Լուկաշենկոյի պնդմամբ՝ իր ընդդիմախոսները իշխանությունն ուժով տապալելու պլան ունեն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Ալեքսանդր Լուկաշենկոն պնդում է՝ իր ընդդիմախոսները իշխանությունն ուժով տապալելու պլան ունեն:

«Գոյություն ունեցող կառավարության տապալման կամ իրավիճակը ցնցելու» տարբերակը շարունակում է արդիական լինել, հայտարարել է Բելառուսի առաջնորդը, ում հիմնական ընդդիմախոսները, սակայն, ոչ միայն հնարավորություն չեն ստացել մասնակցել ընտրություներին, այլև գտնվում են ճաղերի ետևում:

Բելառուսի նախագահի պաշտոնում վեցերորդ անգամ իր թեկնածությունն առաջադրած Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ներկայիս նախընտրական իրավիճակում արդիական է 2010 թվականի ընտրությունների սցենարը, երբ, նրա խոսքով, ընդդիմադիրները գործող իշխանությունը տապալելու ուժային գործողություններ էին ձեռնարկել: Այս մասին Բելառուսի անփոփոխ նախագահը հայտարարել է նախօրեին զինվորականների հետ հանդիպման ժամանակ:

«Եթե ձեզնից որևէ մեկի հիշողությունը կարճ է, համարձակվեմ հուշել՝ մենք այդ ամենն անցել ենք: Հիշեք 2010 թվականը, հենց այն ժամանակ ամեն ինչ սկսվեց, որպեսզի մեզ ծնկի բերեն», - հայտարարել է Լուկաշենկոն:

«Եվ այն ժամանակ հերթական նախագահական ընտրություններին որոշեցին ծնկի բերել՝ կազմակերպելով այդ բանդան և նետելով Կառավարության տան վրա», - ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրա խոսքով՝ անկարգություններին մասնակցել է «400 ագրեսիվ զինյալ»։

2010 թվականի դեկտեմբերի 19-ին նախագահական ընտրությունների քվեարկության ավարտից հետո ընդդիմադիր թեկնածուների հազարավոր աջակիցներ փողոց էին դուրս եկել իրենց անհամաձայնությունը հայտնելու քվեարկության արդյունքներին՝ պնդելով, որ դրանք կեղծված են: Ի նշան բողոքի՝ ակցիայի մի խումբ մասնակիցներ փորձել էին ներխուժել Կառավարության նստավայր՝ բախվելով ոստիկանության կոշտ դիմադրությանը: Շուրջ 700 մարդ ձերբակալվել էր, տասնյակ ընդդիմադիրներ՝ այդ թվում նախագահի նախկին թեկնածուներ, ազատազրկման էին դատապարտվել:

Բելառուսում ներքաղաքական իրավիճակը կրկին սրվել է օգոստոսին նախատեսված նախագահական ընտրությունների նախաշեմին։ Քվեարկությանը մնացել է երեք շաբաթ, նախընտրական քարոզարշավի մեկնարկից մինչ օրս ավելի քան երկու տասնյակ ընդդիմադիր գործիչներ՝ այդ թվում Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը համարվող Վիկտոր Բաբարիկոն, իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին հայտարարած հայտնի բլոգեր Սերգեյ Տիխանովսկին, կալանավորված են: Վերջին ամիսների բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել են նաև հարյուրավոր ակտիվիստներ:

Այժմ Լուկաշենկոն ընդամենը չորս մրցակից ունի՝ ընդդիմադիր նախկին պատգամավոր Աննա Կանոպացկայան, գործարար Սերգեյ Չերեչենը, քաղաքացիական ակտիվիստ Անդրեյ Դմիտրիևը և բլոգեր Սերգեյ Տիխանովսկու կինը՝ Սվետլանա Տիխանովսկայան: Վերջինս ընտրություններին մասնակցում է կալանավորված ամուսնու փոխարեն: Նա նախօրեին Մինսկում հանրահավաք է հրավիրել, որին մասնակցել են աննախադեպ մեծ թվով աջակիցներ, տարբեր գնահատականներով՝ հավաքի մասնակիցների թիվը հասնում էր մինչև 10 հազարի։ Սա վերջին տարիներին երկրում ամենամարդաշատ ընդդիմադիր հավաքն էր։