Հուլիսի 4-ի տոնակատարությունները Թրամփը սկսեց Ռաշմոր լեռ այցելելով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Անկախության օրվա տոնակատարությունները սկսեց Ռաշմոր լեռ այցելելով

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների Անկախության օրվա՝ հուլիսի 4-ի տոնակատարությունները սկսել է ճամփորդելով Հարավային Դակոտայում գտնող Ռաշմոր լեռ: Այս լեռան ժայռերին են քանդակված երկրի ամեհայտնի 4 նախագահների՝ Վաշինգտոնի, Ջեֆերսոնի, Լինքոլնի և Ռուզվելտի հսկայական դիմաքանդակները։

Նախագահ Թրամփը ելույթ է ունեցել Ռաշմորում՝ խիստ քննադատելով Ամերիկայի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաների մասնակիցների անկարգությունները, որոնք տապալում են Կոնֆեդերացիայի առաջնորդների և պատմական այլ գործիչների արձանները։ Նա ասել է, թե այդ մարդիկ փորձում են «ջնջել ԱՄՆ-ի պատմությունը»։

«Մի սխալվեք, դա ձախ թևի մշակութային հեղափոխություն է, որն իրականացվում է ամերիկյան հեղափոխության դեմ։ Դպրոցներում մեր երեխաներին սովորեցնում են ատել սեփական երկիրը», - Ռաշմորում հայտարարել է Թրամփը։

Մայիսի 25-ին Մինեապոլիսում սևամորթ Ջորջ Ֆլոյդի մահից հետո սկսված բողոքի ակցիաներն արագորեն վերածվեցին բռնությունների և անկարգությունների, որոնց մասնակիցները ոչ միայն խանութներ էին թալանում ու մեքենաներ հրկիզում, այլև տապալում էին պատմական գործիչների արձանները։

Չնայած կորոնավիրուսի համավարակի վտանգին՝ ուրբաթ օրը Ռաշմորում տոնական միջոցառումներ են անցկացվել, լեռան վրայով ռազմական օդանավերի թռիչք է իրականացվել, իսկ երեկոյան հրավառություն է կատարվել՝ առաջին անգամ վերջին տասնամյակի ընթացքում։

Զանգվածային միջոցառումներին մասնակցելու առումով Հարավային Դակոտայի հանրապատական նահանգապետ Քրիսթի Նոեմն ասել էր, թե կորոնավիրուսի հետ կապված ովքեր մտահոգություններ ունեն, կարող են մնալ տանը։

Ռաշմորում բնիկ ամերիկացիները բողոքի ակցիա են անցկացրել։ Այդ տարածքները նրանք համարում են իրենց սրբազան վայրերը, ինչպես նաև դեմ էին զանգվածային միջոցառման անցկացմանը կորոնավիրուսի համավարակի վտանգի պատճառով։ Ճանապարհը փակած ցուցարարներից մի քանիսին ոստիկանները բերման են ենթարկել։