Բնակարանի գնման վկայագրեր կտրամադրվեն մանկատան ևս 24 շրջանավարտների

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան, արխիվ

Կառավարությունն այսօր լրացումներ կատարեց «Մանկատան շրջանավարտներին բնակարանի ապահովում» միջոցառման իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորող որոշման մեջ: Սահմանված կարգով բնակարանի գնման վկայագրեր (ԲԳՎ) են տրամադրվում 1991 թվականից առ 2019-ը ներառյալ երկրի պետական մանկատներից 18 տարեկանը լրանալու կապակցությամբ դուրս գրված Հայաստանի քաղաքացի հանդիսացող այն շրջանավարտներին, որոնք չունեն սեփականության իրավունքով բնակտարածություն և բնակտարածություն չեն օտարել դիմելու պահին նախորդած հինգ տարիների ընթացքում: Նախնական գնահատումով՝ նման շրջանավարտների թվաքանակը կազմել է շուրջ 300:

Արդեն իսկ 133 շրջանավարտների համար որոշումը կայացված է, նրանք ստացել են ԲԳՎ-ները, ընդ որում՝ շուրջ հինգ տասնյակն արդեն ձեռք են բերել բնակարաններ: Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում նախարարությունում գործող համապատասխան հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվելու ևս 22 շրջանավարտներին ԲԳՎ տրամադրելու հարցը, փոխանցում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ ավելի քան 130 դիմողների մերժվել է ԲԳՎ-ի տրամադրումը՝ տարբեր պատճառներով: «Մեզ դիմած քաղաքացիների շրջանում այս պահին ունենք 130 մերժում, որովհետև քաղաքացիները չեն համապատասխանում չափանիշներին։ Այն է՝ պետք է 18 տարին լրանալուն պես դուրս գրվի մանկատնից, ՀՀ քաղաքացի հանդիսանա, սեփականության վկայական չունենա և վերջին հինգ տարվա ընթացքում օտարած չլինի բնակարան։ Քննելով այս գործերը՝ մենք կառավարության անդամներին առաջարկեցինք քննարկել 24 անձանց բացառության սկզբունքով բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու հարցը», - նշեց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ մանկատան սաների առաջ պետության ունեցած ամենամեծ պարատավորությունը պետք է լինի կրթական պարտավորությունը։ «Պարզ է, որ մենք հիմա այլ խնդիր ենք լուծում, բայց ես կրկին ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա: Մանկատան սաները պետք է ստանան այնպիսի կրթություն, որ հետագա կյանքում ապահովվի նրանց սեփական բարեկեցությունն աշխատանքով կառուցելու հնարավորությունը, և մարդիկ փակուղու մեջ չհայտնվեն։ Ցավոք, մենք շատ հաճախ ենք այդպիսի դեպքեր տեսնում, երբ մարդիկ մանկատունն ավարտելուց հետո հայտնվում են կյանքի փակուղում։ Ես ակնկալում եմ, որ մենք կունենանք բոլորովին նոր ուշադրություն մանկատան սաների կրթական հարցերի լուծման ոլորտում», - ասաց Փաշինյանը։