Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 451-ով՝ հասնելով 36 հազար 613-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 490-ով և հասել 25 հազար 734-ի:
Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 1935 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 153 հազար 814-ի:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. - «Պացիենտները եղել են 89 (տղամարդ), 90 (կին), 65 (կին) և 88 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 692-ի, ևս 218 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 9 հազար 969 մարդ:
Վարչապետը խնդրում է չթուլացնել զգոնությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ շեշտեց, որ հունիսի 14-ից հետո առաջին անգամ երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը 10 հազարից ցածր է: «Եվ սա շատ կարևոր նորություն է», - ասաց պետության ղեկավարը՝ շարունակելով. - «Հիմքեր կան պնդելու, որ մենք ոչ միայն մտել ենք կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ, այլև աշնան հնարավոր երկրորդ ալիքի՝ համաշխարհային կանխատեսվող երկրորդ ալիքի նկատմամբ կարող ենք ավելի լավ դիմակայունություն ունենալ»:
Միաժամանակ, Փաշինյանը նկատեց, որ «այս լուրերի ֆոնին կրկին ակտիվացել է այն հակահակահամաճարակային փիառ արշավը, էլի հակադիմակային շարժումներ են սկսվում, և այլն»:
Վարչապետը շեշտեց՝ համաճարակի տեմպի որոշակի անկման պատճառը «միանշանակ հակահամաճարակային միջոցառումների պահպանումն է, որի գագաթնակետը դիմակների կրումն է»: «Այս վիճակագրությունը մեզ պետք է ոչ թե թուլացնի, այլ ընդհակառակը՝ մեզ պետք է քաջալերի, որպեսզի մենք հակահամաճարակային կանոնները ավելի լավ պահենք, հակառակ դեպքում մենք նորից հետ ենք գլորվելու հունիսյան իրավիճակի մեջ», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Եվ իմ կոչն է, որպեսզի մենք այս հարցում ավելի ու ավելի համախմբվենք, որպեսզի, մեր նպատակը և խնդիրը ինչ է՝ որպեսզի աշնանը մենք լինենք ոչ միայն մեր չափանիշներով, այլ համաշխարհային առումով ավելի պատրաստ լինենք հնարավոր երկրորդ ալիքին: Սա շատ կարևոր և սկզբունքային հարց է, խնդրում եմ՝ ամենևին զգոնությունը մի թուլացրեք», - հայտարարեց Հայաստանի վարչապետը՝ ընդգծելով, որ երկրում արդեն մոտ 700 մարդ է մահացել կորոնավիրուսից, «և սա շատ սարսափելի վիճակագրություն է»: