Մատչելիության հղումներ

Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկը» կալանավորվել է


Լևոն Սարգսյան, մայիս, 2007թ․
Լևոն Սարգսյան, մայիս, 2007թ․

Ռուսաստանի դատարանը բավարարել է «Ալրաղացի Լյովիկ» մականունով Հանրապետականի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին 40 օրով կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը՝ այս ընթացքում Սարգսյանին Հայաստան հանձնելու հարցը քննարկելու շրջանակում: Այս մասին այսօր Ֆեյսբուքում գրում է Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Աբրահամյանը հայտնում է նաև, որ Հայաստանի գլխավոր դատախազությունն անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթով օպերատիվ կերպով ուղարկել է հետախուզման մեջ գտվող, Ռուսաստանում հայտնաբերված և ձերբակալված Լևոն Սարգսյանի հանձնման միջնորդությունը:

Սարգսյանը հետախուզվում էր անցած տարվա հոկտեմբերից: Նա մեղադրվում է դեռ 11 տարի առաջ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու մեջ: Խոսքը 2008-ին Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման մասին է: Հեղափոխությունից հետո Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, որ հարձակման իրական պատվիրատուն Լևոն Սարգսյանն է:

Մարտի 1-ի գործով տուժողի փաստաբան Սեդա Սաֆարյանը բազմիցս հայտարարել է, որ Լևոն Սարգսյանն ակտիվ դերակատարում է ունեցել 2008 թվականի արյունալի իրադարձություններում և պետք է առնվազն հարցաքննվի այդ գործով:

XS
SM
MD
LG