր է թե ոչ, ավելի վաղ նա չէր բացառել վարակի պիկ նոյեմբերից՝ եթե սեպտեմբերից բացվեն կրթական հաստատությունները, փակվեն պատուհաններն ու եղանակն էլ ցրտի:
«Տեսականորեն մինչև նոյեմբեր կարող ենք դեղ ունենալ, կարող ենք տեսականորեն ակնկալել, որ ամբողջությամբ կանգնի վարակի տարածումը, սա քիչ հավանական է, բայց ամեն դեպքում որոշ հավանականություն կա», - նշեց Միքայելյանը:
Իրավիճակի մեղմմանը զուգահեռ փոխվել է նաև մարդկանց մեկուսացման ցուցանիշը։ «Յանդեքսը» ինքնամեկուսացման ինդեքս է ներկայացնում, որով պարզ է դառնում՝ թե մարդիկ որքան հաճախ են տնից դուրս գալիս՝ ամենօրյա կտրվածքով. «Եթե առաջ թեստավորում էին 38,5 աստիճան ունենալու դեպքում, ապա հիմա՝ 37,5: Նույնիսկ այս մեթոդաբանության փոփոխության դեպքում չի փոխվում գրանցված դեպքերի թիվը: Այսպիսով, իսկապես էապես նվազել է վարակի տարածումը, սա մեկ, երկրորդը՝ կշիռը այն դեպքերի, որ բացահայտվում են թեստերից, ևս նվազում է, այսինքն դա էլ է վկայում վարակի տարածման նվազման մասին: Բացի այդ, ևս մի կարևոր բան՝ մարդիկ ուղղակի հոգնում են այս վարակից, կարանտինից, ամեն ինչից և չեն ուզում վատի մասին մտածել»:
Հրանտ Միքայլեյանը կարծում է՝ եթե արտակարգ դրության պայմանները մեղմվեն ու նույնիսկ բացվեն սահմանները՝ աղետ չի լինի, եթե լինի հսկողություն:
«Միլանի հետ էնպես ստացվեց, որ էն ժամանակ բացվեց թռիչք, որտեղ էպիկենտրոն էր այս համավարակի: Այս պահի դրությամբ էպիկենտրոնները Եվրոպայում, օրինակ, չկան, էպիկենտրոններից կարելի է ասել՝ Պերու, Բրազիլիա, Ամերիկայի Ֆլորիդա նահանգը, մի քանի էպիկենտրոն կա աշխարհում, բայց արդեն Եվրոպայում չկան այդ էպիկենտրոնները: Այսինքն ստեղ պետք է ավելի զգույշ մոտենալ, թե որ երկրների հետ բացել, բայց բացել սահմաններն արդեն կարելի է», - ասաց վիճակագրագետը:
Covid-19-ի ժողովրդագրական, վիճակագրական պատկերն ուսումնասիրող գիտնականն այժմ խորացել է դեպի հետ՝ միջին դարեր և ուսումնասիրում է թե կորոնավիրուսն ինչ ազդեցություն կունենար այդ ժամանակ՝ ժողովրդագրական ու տնտեսական առումով. «Շատ հաճախ քննարկվում է՝ Covid-ը լուրջ համավարակ է, թե ոչ, և համավարակ ասելով շատ հաճախ համեմատվում է միջնադարյան համավարակների հետ, որովհետև այդ ժամանակ դա շատ ավելի հաճախ էր տեղի ունենում»:
Գիտական եզրահանգումը՝ Covid-19-ը լուրջ մարտահրավեր է այսօր ողջ աշխարհի համար, բայց չէր նկատվի միջին դարերում: