Ֆրանսիայի տեղական ընտրությունները գոհացուցիչ էին տեղի հայ համայնքի համար

Ժաննա Բարսեղյանը

Ֆրանսիայում տեղական ինքնակառավարման մարմինների կամ այլ կերպ ասած` քաղաքապետական ընտրությունների արդյունքները գոհացուցիչ էին հայ համայնքի համար: Ֆրանսահայ թեկնածուների արձանագրած հաջողություններից բացի, ընտրվել կամ վերընտրվել են համայնքի պաշտպանությունը վայելող թեկնածուները սկսած Փարիզից, ուր ֆրանսահայերի բարեկամ Անն Իդալգոն շարունակել է կառավարել մայրաքաղաքը:

Այս ընտրություններում ամենանշանակալիցը «Եվրոպա. Էկոլոգիա. Կանաչներ» ընտրացուցակը գլխավորող Ժաննա Բարսեղյանի ընտրվելն էր Ստրասբուրգի քաղաքապետի պաշտոնում: Դեռ ընտրություններից առաջ տված հարցազրույցներից մեկում Բարսեղյանը նշել էր այն 3 միջոցառումները, որոնք իրագործելու է ընտրվելու դեպքում. առաջինը բնապահպանական է` կլիմայական արտակարգ դրության հաստատումը Ստրասբուրգում, որ այս հարն ընդգրկվի հանրային քաղաքականության մեջ: Երկրորդը վարչական կենտրոնի 9-րդ հարկից քաղաքապետի գրասենյակի իջեցնելն է հանրության համար ամենամատչելի լինելու համար, երրորդը` շտապ ստեղծել մի կացարան` առնվազն 500 տեղով փողոցներում ապրող հարյուրավոր ստրասբուրգցիներին ապաստանելու համար:

Բնության պաշտպանության գաղափարը Ժաննա Բարսեղյանի մոտ եղել է շատ վաղուց, զարգացել ուսման հետևանքով, հետագայում նաև քաղաքական գործունեության մեջ: 2014 թվին նա ընտրվել էր Ստրասբուրգի սոցիալիստական կուսակցության ցանկում և նշանակվել ընկերային, տնտեսական հարցերի և թափոնների կրճատման պատասխանատու:

Բացի Ստրասբուրգում կատարած իր փորձառական աշխատանքներից, նա նախաձեռնել էր աշխատանքներ նաև Հայաստանում` Սևանի շրջակա միջավայրը թափոններից մաքրելու համար: 30 տարեկանի շեմին նա սկսել է հետաքրքրվել իր հայկական արմատներով և իր ընտանիքի պատմությունն ու մշակույթը հայտնաբերելու համար մեկնել Հայաստան: Նա մեկնել է Անատոլիա մինչև Վան լիճ, ուր ապրել է իր պապի հայրը` Սարգիս Բարսեղյանը, ով մեկն էր 1915թ. ապրիլի 24-ի Ստամբուլում ձերբակալված և նահատակված հայ մտավորականներից: Ընտրվելուց հետո իմացվեց, որ նա Հայաստանի Առաջին Հանրապետության 3 կին պատգամավորներից Պերճուհի Պարտեզպանյան-Բարսեղյանի ծոռնուհին է: Նա թողել է մի արժեքավոր աշխատություն, որն ընդգրկում է Կոնստանդնուպոլսի այն ժամանակվա կյանքի և Եղեռնի վերաբերյալ իր հուշերը: