Վերաքննիչը Գագիկ Ծառուկյանի կալանքի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը

Ընտրակաշառքի գործով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի, թե ոչ, հայտնի կլինի վաղը։ Վերաքննիչ դատարանը Ծառուկյանին կալանավորելու Գլխավոր դատախազության միջնորդության քննությունն այսօր ավարտեց։

Կորոնավիրուսով վարակված Ծառուկյանը դեռ մեկուսացված է, նիստին չէր մասնակցում։

Պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է 2017 թվականի ընտրություններում կաշառք բաժանելու համար։ Առաջին ատյանի դատարանը երեք շաբաթ առաջ մերժել էր Ծառուկյանին կալանավորելու Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդությունը։

Գլխավոր դատախազությունը բողոքարկում է Ծառուկյանին չկալանավորելու որոշումը՝ համարելով, որ նա ազդեցիկ լծակներ ունի և ազատության մեջ կարող է խոչընդոտել քննությանը։ Պահանջում է, որ Վերաքննիչ դատարանը բեկանի որոշումը և կալանավորի ԲՀԿ առաջնորդին։

Ծառուկյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը պնդում է՝ նրան կալանավորելու հիմք չկա։

«Քրեական գործ հարուցելուց մինչև այսօր նա թույլ տվե՞լ է այնպիսի մի գործողություն, որը հիմնավոր կասկած առաջացնի այն բանի, որ նա գործի քննությանը կարող է խոչընդոտել: Խոչընդոտելու համար, նախ պետք է հասկանանք, որ ոչ թե ինքը խոչընդոտել է, այլ ինքն ընդհանրապես նպաստել է գործի քննությանը: Ինչո՞ւ է նպաստել, որովհետև նպաստել է այն առումով, որ մասնակցել է իր հետ կապված բոլոր քննչական գործողություններին, այսինքն քրեական գործ հարուցելուց հետո իրեն հրավիրել են հարցաքննության, ինքը գնացել է հարցաքննության, հարցաքննվել է երկու անգամ, ինքը կարող էր ցուցմունք չտալ՝ օգտվելով իր սահմանադրական լռելու իրավունքից, բայց ինքը որոշել է ցուցմունք տալ, նա պատասխանել է վարույթն իրականացնող բոլոր հարցերին: Թե՛ թաքնվելու և թե՛ խոչընդոտելու հանգամանքները բացառվում են», - նշեց Դիլբանդյանը:

Թեև առաջին ատյանի դատարանը որոշել էր չկալանավորել Ծառուկյանին, բայց հաստատել էր՝ կա հիմնավոր կասկած, որ նա առնչվում է ընտրակաշառքի մեղադրանքին։ Պաշտպանական խումբը, ի թիվս այլ հարցերի, վերաքննիչում վիճարկում է այս հիմնավորումը՝ պնդելով, որ անհիմն է մեղադրանքը։

«Մեր պաշտպանության կողմի բողոքները հիմնականում վերաբերում էին հիմնավոր կասկածի բացակայությանը», - ասաց Սամվել Դիլբանդյանը:

Ընտրակաշառքի գործով այսօր ԱԱԾ-ն կալանավորել է «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը: Տասն օր առաջ կալանավորվեց նաև ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Աբրահամ Մանուկյանը։

Ըստ մեղադրանքի՝ «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակի 22 համարը զբաղեցրած Վազգեն Պողոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2017-ին Ծառուկյանը հրավիրել է իրեն և առաջարկել մասնակցել ընտրություններին՝ պայմանով, որ ապահովի 9 հազար ձայն Գեղարքունիքի մարզում։ Ծառուկյանի հետ պայմանավորվածության համաձայն դիմել է Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանին և «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակի մեկ այլ թեկնածու Աբրահամ Մանուկյանին՝ անհրաժեշտ գումարը ստանալու համար։ Սեդրակ Առուստամյանն անազատության մեջ է՝ մեկ այլ քրեական գործով։

Պաշտպանի պնդմամբ՝ քրեական գործում չկա գեթ մեկ տվյալ Ծառուկյանի դեմ, որ նա հրահանգել է ընտրակաշառք բաժանել։ Խոսքը ընտրական ծախսերի մասին է եղել։

«Գագիկ Ծառուկյանի դեմ որևէ ցուցմունք չկա, որը ուղղված լինի այն բանին, որևէ տող, մի նախադասություն, որ որևէ մեկն ասի, որ Գագիկ Ծառուկյանի հետ խոսել է կամ Գագիկ Ծառուկյանը հրահանգել է կամ ասել է, որ պետք է ընտրակաշառք բաժանվի, նման փաստական տվյալ քրեական գործում ընդհանրապես բացառվում է: Գագիկ Ծառուկյանն ասել է Վազգեն Պողոսյանին, որ ընտրական ծախսերի համար կարող են դիմել շտաբ, բայց ընտրական ծախսերը, դա նորմալ հասկացություն է», - նշեց փաստաբանը:

Պաշտպանական խմբից էմին Խաչատրյանն էլ պնդեց, եթե նույնիսկ կուսակցության ստորին շարքերում խմորումներ լինեն, ապա դրա հետ Ծառուկյանը առնչություն չունի։ Ըստ պաշտպանի՝ այս գործի քրեաիրավական հետևանքները 2018 թվականի ընտրություններով ավարտված է։ Այսինքն ենթադրյալ կաշառք վերցրած ընտրողները հաջորդ ընտրություններում իրենց կամքը արտահայտել են հօգուտ կուսակցության։

Պաշտպանները շարունակում են պնդել Վազգեն Պողոսյանի նախնական ցուցմունքները Ծառուկյանի վերաբերյալ արժեքավոր տեղեկություն չեն պարունակում։ Առերեսման ժամանակ ամեն ինչ պարզաբանվել է։

«Ցուցմունքում հայտնած հանգամանքները պարզաբանվեցին, նաև մեր հարցերին պատասխաններ հնչեցվեցին և այդ ամբողջ կասկածները փարատվեցին», - ասաց պաշտպան Երեմ Սարգսյանը:

Պաշտպանները պնդում են՝ եթե դատարան չընդունի իրենց փաստարկները, մինչև Եվրոպական դատարան կգնան։ Գագիկ Ծառուկյանն ու իր թիմակիցները այս գործը համարում են շինծու՝ պնդելով, թե խորհրդարանական երկրորդ ուժը հետապնդվում է կառավարության հրաժարականը պահանջելու համար։