Սահմանին ու վիրտուալ, ադրբեջանական կողմը չի դադարում բոլոր հնարավոր գրոհները։ Վերջին օրերին հակառակորդի հաքերների թիրախում են հայտնվել հայաստանյան լրատվական ու պաշտոնական կայքեր։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նկատում է՝ մարտական գործողություններին զուգահեռ են ադրբեջանցի հաքերների վիրտուալ հարձակումները մեկնարկել։ Ենթադրում է՝ դրանց հեղինակն այս դեպքում առանձին հաքերային խմբերը չեն. - «Մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով, օրինակ, ինչ տիպի սարքերից է գրոհը գնում, որ հասցեներից, կարելի է ենթադրել, որ այս անգամ հստակ պետական, ոչ ոչ թե ինչ-որ պատրիոտ հաքերներ են աշխատում, այլ պետական կառույցներ են հարձակումներ իրականացնում»։
Նման զանգվածային հաքերային հարձակումներ հակառակորդը 2016 թվականին էր նախաձեռնել։ Մեդիա փորձագետ Արթուր Պապյանն ասում է՝ հիմա արդեն թե դրանց ծավալներն են փոխվել, թե կիրառվող տեխնոլոգիաները։ Սակայն նպատակը մնում է նույնը՝ մարտական գործողությունների ընթացքում արտաքին ու ներքին լսարանի համար անհասանելի դարձնել հայաստանյան կողմի տեղեկատվությունն ու երկրում խուճապ առաջացնել. - «Փորձ էր արվում այնպես անել, որ հայաստանյան լրատվամիջոցները չկարողանան դրսի աշխարհին տեղեկատվություն տալ, և այսպես ասած` Google-ներն աշխարհի, տարբեր տեսակի լրագրողական կազմակերպությունները երբ ինչ-որ բան որոնեն Հայաստանի մասին, ավելի շատ ընկնեն ադրբեջանական տեսակետի վրա»:
Ադրբեջանցի հաքերների թիրախում վարչապետի, կառավարության կայքերն էին հայտնվել, բայց դրանք, ըստ մեդիա փորձագետ Արթուր Պապյանի, ոչ թե կոտրվել էին, այլ այսպես ասած` դիֆեյսի էին ենթարկվել. - «Դիֆեյս արվեցին, կայքը ոչ թե կոտրվում է, նրա տվյալների բազան կամ CMS-ը, այլ ավելի շատ առջևի էջը փոխարինվում է ինչ-որ հոգեբանական ազդեցություն ունեցող ունեցող քայլով: Իմ ունեցած տեղեկատվությամբ` դիֆեյսից այն կողմ չեն անցել հաքերները, բայց դա մենք 100 տոկոսով այս պահին չենք կարող իմանալ»:
Հայկական կողմի հակահարվածն էլ չի ուշացել։ DDoS հարձակումներից սկսած մինչև բանկոմատների խափանում, հայ հաքերների ձեռքում հայտնվեցին նաև ադրբեջանցիների անձնական տվյալները։
«Արգելափակվել է մի շարք լրատվական և պետական կայքերի աշխատանք, լուրջ շատ արտահոսք է եղել ռազմական արդբեջանական նավատորմի անձնական տվյալների և այլ գաղտնի տվյալների` մոտ 2 գիգաբայթ», - ասում է Սամվել Մարտիրոսյանը:
Արթուր Պապյանը հավելում է. - «Հաջորդն ավելի հետաքրքիր ու շոշափելի հարձակումներ էին: Մեկը` հայկական հաքերները հայտարարեցին, որ 2 բանկերի բանկոմատային ցանցն ամբողջությամբ Բաքվում չի աշխատում իրենց ջանքերի շնորհիվ, հաջորդը` ռաուտերներին վերաբերող մասն է, դա ինտերնետ ցրող սարքերն են, և այնպես էր արվել, որ կոտրելով դրանց ներքին սերվերները` դրանցից կպչող բոլոր մարդիկ տեսնելու էին հայկական դրոշով, հայկական մեսիջով հաղորդագրությամբ մի էջ: Շուրջ 2 հազար ռաուտեր նշանակում է բազմապատկեք մի քանի օգտատերով, այսինքն` բավական մեծ թվով մարդկանց մասին է խոսքը»:
Առցանց տիրույթում դեռ շարունակվում են փոխադարձ հարձակումները։ Կեղծ տեղեկությունները հաճախ սոցիալական ցանցերում տարածվում են հայկական օգտահաշիվների կողմից, որոնց կառավարումը, սակայն, հայտնվել է ադրբեջանցիների ձեռքում։ Քիչ չեն նաև կեղծ հայկական օգտահաշիվները։ Այդ իսկ պատճառով փորձագետները զգուշացնում են՝ այն, ինչ հայտնվում է սեփական լրատվական հոսքում, պետք է ստուգել այլ աղբյուրներից ևս՝ ադրբեջանական վիրտուալ գործողությունների թիրախում չհայտնվելու համար։