Կոտայքի այլևս նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվելու է շրջակա միջավայրի նախարար. այսօր Կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ առաջարկելով պաշտոնից ազատել Կոտայքի մարզպետին։
40-ամյա Ռոմանոս Պետրոսյանը 2013 թվականի «Քաղաքացիական պայմանագրի» անդամ է, 2015-ից` կուսակցության վարչության անդամ, և թավշյա հեղափոխությունից շատ չանցած՝ 2018-ի հունիսի 1-ին նշանակվեց Կոտայքի մարզպետ։
«Մինչ, պարոն Պապիկյան, Ձեզ ձայն տալը, հարգելի գործընկերներ, ես որոշում եմ կայացրել Ռոմանոս Պետրոսյանին նշանակել Շրջակա միջավայրի նախարար, և այս որոշումը Կոտայքի մարզպետի պաշտոնից [ազատել] պարոն Պետրոսյանին, ընդունվում է այդ հանգամանքի բերումով: Այսօր համապատասխան միջնորդագիրը ես կստորագրեմ և կուղարկեմ Հանրապետության նախագահին, որը ստորագրվելուց հետո պարոն Պետրոսյանը կստանձնի Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները, պաշտոնը: Մինչ այդ, պարոն Ջիլավյան, ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այս ընթացքում Ձեր կատարած աշխատանքի համար, որպես նախարարի պարտականությունները կատարողի: Շնորհակալ եմ», - ասաց վարչապետը` ձայն տալով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին:
«Մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության սահմանադրության 160-րդ հոդվածի երկրորդ մասով` առաջարկվում է Ռոմանոս Պետրոսյանի ազատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից», - հայտնեց Պապիկյանը:
Շրջակա միջավայրի նախարարի աթոռը թափուր էր այս տարվա մայիսի 5-ից, երբ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Էրիկ Գրիգորյանը ազատվեց նախարարի պաշատոնից։ Գրիգորյանը շրջակա միջավայրի նախարար էր նշանակվել անցած տարվա հունիսի 1-ին, մինչ այդ էլ՝ 2018 թվականի մայիսի 12-ից զբաղեցնում էր Բնապահպանության նախարարի պաշտոնը: Էրիկ Գրիգորյանը հեռացավ իր դիմումի համաձայն։
Այսօր «Ազատության» հետ զրույցում Ռոմանոս Պետրոսանը, ով, ի դեպ, 2003 թվականին ավարտել է ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետը՝ «Օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզում և գնահատում» մասնագիտությամբ, ասաց, թե նախարարի պաշտոն զգաղեցնելու առաջարկ իրեն վարչապետն է արել։
Պետրոսյանին հիշեցրեցինք ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների մասին՝ Սևանի կանաչումից, մինչև պոչամբարներ և Ամուլսարի հարց։
«Անելիք, անշուշտ, կա», - արձագանքեց նա, - «և ձեզ ավելին ասեմ. շատ դեպքերում մեր խնդիրները գոյացել են պարզապես օրենքի դաշտից դուրս գործելու հետևանքով: Եվ մի կողմից տնտեսվարողների այդ վարքագծով պայմանավորված, մյուս կողմից էլ` վերահսկող գերատեսչությունների չասեմ անգործության, բայց որոշակի դրվագներում նաև ցուցաբերած անփութության կամ անհետևողականության արդյունքում: Հանքարդյունաբերական մի շարք ձեռնարկություններ այսօր պոչամբարներն ու լքված լցակույտերն ու կիսաշահագործած հանքավայրերը թողնում են տարածաշրջանում` հեռանալով այլ տարածաշրջաններ կամ այլ գործունեության, բնականաբար իրենց հետևեից այդ հետևանքները վերականգնելու, բնությանը պատճառված վնասը վերականգնելու [համար] խիստ նորմատիվային քաղաքականություն է պետք իրականացնել»:
Անդրադառնալով Ամուլսարի խնդրին` Պետրոսյանն ասաց. – «Խոշոր հաշվով, իմ տեսակետը չի կարող տարբեր լինել վարչապետի և Կառավարության որդեգրած կուրսից ու մոտեցումից: Ավելի կոնկրետ, ավելի մասնագիտական, ավելի առարկայական կարող ենք խոսել, երբ ես լիարժեքորեն տիրապետեմ թեմային»:
Ռոմանոս Պետրոսյանը տեղյակ չէր, թե ով է իրեն փոխարինելու Կոտայքի մարզպետի պաշտոնում։
Բնապահպան Ինգա Զարաֆյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ թավշյա հեղափոխությունից հետո էլ ոլորտում խնդիրները շարունակել են ավելանալ, որոնց լուծման համար քաղաքական կամք է հարկավոր. – «Քանի տարիների ընթացքում մեր բնապահպանական խնդիրները այնքան էլ կուտակվել, որ գրեթե դարձել են արդեն մեծ բեռ: Առաջինն իհարկե դա հանքարդյունաբերությունն է` իր բոլոր թափոններով, չլուծված խնդիրներով, աղտոտումներով և այլն: Իհարկե Սևանա լիճն է, որը քանի տարի մենք չենք կարողանում ուշքի բերել: Իհարկե դա մեր գետերն են, իհարկե դա ոչ ճիշտ կառավարվող ջրային տնտեսություններն են, որ ջուրը տալիս են աջ ու ձախ` ընդհանրապես չհաշվարկելով, թե ինչպես դա կանդրադառնա ոչ թե ուղղակի շրջակա միջավայրի վրա, այլ ընդհանրապես համակարգերի, ամեն ինչի վրա»: