Մատչելիության հղումներ

Չեխիան բավարարել է Նարեկ Սարգսյանին Հայաստանին հանձնելու միջնորդությունը


Նարեկ Սարգսյան, արխիվ
Նարեկ Սարգսյան, արխիվ

Չեխիան բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին հանձնելու վերաբերյալ: Այս մասին Ֆեյսբուքում գրում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Հաշվի առնելով հանրային լայն հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Նարեկ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը: Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Նարեկ Սարգսյանի տեղափոխումը», - գրում է Աբրահամյանը:

Պաշտոնաթող նախագահի եղբորորդին Հայաստանում մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության և անօրինական զենք պահելու համար, անցած տարվա հուլիսի սկզբին նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:

Նարեկ Սարգսյանը ձերբակալվել է անցած տարի դեկտեմբերին Պրահայում՝ Ինտերպոլի և չեխական ոստիկանության աշխատակիցների կողմից: Իրավապահներին նա ներկայացել էր Գվատեմալայի քաղաքացի Ֆրանկլին Գոնսալեսի անունով և կեղծ անձնագրով։

Այս տարվա հունիսին Չեխիայի դատարանը բավարարել էր Նարեկ Սարգսյանին Հայաստանի իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը:

XS
SM
MD
LG