Թուրքիայի հայտարարությունները յուղ են լցնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ծագած հրդեհի վրա. Գարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը, անդրադառնալով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմային բախումների ֆոնին թուրքական իշխանությունների որդեգրած կեցվածքին, իր թվիթերյան էջում գրել է. «Էրդողանի և նրա նախարարների հայտարարությունները յուղ են լցնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ծագած հրդեհի վրա»:

«Հարևան երկրների միջև առաջացած լարվածությունը պետք է լուծել անկողմնակալ ձևով, արդարությամբ։ Ցեղային ու կրոնական կողմնակալությունը վնասում է տարածաշրջանի խաղաղությանը», - նշել է Փայլանը:

Պաշտոնական Անկարան կրկին սթափության կոչ է արել Հայաստանին: Թուրքիայի արտգործնախարարությունը, ի պատասխան նախօրեին Հայաստանի արտգործնախարարության տարածած հայտարարությանը, որտեղ քննադատություն էր հնչել թուրքական իշխանությունների հասցեին՝ «կողմնակալ և սադրիչ կեցվածք» դրսևորելու համար, Երևանին մեղադրել է «երկերեսանի պահվածքի և Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության հաստատման առաջ իրական խոչընդոտ հանդիսանալու մեջ»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Հայաստանին մեղադրել էր ագրեսիվ և անկայունություն բորբոքող կեցվածք դրսևորելու մեջ ու հիշեցրել՝ «Թուրքիան իր ողջ կարողությամբ շարունակելու է լինել բարեկամական և եղբայրական Ադրբեջանի կողքին և երբեք չի վարանի դիմակայելու Ադրբեջանի իրավունքի, օրենքի, տարածքի նկատմամբ ամեն տեսակ հարձակմանը»: