Անհրաժեշտ է հետազոտության միջոցով պարզել՝ կա՞ երկրում ձևավորված կորոնավիրուսի իմունային պատնեշ, թե ոչ. բժիշկ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ևս 291-ով, իսկ կատարված թեստերի թիվը 1920 է։ Երեկ կորոնավիրուսից մահացել է ևս 11 մարդ. նրանք եղել են 41-83 տարեկան։

Միևնույն ժամանակ մեծ է նաև մեկ օրում բուժվածների թիվը՝ 560, բացի այդ, վերջին մեկ շաբաթվա ընթացքում հաստատված դեպքերի թիվը որևէ օր չի գերազանցել 400-ը։

Բժիշկ Մարի Դարակչյան, արխիվ

«Մենք այդ պիկային շրջանը կարծես թե հաղթահարել ենք, գոնե այս ալիքի համար հաղթահարել ենք այդ պիկային շրջանը, և շատ ավելի կարևոր ցուցանիշ պետք է նշել, որ ամեն օրվա ընթացքում լավացածների թիվը կարծես թե երկու անգամ ավելի շատ է, քան նոր հիվանդացածների թիվը, ինչը բերում է ակտիվ հիվանդների քանակի նվազեցման», - ասաց բժիշկ Մարի Դարակչյանը:

Սակայն եթե անգամ թվերը շարունակեն նվազել, սա վերջնական հաղթանակ դեռ չի կարելի համարել, ասում է բժիշկը՝ հիշեցնելով, որ այս պահին հայտնի չէ՝ թվերը նվազում են կարանտինային կանոնների պահպանմա՞ն շնորհիվ, թե՞ երկրում արդեն ձևավորվել է վիրուսի իմունային պատնեշ։

«Մյուս կողմից նաև կա իրական հիվանդացածների թիվ հասկացողությունը, այսինքն՝ որքա՞ն է եղել իրականում հիվանդացածների թիվը, եթե այդ թիվը եղել է այնքան բարձր, որ իրոք մենք հասցրել ենք ձևավորել այդ իմունային պատնեշը, ապա այս դեպքում երկրորդ ալիքի հնարավորություն գոնե մեր երկրի համար ավելի քիչ կլինի, իսկ եթե իրականում թվերը նրանք են կամ մոտավորապես նրանք են, որոնք որ հայտնաբերվել են թեստավորման միջոցով, ապա իհարկե, դժվար է խոսել իմունային պատնեշի մասին», - նշեց Դարակչյանը:

Բժշկի խոսքով՝ Հայաստանում կորոնավիրուսի հակամարմինների ծավալուն հետազոտության շնորհիվ հնարավոր է պարզել՝ երկրում չկա՞, թե՞ կա ձևավորված իմունային պատնեշ, երբ բնակիչների զգալի մասն արդեն վարակված ու բուժված է լինում, ինչի շնորհիվ ձեռք է բերում վիրուսի հակամարմին։

«Նույն դպրոցների բացումը, նույն տարատեսակ ուսումնական հաստատությունների բացումը պիտի, ենթադրում եմ, հիմնված լինի, որի մասին էլի շատ են շահարկում, որ կարող է իջնել, կարող է դեպի զրոյանալ, ասիմպտոմ ձևերի մոտ կարող է քիչ լինել, բայց գոնե դեռևս մենք այն մեկ-երկու ամիսների ընթացքում ենք, որտեղ հնարավորություն կա հայտնաբերել և այնուհետև մաթեմատիկական մոդելի միջոցով հասկանալ, թե ընդհանուր պոպուլյացիայում այդ թիվն ինչքան է կազմում», - նշեց բժիշկը:

Մինչև նման հետազոտության անցկացումը, Դարակչյանը հիշեցնում է՝ եթե, այնուամենայնիվ, այս ամիսների ընթացքում Հայաստանում դեռևս չի ձևավորվել կորոնավիրուսի կոլեկտիվ իմունիտետ, ապա չի բացառվում, որ կարանտինային կանոնները կրճատելու, փակ տարածքներում մարդկանց կուտակումները թույլատրելու դեպքում երկրում կարող է սկսվել վարակի տարածման նոր ալիք։

«Ուզում եմ հավատալ, որ այս իջեցումը պայմանավորված է իմունային պատնեշի ձևավորմամբ, որը որ լավագույն լուծումը կլինի մեզ համար: Բայց եթե իրականում թվերը նրանք են կամ մոտավորապես նրանք են, որոնք որ հայտնաբերվել են թեստավորման միջոցով, ապա, իհարկե, միջոցների թուլացմանը զուգահեռ կարող է նոր դեպքերի թվի ավելացում դիտվել», - ասաց նա:

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյան, արխիվ

Թվերի նվազմանը զուգահեռ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով հանվել կամ վերանայվել են որոշ սահմանափակումներ։ Ուժը կորցրած է ճանաչվել այն պահանջը, որով ժամը 10։00-12։00-ը խանութները սպասարկում էին միայն կենսաթոշակային տարիքի անձանց։

«Հաշվի ենք առել կորոնավիրուսի թուլացման նշանները, ինչի արդյունքում էլ որոշել ենք, որ մի փոքր կարելի է թուլացնել գործող սահմանափակումները: Այնուհանդերձ, կորոնավիրուսի դեմ պայքարում դրական տեմպին հաջողվել է հասնել շնորհիվ դիմակների կրման, սոցիալական հեռավորության պահպանման և հաճախակի ախտահանումների, ուստի նշված կանոնները դեռ շարունակելու են գործել», - ասաց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

Պարետատունը մտցրել է մեկ այլ պահանջ. սննդի վայրերում յուրաքանչյուր նոր հաճախորդի սպասարկելուց առաջ մատուցողները հաճախորդի ներկայությամբ պետք է իրականացնեն սեղանի մակերեսի ախտահանում: Պարետատունը նաև վերացրել է ռեստորաններին վերաբերող մեկ այլ պահանջ՝ դուրս է եկել այն կետը, որով հանրային սննդի վայրերում սրբիչներն ամեն օր պետք է լվացվեին մասնագիտացված լվացքատներում։

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի խոսքով՝ ռեստորանների ու սրճարանների մեծ մասը հետևում են հակահամաճարակային կանոններին։