Չնայած կորոնավիրուսի տարածման տեմպի նվազման դրական միտումներին՝ Երևանի փողոցներում պաշտպանիչ դիմակ չկրող քաղաքացիները քիչ չեն: Բազմաթիվ մարդիկ էլ դիմակը սխալ են կրում՝ չփակելով քիթն ու բերանը:
Պարետի որոշումը խախտողների մի մասն ամռան արևին է մեղադրում, մի մասն էլ դիմակ չկրելը պայմանավորում է մաքուր օդ շնչելու կարիքով.
«Ուղղակի շոգ է...»:
«Նոր հանեցի, տրանսպորտում անպայման դնում եմ: Շոգի պատճառով...»:
Մայրաքաղաքի այգիներից մեկում հանգիստը վայելող տարեցներից մեկի գրպանում դիմակն այնքան էր ճմրթվել, որ «Ազատության» հետ զրույցի ընթացքում տղամարդն այդպես էլ այն ճիշտ կրել չկարողացավ:
Երեկ արտակարգ դրության պարետատան ճեպազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ Հայաստանը մտել է կորոնավիրուսի հաղթահարման փուլ, սակայն եթե քաղաքացիները թուլացնեն զգոնությունը, երկիրը հնարավոր է վերադառնա համաճարակի վատագույն ցուցանիշներին:
Այդուհանդերձ, կանոններին հետևող մարդիկ Երևանի փողոցներում ավելի շատ են, ամիսներ առաջ հակառակ պատկերն էր:
Վերջին օրերին մայրաքաղաքում ավելի փոքր թվով ոստիկաններ են նկատվում: Իրավապահ մարմնի կայքում անգամ հայտնաբերված խախտումների արձանագրությունների մասին տվյալներ չկան:
«Ազատություն»-ը Ոստիկանության՝ վերջին շրջանում արձանագրած խախտումների թիվը պարզելու համար իրավապահ մարմնին հարցում է ուղարկել:
Երեկ մայրաքաղաքում անցկացրած շրջայցի ընթացքում կանոնների պահպանմանը հետևող ոստիկանների միայն կենտրոնում հանդիպեցինք:
Վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինները շարունակում են մշտադիտարկումները տարբեր ընկերություններում՝ պարետի որոշումների կատարմանը հետևելով ու խախտումներն արձանագրելով:
Սննդի անվտանգության տեսչական մարմինը հայտարարում է Երևանում հայտնաբերված խախտումների նվազման մասին:
Առողջապահական և աշխատանքի տեսչականի ուշադրության կենտրոնում էլ այժմ բժշկական հաստատություններն են՝ պոլիկլինիկաներն ու կորոնավիրուսի թեստավորում իրականացնող լաբորատորիաները: