Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում այսօր ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլն է. ցուցակներում նաև ֆրանսահայեր կան


Այսօր Ֆրանսիայում ընթանում է տեղական ինքնակառավարման մարմինների կամ այլ կերպ ասած` քաղաքապետական ընտրությունների երկրորդ` ավարտական փուլը: Արդյունքները պարզ կդառնան երեկոյան:

Այս ընտրություններին մասնակից տարբեր կուսակցությունների ցուցակներում ներկայացված են բազմաթիվ ֆրանսահայեր: Նրանք, ստանձնելով քաղաքական պատասխանատվություն իբրև Ֆրանսիայի քաղաքացի, չեն մոռանում հայկական ծագումը, Հայ դատի պաշտպանության հանդեպ իրենց պատասխանատվությունը և պարտականություն են ստանձնում` գործելու նաև ի շահ Հայաստանի ու Արցախի:

Երիտասարդ քաղաքական գործիչ Անուշ Թորանյանը Հայ բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի գրասենյակի տնօրենն է, տարիներ ի վեր պայքարում է հայ մշակութային ժառանգության պահպանման և Հայաստանի ու Արցախի զարգացման համար, գլխավորում է Փարիզի 15-րդ թաղամասի ընտրական ցուցակը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ համատեղ: Մի անգամ Անուշ Թորանյանն ասել է, որ իր վերընտրման համար այս ընտրություններին պայքարող Անն Իդալգոն շատ հարցերի թվում իր ծրագրի կենտրոնում է դնում նաև Հայ դատի պաշտպանությունը: «Իր առաջին պաշտոնավարման ժամանակ նա ցույց է տվել Հայ դատին իր հավատարմությունը` ընդունելով համայնքին ցեղասպանության տարելիցների առթիվ, ներկա լինելով հայկական կարևոր իրադարձություններին, ստեղծելով Փարիզում Երևանի պարտեզը, նեցուկ լինելով Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանին և նրան Փարիզի շքանշանով պարգևատրելով, խոստանալով հայկական կենտրոն բացել Փարիզի 15-րդ թաղամասում: Այս ամենի համար ես հպարտ եմ նեցուկ լինել Փարիզի քաղաքապետին և համագործակցել նրա հետ», - նշել է նա:

Նմանատիպ իրողություններն են մղել նաև ֆրանսահայ Ալեքսիս Գովսյանին ընդգրկվել 9-րդ թաղամասի քաղաքապետ Դելֆին Բյուրկլիի ցուցակում 2-րդ մանդատի համար: Արդեն քաղաքապետի առաջին կցորդ Ալեքսիս Գովսյանը բացատրել է, որ քաղաքապետը երկրորդ պաշտոնավարման ընթացքում շարունակելու է գործել` ի նպաստ նաև հայկական մշակույթի ու հայկական հիշողության պահպանման: Օրինակ` Դելֆին Բյուրկլին ցանկանում է բազմաթիվ միջոցառումներով նշել Ֆրանսիայի կողմից 2001թ. Հայոց ցեղասպանության ճանաչման տարելիցը` ցուցահանդեսներ, ներկայացումներ, դպրոցական ծրագրեր կնվիրվեն այդ իրադարձությանը: «Նա ցանկանում է, որ տեղում ավելի լավ ճանաչեն Հայաստանն ու նրա պատմությունը, բայց նաև ներկան ու ներուժը», - ասել է Գովսյանը:

Բուշ դյու Ռոնի շրջանային խորհրդի նախագահ Մարտին Վասալը, ով ներկայացրել է իր թեկնածությունը ֆրանսիական երկրորդ քաղաքի` Մարսելի քաղաքապետի պաշտոնի համար, խոստացել է շարունակել կատարել շաղկապողի իր դերը Ֆրանսիայի և Հայաստանի միջև:

Ֆրանսահայ թեկնածուներից է նաև Ժաննա Բարսեղյանը, ով Ստրասբուրգում գլխավորում է «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցության ցուցակը և հիշատակվում է լրատվամիջոցների կողմից իբրև Ստրասբուրգի հաջորդ հավանական քաղաքապետ: Համայնքին քիչ հայտնի քաղաքական այս գործիչը հայտնաբերել է իր արմատները Հայաստան կատարած մի ճամփորդության ժամանակ, որը, ինչպես ինքն է ասել, հանդիսացել է ամենատպավորիչն իր կատարած ճանապարհորդություններից:

XS
SM
MD
LG