«Նարեկ Սարգսյանն առողջական լուրջ խնդիրներ ունի». փաստաբանը բողոքարկել է կալանքի երկարացման որոշումը

Նարեկ Սարգսյան, արխիվ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն արդեն երկրորդ անգամ երկարաձգում է անցած դեկտեմբերին Չեխիայից Հայաստան արտահանձնված Նարեկ Սարգսյանի կալանքը՝ հիմք ընդունելով հիմնավոր կասկածը, որ նա կատարել է իրեն մեղսագրվող արարքները։

«Ազատության» հետ զրույցում նրա փաստաբան Արթուր Պիվազյանն ասաց՝ առաջին ատյանի դատարանն օրեր առաջ կրկին բավարարել է ԱԱԾ միջնորդությունը՝ երկարաձգելու կալանքը ևս երկու ամսով. - «Այո, հիմնավոր կասկածն էլ են հաստատված համարել, ընդ որում պետք է նշեմ, որ առաջին ատյանի դատարանը, մի քիչ փակագշերը բացեմ, հիմնավոր կասկածը հաստատված համարելուց բացի, մի դեպքում հաստատված է համարել կալանավորման մի հիմք, հետո հաստատված է համարել երկրորդ անգամ արդեն երկարացման մի քանի հիմք: Ընդ որում մեր կողմից բողոքարկվել է, այսինքն` առարկություններ են ներկայացվել կալանավորման հիմքերի հետ կապված, բայց դատական ակտերում մեր առարկությունների մասին ոչինչ չկա գրված»:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը եզրահանգել է, որ ազատության մեջ Հայաստանի երրրոդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը կխոչընդոտի գործի քննությանը, ինչպես նաև կթաքնվի քննությունից։ 33-ամյա Նարեկ Սարգսյանը մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության և անօրինական զենք պահելու համար։ Ըստ իրավապահների՝ նա նաև Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը չարաշահելով՝ նրանից վերցրել է նկարչի շուրջ 280 հազար դոլար արժողությամբ 14 գծանկարները` խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը: Նկարներին տիրանալուց հետո Սարգսյանը խոստումը չի կատարել և անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները հրաժարվել է վերադարձնել նկարները։

2018-ի հեղափոխությունից հետո՝ հուլիսին, երբ հարուցվեց քրեական գործը, հայտնի դարձավ, որ պաշտոնաթող նախագահի եղբորորդին հեռացել է Հայաստանից։ Ըստ քրեական գործի` Նարեկ Սարգսյանը 2018 թվականի հունիսի 22-ին իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ մեկնել էր Մոսկվա՝ այնտեղից որևէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով, և մինչ Հայաստանը լքելը՝ իր թիկնապահի միջոցով ոմն Սերոբ Սահակյանին է փոխանցել Երևանի Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանի բանալին, իսկ արդեն հունիսի 25-ին իր թիկնապահի միջոցով Սահակյանին խնդրել էր իր բնակարանում գտնվող երկու ճամպրուկները տեղափոխել այլ վայր:

ԱԱԾ հաղորդագրության համաձայն` այդ ճամպրուկներում հայտնաբերվել էին կոկային և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, 4 ատրճանակ, փամփուշտներ, անհայտ ծագման հաբեր, ապակյա և պլաստմասսայե խողովակներ՝ սպիտակավուն և սև հետքերով, կաթոցներ, որոնք ամենայն հավանականությամբ ծառայել են թմրանյութ օգտագործելու նպատակով և այլ իրեր:

Ալեքսանդր Սարգսյանի որդու նկատմամբ հայտարարվեց միջազգային հետախուզում, ամիսներ անց նա հայտնաբերվեց Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ու ձերբակալվեց: Ըստ Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության` Սարգսյանը ներկայացել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագրով՝ Ֆրանկլին Գոնսալեսի անձնական տվյալներով։ Ձերբակալվելուց ուղիղ մեկ տարի անց Չեխիան բավարարեց նախկին նախագահի եղբորորդուն Հայաստանին հանձնելու միջնորդությունը։

Փաստաբանը բողոքարկել է Նարեկ Սարգսյանի կալանքը երկարացնելու որոշումը։ «Ազատության» հարցին՝ որո՞նք են պաշտպանական կողմի փաստարկները, որ Սարգսյանը պետք է գտնվի ազատության մեջ, Պիվազյանը պատասխանեց. - «Համենայն դեպս, մեր կողմից թե առարկություններում, թե վերաքննիչ բողոքներում մանրամասն հիմնավորվել են այդ հանգամանքները, բայց դատարանների կողմից հլը որ դրանք հաշվի չեն առնվել»:

Ընդունո՞ւմ է հետախուզման մեջ Գոնսալես ազգանունով հանդես եկած Նարեկ Սարգսյանը մեղադրանքը, փաստաբանը չպատասխանեց։ Ասաց՝ պաշտպանյալից լիազորություն չի ստացել այդ մասին խոսելու։ Արթուր Պիվազյանը նաև ասաց՝ Սարգսյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, և որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բժիշկներն առաջարկել են նրան հետազոտել քաղաքացիական հիվանդանոցում։

Փաստաբանի պնդմամբ` Սարգսյանը կարիք ունի բուժվելու քաղաքացիական հիվանդանոցում, և այդ մասին իրենց դիմումը՝ ուղղված Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության» կենտրոն, մնացել է անպատասխան. - «Առողջաական վիճակի վատթարացում էլ տեղի ունենա, հետագայում կարա նաև ուրիշ խնդիրներ առաջանա, համենայն դեպս բացի այն, որ բժշկի ցուցումով ստացիոնար բուժման կարիք կա, բացի դրանից ինքն ամենօրյա ռեժիմով այլ ցուցումներով, նաև բժիշկների նշանակած այլ ցուցումներով դեղորայք է ընդունում «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում»:

Արդարադատության նախարարի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց միայն, որ Նարեկ Սարգսյանին հիվանդանոց տեղափոխելու՝ փաստաբանի գրության պատասխանն այսօր ուղարկել են նրան։