Հայաստանի ղեկավարները շնորհավորել են Էմանյուել Մակրոնին Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ողջունում է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին, հոկտեմբեր, 2018թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ են հղել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձում ասված է.

«Մեծարգո պարոն Նախագահ, թանկագին Էմանյուել.

Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ։

Ֆրանսիացի ժողովրդի ազատատենչ ու հեղափոխական ոգու հաղթանակի շնորհիվ Եվրոպայի պատմական զարգացման առանցքում դրվեցին մարդու իրավունքների, քաղաքացիների իրավահավասարության և լուսավորության քաղաքակրթական արժեքները։

Այսօր մենք հպարտությամբ ենք արձանագրում Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի առանձնաշնորհյալ երկխոսության առկայությունը, ինչը հիմնվում է հայ-ֆրանսիական պատմական ու մշակութային բազմադարյա կապերի և ընդհանուր արժեքների վրա։ Այսօր, երբ աշխարհը դարձել է անկանխատեսելի և մարտահրավերներով լի, մենք վերահաստատում ենք մեր լիարժեք պատրաստակամությունը՝ շարունակելու ընդլայնել ու խորացնել Հայաստանի ու Ֆրանսիայի միջև համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում։

Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի ձևաչափով կառուցողական ու հավասարակշռված միջնորդական ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացում՝ որպես տարածաշրջանային խաղաղության, կայունության և զարգացման առհավատչյա»։

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ` մաղթելով Ձեր երկրին շարունակական առաջընթաց:

Ուրախությամբ եմ փաստում, որ մեր ժողովուրդների բազմադարյա կապերի ու բարեկամության հենքի վրա կառուցված հայ-ֆրանսիական առանձնահատուկ հարաբերությունները շարունակում են զարգանալ բարեկամության և փոխըմբռնման ոգով:

Մեզ հաջողվել է հաստատել արդյունավետ համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գրեթե բոլոր ոլորտներում: Հայաստանը մեծապես շահագրգռված է ընդլայնելու և խորացնելու Ֆրանսիայի հետ փոխշահավետ գործակցությունը նոր նախաձեռնություններով և ծրագրերով՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով երկկողմ օրակարգը կհամալրենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և ապագային միտված ծրագրերով: Ձեռք բերված պայմանավորվածությունների կենսագործումը նոր ազդակ կհաղորդի տարբեր ոլորտներում հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:

Հայաստանը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանն ուղղված՝ Ֆրանսիայի հետևողական ջանքերը»:

«Առանձնահատուկ գնահատականի են արժանի մարդկային կյանքերի փրկությանը և համավարակի հետևանքները մեղմելուն ուղղված՝ Ֆրանսիայի ջանքերը: Հատկապես այսօր՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այս բարդ ժամանակաշրջանում, առավել պարզորոշ է զգացվում մեր բարեկամ երկրի հետ սերտ փոխգործակցության կարևորությունը։

Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ, Ֆրանսիայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ Եվրամիության ֆինանսական օժանդակության մեջ ունեցած ներդրման, ինչպես նաև հայ գործընկերներին օգնելու նպատակով ֆրանսիական բժշկական առաքելության խմբեր Հայաստան ուղարկելու համար», - նաև գրում է Հայաստանի նախագահը՝ համոզմունք հայտնելով՝ «համատեղ ջանքերով կհաղթահարենք այս ճգնաժամը ևս»: