Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն է տարածել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշման մասին:
«Մեզ խորապես մտահոգել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր հանդիսացող Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշումը:
Սուրբ Սոֆիայի տաճարը զուտ պատմական և մշակութային կոթող չէ։ Իր պատմության ընթացքում այն ունեցել է տարբեր կրոնական, մշակութային և քաղաքական նշանակություն», - ասված է մեկնաբանությունում:
Նաղդալյանը նշել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարին թանգարանի կարգավիճակի շնորհումը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկումը հնարավորություն են տվել դարձնել այն ոչ թե քաղաքակրթությունների բախման, այլ համագործակցության և մարդկության միասնության խորհրդանիշ: «Ցավով պետք է արձանագրել, որ Թուրքիայի իշխանությունների վերջին որոշումը փակում է Սուրբ Սոֆիայի տաճարի պատմության այդ՝ կարևոր խորհրդանիշի և առաքելության էջը», - հավելել է ԱԳՆ խոսնակը:
Աննա Նաղդալյանի մեկնաբանությունում նաև ասված է, որ այս որոշումը ստեղծում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վայրի բնույթի և նպատակի էական փոփոխության վտանգավոր նախադեպ և անհրաժեշտ է դարձնում Թուրքիայի տարածքում նման կարգավիճակ ունեցող պատմական վայրերի պահպանման նպատակով միջազգային հանրության և հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտադիտարկումը։
Թուրքիայի բարձրագույն դատական մարմինը նախօրեին պատմական որոշում ընդունեց՝ չեղարկելով 1934 թվականի թուրքական կառավարության որոշումը, որի համաձայն բյուզանդական ճարտարապետության գլուխգործոցը համարվող տաճարը թանգարանի կարգավիճակ ստացավ: Նախագահ Էրդողանը անմիջապես ստորագրեց համապատասխան հրամանագիրը և 86 տարի անց Այա Սոֆիան կրկին մզկիթ դարձավ: