«Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Հանրապետականի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը, որ հետախուզվում էր 2018-ի հոկտեմբերից, երեկ ուշ երեկոյան Ռուսաստանից արտահանձնվել է Հայաստան։
Սարգսյանն այժմ ձերբակալված է, «Ազատության» հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Երեկ երեկոյան նա տեղափոխվել է Հայաստան, այդ գործընթացն իրականացվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, Ռուսաստանի Դաշնության դատախազության համագործակցության արդյունքում: Մեծ օժանդակություն է ցուցաբերվել մեր Արտաքին գործերի նախարարության կողմից, պայմանավորված սահմանների փակ լինելու հետ և կարանտինային վիճակի հետ նաև պարետատան օժանդակությունն է անհրաժեշտ եղել, և մեր ոստիկանության օպերատիվ աշխատակիցները կարողացան գնալ և տեղափոխել նրան Հայաստան», - նշեց Աբրահամյանը:
Լևոն Սարգսյանը 2018-ի հեղափոխությունից հետո Հայաստանի իրավապահների կողմից որոնվող ու Ռուսաստանում թաքնվող առաջին նախկին պաշտոնյան է, որին այդ երկրի իշխանությունները արտահանձնեցին։ Ռուսաստանում են գտնվում նաև հեղափոխությունից հետո մեղադրյալի կարգավիճակ ունեցող նախկին պաշտոնյաները՝ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ՀՀԿ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը։
«Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի Լևոն Սարգսյանը մեղադրվում է դեռ 12 տարի առաջ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար: Խոսքը 2008-ին Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման մասին է: Հեղափոխությունից հետո Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, որ հարձակման իրական պատվիրատուն Լևոն Սարգսյանն է:
Ռուսաստանի գլխավոր դատախազությունը Հայաստանի դատախազության ուղարկած միջնորդությունը՝ Լևոն Սարգսյանին Հայաստանի իրավապահներին հանձնելու մասին բավարարել էր մարտին:
Նախկին իշխող Հանրապետականի պատգամավորը անցած տարվա նոյեմբերին նա հայտնաբերվել և ձերբակալվել էր Ռուսաստանում՝ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում, ապա՝ կալանավորվել։ Գլխավոր դատախազի խորհրդականն ասաց՝ նախաքննական մարմինն այժմ պատրաստվում է ձերբակալված Սարգսյանին կալանավորելու համար դիմել դատարան։
«Այս պահի դրությամբ նախապատրաստվում են համապատասխան դատավարական անհրաժեշտ գործողություններն իրականացնելու, մասնավորապես, կապված նրան մեղադրանքի առաջադրման հետ և նաև դրանից հետո արդեն կալանավորումը որպես խափանման միջոց վերահաստատելու», - նշեց Գոռ Աբրահամյանը:
Ըստ ընթացակարգի, Լևոն Սարգսյանը Ռուսաստանում կարող էր բողոքարկել այդ երկրի որոշումը՝ իրեն Հայաստան արտահանձնելու մասին։ Գոռ Աբրահամյանը չի բացառում, որ բողոքարկում եղել է, բայց, ըստ ամենայնի, Ռուսաստանի դատարանը մերժել է նրան։
«Չեմ կարող վստահաբար ասել իրացրել է այդ իրավունքները, թե ոչ, բայց հաշվի առնելով, որ մեր միջնորդությունը բավարարելուց հետո բավականին տևական ժամանակ անցավ, ենթադրում եմ, որ, այո, նա օգտվել է իր այդ որոշումը իր վերաբերյալ բողոքարկելու իրավունքից, իրացրել է այդ հնարավորությունը, և այնուամենայնիվ Ռուսաստանի Դաշնության դատախազության կայացրած որոշումն ուժի մեջ է մտել, ինչի հիման վրա իրականացվել է այս գործընթացը», - ընդգծեց նա:
Լևոն Սարգսյանի փաստաբան Աշոտ Սարգսյանը հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին, մասնավորապես՝ ընդունո՞ւմ է արդյոք Սարգսյանը մեղադրանքը, թե՞ ոչ։