Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև յուրահատուկ կապ կա, որն առանձնանում է փոխադարձ համակրանքով ու վստահությամբ: Այս մասին հայտարարում է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ԱՄՆ Անկախության օրվա առթիվ իր խոսքում:
Միանալով Միացյալ Նահանգների անկախության 244-րդ տարեդարձին նվիրված վիրտուալ տոնակատարությանը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշում է, որ առաջին անգամ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են ավելի քան հարյուր տարի առաջ, և շարունակում. - «1991թ․-ին հռչակված Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկու երկրները սերտորեն աշխատել են՝ ձևավորելու հիմքեր տարբեր ոլորտներում գործընկերային համագործակցության համար, այդ թվում՝ տարածաշրջանային և գլոբալ անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման և խաղաղապահության ուղղություններով։ Վերջին մի քանի տարիներին Հայաստանը նշանակալի առաջընթաց է արձանագրել ժողովրդավարական զարգացման ճանապարհին՝ ստեղծելով նոր հնարավորություններ մեր երկու երկրների միջև առավել ամուր գործընկերության ու համագործակցության համար։ Մեր քաղաքական հարաբերություններն այժմ ընթանում են ռազմավարական երկխոսության մակարդակում, որի շրջանակում անդրանիկ հանդիպումը տեղի ունեցավ 2019թ․ մայիսին Երևանում։ Մենք արժևորում ենք մեր նորացված երկխոսության ներառական բնույթը, որը թույլ է տալիս քննարկել ու ընդլայնել մեր ընթացիկ ընդհանուր օրակարգը։ Մենք բարձր ենք գնահատում տարեկան կտրվածքով ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը երկկողմ ձևաչափում, այդ թվում՝ վերջերս տրամադրված 5,4 միլիոն ԱՄՆ դոլար աջակցության փաթեթը համավարակի դեմ պայքարի գլոբալ նախաձեռնությունների շրջանակում»:
«Առիթից օգտվելով՝ Հայաստանի կառավարության և մեր ժողովրդի անունից ևս մեկ անգամ մեր հարգանքն ու երախտիքն ենք հայտնում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին ու Սենատին Հայոց ցեղասպանության մասին երկու առանցքային բանաձևերի ընդունման համար։ Որպես մարդու իրավունքների միջազգային պաշտպանության ջատագով՝ Հայաստանը պատրաստ է աշխատել Միացյալ Նահանգների հետ՝ մարդկության դեմ ուղղված հանցանքները կանխելու ու դատապարտելու ուղղությամբ։ Հենց այս տեսլականով Հայաստանը միացավ ԱՄՆ հովանու ներքո ստեղծված և կրոնական ազատությունների պաշտպանությանն ուղղված դաշինքին. ակնկալում ենք աշխատել ամերիկյան մեր գործընկերների հետ՝ ապահովելու կրոնական փոքրամասնությունների պաշտպանությանը Մերձավոր Արևելքում, որը մեր առավել ընդգրկուն հարևանության կայունության բանալին է», - հայտարարում է Մնացականյանը:
«Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի՝ որպես Մինսկի խմբի համանախագահներից մեկի հետևողական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ։ Հայ ժողովրդի համար չկարգավորված հակամարտությունը շարունակում է մնալ որպես լրջագույն մարտահրավեր Արցախի մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության առումով։ Մեր նպատակը հակամարտության արդարացի ու խաղաղ կարգավորումն է, որտեղ Արցախի անվտանգությունն ու առանց սահմանափակումների կարգավիճակը հանդիսանում են գերակա առաջնահերթություն», - Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ հայտարարում է նախարարը:
Մնացականյանն ընդգծում է ամերիկահայերի կարևոր դերը երկու երկրների միջև առավել կուռ ու ամուր բարեկամություն ու համագործակցություն ձևավորման հարցում. - «Նրանք Միացյալ Նահանգների՝ իրենց որդեգրած օջախի նվիրյալ քաղաքացիներ են և հայրենասեր ամերիկացիներ։ Նրանք հաջողությամբ ինտեգրվել են ամերիկյան հասարակությանը։ Որպես հայ՝ ամուր պահպանելով իրենց ինքնությանը և քաղաքակրթական արմատներին՝ նրան հաճախ հանդիսանում են մեր երկկողմ համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում գործընկերությունների ձևավորման անմիջական մասնակից»։
«Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ ազատության ու ժողովրդավարության երկրի տարեդարձը։ Անկախության օրվա առթիվ շնորհավորում եմ իմ ամերիկացի ընկերներին։ Ձեր մեծանուն երկրին ի սրտե մաղթում եմ խաղաղություն, աճ և բարեկեցություն։ Նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այս դժվարին ժամանակներում նաև զորկցություն եմ հայտնում բոլոր ամերիկացիներին։ Միացյալ Նահանգների ժողովուրդն ու կառավարությունը մեկ անգամ չէ, որ մարտահրավերների առերեսվելիս ցուցադրել են ուժ, կամք և միասնական ոգի։ Վստահ եմ, որ հուլիսչորսյան տոնին ուղեկցող տոնական տրամադրությունը, ինչպես միշտ, բարձր է։
Կեցցե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգները,
Կեցցե՛ Հայաստանը,
Կեցցե՛ հայ-ամերիկյան բարեկամությունը», - հայտարարում է Հայաստանի արտգործնախարարը:
Հիշեցնենք՝ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը: