Ամուլսարի շուրջ իրավիճակը չի հանդարտվում

Երրորդ օրն է ակտիվիստները հավաքվում են Ամուլսարի երեք դիմադրական կետերից մեկի հարևանությամբ: Այսօր, չնայած բողոքի ակցիան նախատեսված, որ կմեկնարկի ժամը 17-ին, ակցիայի մասնակիցները դեռ նոր-նոր են հավաքվում:

Ճանապարհի եզրին կայանված են մեքենաներ, որոնց մի մասը ոստիականական են, մյուս մասը` քաղաքացիներինն են:

Տեղում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվում: Մեր տեսախցիկն արձանագրեց, որ երկու մեծ ավտոբուսներով ոստիկանական ուժեր բերվեցին տարածք:

Հիշեցնեմ, որ այս հենակետում և մյուս հենակետերում հսկողություն էին իրականացնում բնապահպան ակտիվիստները և շրջակա համայնքների բնակիչները:

«Ազատությունը» զրուցել է «Լիդիան Արմենիայի» իրավաբանական գծով ղեկավար Խորեն Նասիբյանի հետ: Նա հայտարարեց, թե «Լիդիանը» հենց վաղը կարող է սկսել աշխատանքները Ամուլսարում. – «Ունենք էն, որ «Լիդիան Արմենիայի» գործունեությունը որևէ ձևով սահմանափակված չէ, «Լիդիան Արմենիան» կարող է հենց վաղը որոշել, որ սկսում է շինարարական աշխատանքները: Էնտեղ ունենք պահնորդական ծառայություն, ունենք գույքագրող հանձնաժողով: Մաքրման աշխատանքներ են էնտեղ ժամանակ առ ժամանակ իրականացվում, քանի որ էսքան ժամանակ մուտքը չի ապահովվել ոստիկանության կողմից: Էս պահին նոր պահնորդական ընկերության շնորհիվ նաև մուտքը առկա է: Ճիշտ է որոշակի սահմանափակումներ դեռևս պահպանվում են, ինչի հետ կապված կա թե' դատական գործ, թե' կան մի շարք հարուցված քրեական գործեր: Ամեն դեպքում «Լիդիան Արմենիան» փորձում է էս պահին Ամուլսարի տարածքում կանոնակարգել»:

Հենց այս տարածքում երեկ լարված վիճակ էր. Ակտիվիստները փակել էին ճանապարհը, իսկ ոստիկանները պահանջում էին բացել այն: Ի վերջո ոստիկանները մի քանի ակտիվիստների բերման ենթարկեցին:

Իսկ այն քաղաքացիները, որոնք չեն կարողանում գալ Ամուլսար, բողոքի ակցիաներ են կազմակերպում մայրաքաղաքում: Այսօր Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է իրականացվել, ոստիկանությունը հայտնում է բերման ենթարկվածների մասին: