Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվն աճել է 339-ով` հասնելով 32 հազար 490-ի։ Նախօրեին առողջացել է 864, մահացել` 8 մարդ, նրանցից 7-ն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություն, ևս 1-ի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակ, սակայն այլ պատճառով է մահացել։
Սովորաբար կիրակի և երկուշաբթի օրերին իրականացված թեստավորումների թիվն ավելի քիչ է լինում, մնացյալ օրերին հասնում է մինչև 2 հազար 500-ի։ Երեկ կատարվել է 1115 թեստավորում։ Ըստ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանի՝ թեստերի այս թիվն էլ քիչ չէ. - «Միջին հաշվարկով հազարն էլի բավականին գերակշիռ թիվ է, 1115 թեստ ենք կատարել: Այո, կիրակի, երկուշաբթի օրերին պրոֆիլակտիկ աշխատանքներ են տարվում լաբորատորիաներում: Շաբաթվա ընթացքում ինքն աճ է ունենում և մինչև 2 հազար, 2 հազար 500 հասնում թեստերի թիվը»:
Մարտի մեկից սկսած վարակված 32 հազար 490 մարդկանցից 20 հազար 729-ն առողջացել են, 581-ը` մահացել։ Վարակված, սակայն այլ պատճառով մահացածների ընդհանուր թիվը 184 է։ Այս պահին հիվանդանոցներում և տանը բուժում է ստանում 10 հազար 996 հիվանդ: Ընդհանուր առմամբ կատարվել է 136 հազար 802 թեստավորում:
Երեկվանից արդեն 4-րդ անգամ Հայաստանում ևս մեկ ամսով երկարաձգվեց արտակարգ դրությունը: «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը կարծում է՝ արտակարգ դրության երկարաձգումն ինքնանպատակ չէ։ Այն կնպաստի իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև վարակակիրների թվի նվազմանը. - «Այսօրվա դրությամբ որոշակիրորեն ունենք կայունացում, ինչն ավելի ողջունելի է, ինչն ավելի գրագետ է, մեզ համար շահեկան է, քան մենք միանգամից ունենայինք տվյալների նվազում, որը որ այս թվերի պարագայում, ինչ որ մենք ունեցել ենք վաղ անցյալում, չէր էլ կարող լինել, հետևաբար արտակարգ դրության երկարացումն ինքնանպատակ չէ, դա կայունության ևս մեկ անգամ ամրապնդման, ապահովման և արդեն ինչու չէ նաև, իհարկե դա ապագան ցույց կտա, մեր թվերի նվազման, իրավիճակի էլ ավելի կայունացմանը և հարաբերական հանդարտեցմանը»:
Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել մարտի 16-ից։ Իշխանությունը միևնույն ժամանակ նշում է, որ արտակարգ դրությունն անվերջ երկարաձգել հնարավոր չէ, և որ այժմ մտածում են օրենսդրական փոփոխությունների մասին, որ արտակարգ դրությունն այլևս չերկարացվի, բայց հնարավոր լինի իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ ու որոշակի սահմանափակումներ մտցնել, օրինակ` վարակի բռնկման դեպքում որևէ համայնքում ելումուտը արգելել կամ դիմակի պարտադիր կրումը ապահովել։
Ըստ պարետ Տիգրան Ավինյանի՝ առաջիկայում կներկայացվեն կրթության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտների աստիճանական վերաբացման ծրագրերը, որոնց իրագործումը, սակայն, կախված է լինելու համաճարակային վիճակից։ Նախնական կանխատեսումներ ևս կան։ Եթե հակահամաճարակային կանոնները պահպանվեն, ապա, ըստ Ավինյանի, սեպտեմբերի սկզբին օրական մոտ 140 նոր դեպք կարձանագրվի:
Հարցին, թե արդյո՞ք սեպտեմբերին վարակակիրների թվի անկում կգրանցվի, համաճարակաբանն արձագանքեց. - «Եթե այն ժամանակ մայիս ամսին մեր վերարտադրողական գործակիցը կազմել է 1.24, ապա հունիսին և հուլիսին համապատասխանաբար եղել է 1.08 և գրեթե 1 հուլիս ամսվա այս անցած օրերի ընթացքում: Եթե նմանատիպ տենդենցը շարունակվի, ապա այո, ինչո՞ւ չէ, մենք սեպտեմբերին կունենանք կայունացված, դժվար, բայց կայունացված թվերի ցուցանիշների առումով, ինչո՞ւ չէ, նաև մենք կունենանք այսպես ասեմ` գոհացնող արդյունքներ սեպտեմբեր ամսին, բայց դեռ տեսնենք` ինչ իրավիճակ կունենանք, ինչ զարգացման միտումներ կունենանք, հետամուտ կլինենք մեր բոլորիս կողմից անվտանգության կանոնների պահպանմանը: Ապագան ցույց կտա, իհարկե նաև ցույց կտան վերլուծության արդյունքները: Եվ շատ կարևոր է այստեղ այս վերարտադրողական գործակցի իրատեսական հաշվարկը, ինչքան էլ հաշվարկները լինեն իրատեսական, բայց կարելի է այստեղ շեղման մասին չմոռանալ, որ սրանք ընդամենը մաթեմատիկական հաշվարկներ են, բայց յուրաքանչյուր հաշվարկ կարող է ունենալ իր տրամաբանական շեղումները: Ինչևէ, ամեն դեպքում ամեն ինչի համատեքստում չեմ բացառում, որ նմանատիպ իրավիճակ մենք կունենանք»: