Մատչելիության հղումներ

Նոր լոքդաունի դեմ բողոքողները գրոհել են Սերբիայի խորհրդարանը


Սերբիա - Ցուցարարների և ոստիկանության բախումները Բելգրադում, 7-ը հուլիսի, 2020թ.
Սերբիա - Ցուցարարների և ոստիկանության բախումները Բելգրադում, 7-ը հուլիսի, 2020թ.

Անցած գիշեր կատաղի բախումներ են տեղի ունեցել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի կենտրոնում։ Խորհրդարանի շենքի առջև հավաքված հազարավոր քաղաքացիներ բողոքում էին երկրում կարանտինային նոր միջոցառումներ սահմանելու կառավարության որոշման դեմ։

Նոր լոքդաունի մասին այս որոշման համաձայն՝ առաջիկա օրերին արգելված է լինելու երթևեկությունը Բելգրադի և Սերբիայի մյուս շրջանների միջև։

Բողոքի ակցիայի մի քանի տասնյակ մասնակիցներ կեսգիշերն անց փորձել են գրոհել խորհրդարանի շենքը։ Ցուցարարներին օրենսդիր մարմնի շենքի մատույցներից հեռացնելու համար սերբական ոստիկանությունը հատուկ միջոցներ՝ արցունքաբեր գազ և մահակներ է կիրառել։

Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում էին, որ Սերբիայի իշխանություններն ի վիճակի չեն արդյունավետ կերպով պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ և այդ պայքարը ծառայեցնում են քաղաքական նպատակներին։

Մայիսի վերջին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն արդեն իսկ հայտարարել էր կորոնավիրուսի դեմ տարած հաղթանակի մասին՝ հունիսի 21-ի խորհրդարանական ընտրությունների շեմին ազդարարելով գրեթե բոլոր կարանտինային սահմանափակումների վերացման մասին։ Ընտրություններից անմիջապես հետո, սակայն, վարակիրների և կորոնավիրուսից մահացածների թիվը երկրում կրկին սկսել է աճել։ Վերջին 24 ժամերին, օրինակ, Սերբիայում կորոնավիրուսի 330 դեպք է արձանագրվել,13 մարդ մահացել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG