Ադրբեջանի կողմից որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնում, և դրանց վերսկսմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը՝ այսօր կառավարության նիստը այսպիսի հայտարարությամբ բացեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան սահմանին՝ Տավուշի մարզի Մովսես, Չինարի գյուղերի ուղղությամբ երեկվանից ծավալվող ռազմական գործողություններին։
«Ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են: Այսօր առավոտյան դրանք վերսկսվել են: Դրանց վերսկսմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը:
Խիստ մտահոգիչ է տարածաշրջանային անկայունություն հրահրելու Թուրքիայի գործելակերպը, որը լավագույնս արտացոլված է այդ երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարությամբ, որտեղ վերջինս անվերապահ աջակցություն է հայտնում Ադրբեջանի գործողություններին՝ ակնհայտ և արդեն ավանդական դարձած հակահայկական տրամաբանությամբ:
Այս ռազմական միջադեպը չի առաջացել վակուումում: Արդեն տևական ժամանակ է՝ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է խաղարկել հակահայկական քարտն իրենց հայտնի դրդապատճառներից ելնելով:
Հնարավոր է` գործ ունենք ներքին խնդիրները սահմանային իրավիճակի սրմամբ երկրորդ պլան մղելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճի հետ, որի համատեքստում աչքի է զարնում ակնհայտ քամահրական վերաբերմունքը մարդկային կյանքերի, այդ թվում՝ ադրբեջանցի զինվորների կյանքերի նկատմամբ, որն արտահայտվում է` նրանց ուղարկելով անհեռանկար գործողությունների:
Վստահեցնում եմ, որ որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնում: Նաև կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին՝ իրենց անվերապահ զորակցությունը հայտնել մեր զինված ուժերին՝ զինվորներին, հրամանատարներին, ովքեր այս պահին ամուր կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում», - ասաց Փաշինյանը:
Վարչապետը կոչ արեց վստահել բացառապես պաշտոնական աղբյուրներին։
Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, երեկ 12:30-ից Ադրբեջանի զինված ուժերը Տավուշի ուղղությամբ պարբերաբար փորձել են գրավել հայկական սահմանային դիրքը՝ կիրառելով 82 մմ ականանետ, տանկ և հերտանային կրակ, սակայն կորուստներ կրելով հետ են շպրտվել՝ թողնելով նաև ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենա։ Այսօր առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։
Հայկական կողմից, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, զոհվածներ չկան, թեթև մարմնական վնասվածքներ են ստացել սահմանին ծառայություն իրականացնող երկու ոստիկաններ և երեք զինծառայողներ:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ ժամեր առաջ կայացած հեռախոսազրույցի ընթացքում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ուշագրավ հայտարարություն է արել, թե հայկական Զինված ուժերին հրահանգավորված է դեռևս պահպանել զսպվածություն, սակայն Հայաստանի սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` «արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում»:
Առավոտյան կառավարության նիստում Տոնոյանը վարչապետին զեկուցեց, թե երկժամյա դադարից հետո առավոտյան 5։30-ից հակառակորդը վերսկսել է հերտակոծությունը։
«Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են և լռեցվում դիպուկահար կրակով, որի արդյունքում հակառակորդն ունի բավական զգալի կորուստներ: Մեր զինված ուժերը և համապատասխան կորպուսը շարունակում են սահմանի պաշտպանությունը: Օպերատիվ իրավիճակն ամբողջովին վերահսկվում է և կառավարելի է», - շեշտեց Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը:
Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, թե հայկական զինված ուժերը խոցել են հակառակորդի մի քանի անօդաչու սարքեր՝ ներառյալ հարվածային։
«Այս պահի դրությամբ մենք ունենք խոցած ոչ միայն մեկ անօդաչու թռչող սարք, այլ մի քանիսը, որոնցից մեկը՝ «կամիկաձե», հակառակորդի բոլոր գործողություններն ըստ էության ճնշվել են իրենց տրամաբանության մեջ», - ասաց Քոչարյանը:
Արցախի պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն, «արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչպես երեկ օրվա ընթացքում, այնպես էլ այսօր՝ գիշերը օպերատիվ իրադրությունը հիմնականում հանգիստ է եղել»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է իր 4 զինծառայողների զոհվելու, ևս առնվազն 4-ի վիրավորվելու մասին։ Պաշտոնական Բաքվի փոխանցմամբ, հայկական զինված ուժերը՝ հրետանու օգնությամբ երեկ Թովուզի շրջանի Աղդամ գյուղի ուղղությամբ փորձել են գրավել ադրբեջանական դիրքերից մեկը, սակայն ձախողելով նահանջել են։
Այսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ Ադրբեջանի Անվտանգության խորհրդի նիստ է կայացել: Նիստում Ալիևը Հայաստանին է մեղադրել «սահմանին սադրանք հրահրելու» մեջ՝ պնդելով, թե հայկական զինուժն է կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչը հանգեցրել է Ադրբեջանի զինծառայողների մահվան։ «Սակայն մենք կանխել ենք այդ հարձակումը և համարժեք պատասխան տվել։ Երեկ և ոչ մի սանտիմետր մեր տարածքից չենք տվել թշնամուն»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ խոստանալով օտարերկրացի զինվորականների հրավիրել, որպեսզի նրանք տեղում համոզվեն, թե ով է «սադրանք հրահրել»։
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը երեկոյան «Ազատությանը» փոխանցեց, որ Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս պահի դրությամբ հրետակոծություններն ու հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման պարբերականությունը նվազել է, Հայաստանի Զինված ուժերը ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը։
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանի կարծիքով, անցած մեկ օրվա զարգացումները վկայեցին, որ Հայաստանի զինված ուժերը «լուծել են իրենց առջև դրված մարտական խնդիրը»։
«Զինված ուժերը հայկական իրենց խնդիրը կատարել են, լուրջ կորուստներ են պատճառել ադրբեջանական զինված ուժերին` մի քանի զոհեր, տեխնիկա, այդ թվում նաև երկու ԱԹՍ, որոնցից մեկի նկարը մի քանի րոպե առաջ հրապարակվեց համացանցում: Մենք ևս, բնականաբար, մարտական գործողությունների մեջ ներգրավված անձնակազմը ունեցել ենք վիրավոր՝ 5 զինծառայող է վիրավորվել», - ասաց Հովհաննիսյանը:
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցներից հետո, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն, Լավրովը կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը և ցուցաբերել զսպվածություն։
Թուրքիայի արտգործնախարարությունը ևս արձագանքել է՝ դատապարտելով հայկական կողմի գործողությունները՝ դրանք որակելով «ագրեսիվ ազգայնական մոտեցումների նոր դրսևորում»։ «Թուրքիան շարունակելու է իր ողջ կարողությամբ լինել Ադրբեջանի կողքին տարածքային ամբողջականության պահպանման համար պայքարում», - նշել են Անկարայում։
Ի պատասխան, Հայաստանի արտգործնախարարությունը «սուտ և ապակողմնորոշիչ» է որակել Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության այս հայտարարությունը՝ հավելելով. «Թուրքիայի այս սադրիչ կեցվածքը և Հայաստանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են այն իրողությունը, որ այդ երկիրը գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ: Այս իրողությունն առավել քան անհնար է դարձնում միջազգային՝ նախևառաջ ԵԱՀԿ շրջանակներում Թուրքիայի որևէ դերակատարում, որն առնչվում է ղարաբաղյան հակամարտությանը»:
Հայտարարությամբ է հանդես եկել Եվրամիության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Փիթեր Ստանոն՝ նշելով, որ Եվրոպական միությունը երկու կողմերին կոչ է անում դադարեցնել զինված դիմակայությունը, ձեռնպահ մնալ լարվածություն հրահրող գործողություններից և հռետորաբանությունից ու ձեռնարկել անհապաղ միջոցներ՝ հետագա սրացումը կանխելու համար: