Մատչելիության հղումներ

Հայաստանի ղեկավարները ԱՄՆ նախագահին շնորհավորել են Անկախության օրվա առթիվ


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա տիկնոջ՝ Մելանիա Թրամփի հետ, Բրյուսել, 11-ը հուլիսի, 2018թ.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա տիկնոջ՝ Մելանիա Թրամփի հետ, Բրյուսել, 11-ը հուլիսի, 2018թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում գրել է.

«Մեծարգո պարոն նախագահ,

Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ:

Հուլիսի 4-ի խորհուրդը վաղուց հատել է բուն ԱՄՆ սահմանները և դարձել անկախության համար մղվող հաղթական պայքարի խորհրդանիշ։ Հիմնադիր հայրերի կողմից սահմանված պետականաշինության գաղափարները վաղուց ի վեր օրինակ են դարձել ժողովրդավարության ուղին որդեգրած աշխարհի բազմաթիվ երկրների համար:

Երկու տարուց ի վեր Հայաստանի իշխանությունները շարժվում են համապարփակ ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման ճանապարհով: Այն պետք է հանգեցնի ժողովրդավարության և օրենքի գերակայության վերջնական հաստատմանն ու անշրջելիությանը մեր երկրում: Կոռուպցիայի դեմ պայքարն ու դատաիրավական համակարգի բարեփոխումներն այս առումով առաջնային տեղ են զբաղեցնում մեր այսօրվա օրակարգում:

Մենք երախտապարտ ենք Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների նկատմամբ ԱՄՆ ցուցաբերած զորակցության և ֆինանսական ու տեխնիկական աջակցության համար: Բարձր ենք գնահատում նաև այս օրերին աշխարհը պատուհասած համաճարակի դեմ պայքարի համար Ձեր վարչակազմի կողմից Հայաստանին տրամադրվող օժանդակությունը:

Հայաստանը մեծապես արժևորում է Միացյալ Նահանգների հետ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը՝ մեկ տարի առաջ հաստատված ռազմավարական երկխոսության շրջանակում: Կարևոր ենք համարում ուժերի ներածի չափով մեր շարունակական մասնակցությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և միջազգային անվտանգության ապահովման համար ԱՄՆ նախաձեռնություններին։ Բարձր ենք գնահատում ԱՄՆ կառուցողական ներգրավվածությունն ու հավասարակշռված քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։

Մենք այս տարի նշում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյա տարեդարձը: Պատմական այս նշանակալից փաստը, հիրավի, առանձնահատուկ զգացմունքային երանգ և բովանդակություն է հաղորդում մեր գործընկերությանը: Ընդհանուր ժողովրդավարական արժեքների հետ միասին այն ամուր հենք է ստեղծում մեր երկու երկրների բարեկամության հարատև զարգացման և առաջընթացի համար»:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանի ուղերձում ասվում է.

«Մեծարգո պարոն Նախագահ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ամերիկյան բարեկամ ժողովրդին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ:

Հա­յաս­տա­նի և Միացյալ Նահանգների ամուր գոր­ծըն­կե­րային հարաբերություն­ները մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ և դրանք խորացնելու երկուստեք ու անկեղծ ցանկությամբ: Վստահ եմ, որ հա­մա­տեղ ջան­քե­րի շնորհիվ մեր փոխգործակցությունը կշարունակի զարգա­նալ բոլոր մակարդակներով՝ ընդգրկելով նո­րա­նոր ո­լորտ­ներ:

Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ցանկանում եմ երախտիքս հայտնել այս ծանր օրերին Հայաստանին հատկացված օգնության և աջակցության համար: Համոզված եմ, որ միասին կհաղթահարենք կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած այս աննախադեպ ճգնաժամը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և հետագա առաջընթաց»:

Հայաստանի ղեկավարները Ամերիկայի բարեկամ ժողովրդին մաղթում են խաղաղություն, բարօրություն և շուտափույթ հաղթանակ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում։

XS
SM
MD
LG