«Վաղվա օրը մեկնարկում է այսօր», - կիրակի երեկոյան Ստրասբուրգի կենտրոնում գտնվող կանաչների նախընտրական շտաբում այս խոսքերով եզրափակեց իր հաղթական ճառը Ստրասբուրգի նորընտիր քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը։
«Եվրոպա․ Բնապահպանություն․ Կանաչներ» կուսակցությունը ներկայացնող Բարսեղյանը, որ ստացել էր ստրասբուրգցի ընտրողների ավելի քան 40 տոկոսի քվեն, քվեարկության ավարտից հաշված ժամեր անց, երբ սկսեցին հրապարակվել քվեարկության արդյունքները, չէր էլ թաքցնում հուզմունքը։
«Ես շատ զգացված եմ և անչափ շնորհակալ եմ Ստրասբուրգի բնակիչներին՝ իմ ներկայացրած նախընտրական ծրագրին և իմ թիմին վստահելու համար», - հայտարարում էր Բարսեղյանը։
Ժաննա Բարսեղյանը ծնվել է 1980 թվականի դեկտեմբերին Փարիզի հյուսիսային արվարձաններից մեկում՝ Սյուրենում, հայի և բրետոնուհու ընտանիքում։ Ֆրանսահայ աղբյուրների տեղեկություններով` Ստրասբուրգի նորընտիր քաղաքապետը Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի երեք կին պատգամավորներից մեկի՝ Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանի ծոռնուհին է։
Ժաննա Բարսեղյանը մասնագիտությամբ իրավաբան է, ավարտել է Ստրասբուրգի համալսարանը, նրա նեղ մասնագիտացումը ֆրանսիական և գերմանական օրենսդրության համեմատական ուսումնասիրություններն էին։
Համալսարանն ավարտելուց հետո Բարսեղյանը ներգրավվում է բնապահպանական ակտիվ գործունեության մեջ, մի շարք ծրագրեր է իրականացրել թե Ֆրանսիայում և թե Ֆրանսիայի սահմաններից դուրս։ Տարիներ առաջ կյանքի կոչված էկոլոգիական ծրագրերից մեկը, ի դեպ, մամուլի տեղեկություններով, Հայաստանում էր։
Իր նախընտրական արշավի ընթացքում ևս Ժաննա Բարսեղյանը հիմնական շեշտը դնում էր բնապահպանական խնդիրների լուծման վրա։ Ընտրությունների նախօրեին Ֆեյսբուքում զետեղված ուղերձում ստրասբուրգցի կանաչների առաջնորդը, օրինակ, նշում էր. - «Առողջապահական այս խոշոր ճգնաժամից հետո բոլորիս համար էլ պարզ է՝ նախկինի պես շարունակելն այլևս անհնարին է։ Մեզ բնապահպանական, սոցիալական և ժողովրդավարական հստակ և հավակնոտ ծրագրեր են անհրաժեշտ», - նշում էր Ժաննա Բարսեղյանը՝ խոստանալով, որ քաղաքապետի պաշտոնում ընտրվելուց հետո իր առաջին քայլը լինելու է Ստրասբուրգում «կլիմայական արտակարգ դրության» հռչակումը։ Դրանով, ըստ Բարսեղյանի, Ստրասբուրգը կմիանա նույնատիպ քայլի դիմած ևս 800 քաղաքների օրինակին, որոնց թվում են նաև Նյու Յորքը, Բարսելոնան ու Փարիզը։
Ընդհանրապես, լայն հանրությանն անհայտ բնապահպանի՝ Եվրոպայի ոչ պաշտոնական մայրաքաղաք համարվող Ստրասբուրգում արձանագրած համոզիչ հաղթանակը Ֆրանսիայի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած հերթական կտրուկ շրջադարձի յուրատեսակ խորհրդանիշը դարձավ։
Արդեն իսկ կարելի է արձանագրել, որ կիրակի օրը կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլի գլխավոր հաղթողները դարձան կանաչները։
«Եվրոպա․ Բնապահպանություն․ Կանաչներ» կուսակցության առաջադրած թեկնածուները Ստրասբուրգից բացի, հաջողության հասան նաև այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսին են Ֆրանսիայի մեծությամբ երրորդ մեգապոլիս Լիոնը և մեծությամբ հինգերորդ քաղաք Բորդոն։ Կանաչների առաջադրած քաղաքապետի թեկնածուները համոզիչ հաղթանակ արձանագրեցին նաև Բեզանսոնում և Տուրում։
Կիրակնօրյա ընտրությունների գլխավոր անհաջողակը նախագահ Էմանյուել Մակրոնն էր, որի ղեկավարած կուսակցությունը երկրի խոշոր քաղաքներից և ոչ մեկում, այդ թվում` Փարիզում, չկարողացավ հաջողության հասնել։
Կանաչների աննախադեպ ընտրական հաջողությունն էր թերևս պատճառը, որ ընտրությունների արդեն հաջորդ օրը Մակրոնը Ելիսեյան պալատում բնապահպան ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ծավալուն մի ելույթով` խոստանալով, որ էկոլոգիական օրակարգը պետության կողմից այլևս անտեսված չի լինի։
«Պետությունը խոստանում է կատարել [բնապահպանական ծրագրերի] իր չափաբաժինը։ Այս պահին մշակվող տնտեսության վերականգնման ծրագրում 15 միլիարդ եվրո է նախատեսվում հատկացնել ֆրանսիական էկոնոմիկայի մի շարք ոլորտները բնապահպանական կանոններին համապատասխանեցնելու համար», - հայտարարում էր Էմանյուել Մակրոնը։