Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկը» տեղափոխվել է Հայաստան

«Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Հանրապետականի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը տեղափոխվել է Հայաստան, հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության համագործակցության արդյուքնում և ՀՀ արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ ՀՀ ոստիկանության օպերատիվ աշխատակիցների խումբը 06.08.2020թ. ՀՀ է տեղափոխել ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Լևոն Հրաչյայի Սարգսյանին», - Ֆեյսբուքում գրել է Աբրահամյանը:

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը Հայաստանի դատախազության իրենց ուղարկած միջնորդությունը՝ Լևոն Սարգսյանին ՀՀ իրավասու մրամիններին հանձնելու մասին բավարարել էր մարտին:

Նախկին իշխող Հանրապետականի պատգամավոր Լևոն Սարգսյանը հետախուզվում էր 2018 թվականի հոկտեմբերից, անցած տարվա նոյեմբերին նա հայտնաբերվել և ձերբակալվել է Ռուսաստանում՝ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում, ապա՝ կալանավորվել։

«Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Սարգսյանը մեղադրվում է դեռ 12 տարի առաջ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու մեջ: Խոսքը 2008-ին Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման մասին է: Հեղափոխությունից հետո Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, որ հարձակման իրական պատվիրատուն Լևոն Սարգսյանն է: