Աշխարհում Covid-19 դեպքերի ընդհանուր թիվը գերազանցեց 12 միլիոնը, համավարակի սկսվելու ի վեր մահացել է մոտ 550 հազար, բուժվել՝ 6,6 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:
Անցած օրվա ընթացքում Միացյալ Նահանգներում ավելի քան 60 հազար նոր դեպք է հայտնաբերվել, դեպքերի ընդհանուր թիվը գերազանցեց 3 միլիոնը: Հարվարդի համալսարանը և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը դատի են տալիս Սպիտակ տանը՝ առցանց ուսուցման անցած արտասահմանցի ուսանողներին ԱՄՆ-ից արտաքսելու սպառնալիքի հետ կապված:
Երկրորդ գիշերն է՝ Սերբիայում բողոքում են հակահամաճարակային խիստ սահմանափակումների վերականգնման դեմ: Բելգրադում մարդիկ հավաքվում են խորհրդարանի շենքի մոտ՝ դեմ արտահայտվելով պարետային ժամի վերադարձին:
Ղազախստանում հուլիսի 13-ին սուգ է հայտարարվել համաճարակի զոհերի համար, Ալմաթիում դիահերձարանի դիմաց հարազատների հերթ է՝ աշխատակիցները չեն հասցնում ժամանակին նրանց հանձնել դիակները:
Ուզբեկստանում հուլիսի 10-ից խստացվում են սահմանափակումները՝ հիվանդանոցներում այլևս տեղեր չկան:
Ռուսաստանում շարունակում են հանել սահմանափակումները: Մոսկվայի մարզում հուլիսի 15-ին կբացվեն լողափերը, հուլիսի 25-ին` սրճարանները և ռեստորանները: Օգոստոսի 1-ից Ռուսաստանի մայրաքաղաքում թատրոններին թույլ է տրվում աշխատել կիսով չափ լիքը դահլիճներում, բայց թատրոնները որոշել են, որ կբացվեն միայն աշնանը: