Թորոսյան. Պայթյունավտանգ իրավիճակ չունենք, ինչ-որ չափով կարողանում ենք զսպել կորոնավիրուսի տարածումը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատասխանում է լրագրողների հարցերին, 3 հուլիսի, 2020թ.

Պայթյունավտանգ իրավիճակ չկա, հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ խոսելով կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության ձեռնարկած քայլերից և արձանագրված արդյունքներից։

Անցած օրերին հայտնաբերված դեպքերի թիվը շարունակում է 400-800 սահմաններում մնալ, 10 մահացած, 662 նոր վարակակիր, վերջին մեկ օրվա վիճակագրությունն է։ Անցկացված թեստերի մոտ 28 տոկոսն է դրական արդյունք ցույց տվել։

«Առնվազն Հայաստանի Հանրապետությունում բոլոր` կորոնավիրուսային հիվանդությունն ունեցող քաղաքացիները ստանում են պատշաճ բուժօգնություն, ինչը մեզնից շատ զարգացած երկրներում տեղի չի ունեցել, և այդ առումով կառավարության ջանքերն ավելի քան ողջամիտ և տեղին են և շարունակվում են լինել: Ինչ վերաբերում է թվերին, որոնք որ ցավոք սրտի չեն իջնում, բայց արձանագրվում են մեր նման հավաքների ժամանակ և ոչ թե բժշկական հաստատություններում, կախված է ոչ միայն կառավարության քայլերից, այլև մեր բոլորի վարքագծից, որ մենք գիտակցված գնանք դրան: Բայց նաև հավելելով կարող եմ ասել, որ մենք առնվազն պայթյունավտանգ իրավիճակակ չունենք, բոլոր կանխատեսումներով` հիմա, օրինակ, մենք պետք է ունենայինք 30 հազարից ավելի դեպք, բայց ունենք 27 հազար, այսինքն` մենք ինչ-որ չափով միևնույնն է` կարողանում ենք զսպել տարածումը և կարծես թե ուղիղ գծի վրա ենք հունիսի կեսերից սկսած», - ասաց առողջապահության նախարարը:

Մինչդեռ խորհրդարանական ընդդիմադիրները՝ «Բարգավաճն» ու «Լուսավորը», կարծում են՝ իշխանությունն ամբողջությամբ ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը։ Կառավարության ու պարետատան ձեռնարկած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրելու համար էլ խորհրդարանական քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ են հանդես եկել։ Այն արդեն իսկ ստեղծված է, բայց կգործի, թե՝ ոչ, սեպտեմբերին պարզ կդառնա, եթե իշխանությունը որոշի չտապալել հանձնաժողովականների թիվը սահմանող քվեարկությունը։ Առողջապահության նախարարը պատրաստ է պատասխանել հանձնաժողովականների բոլոր հարցերին, բայց կարծում է` Հայաստանն իր ունեցած ռեսուրսներով բավական լավ է պայքարել համաշխարհային մարտահրավերի դեմ։

Հրաժարական ներկայացնել, հայտարարեց, չի պատրաստվում. - «Այդ հարցերին բազմիցս պատասխանել ենք, հարգելի գործընկերներ, բացթողումների, սխալների, ինֆորմացիոն անհամաչափության. ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում դեռ չեն որոշել` դիմակներ կրեն, թե չկրեն այն դեպքում, երբ դա ապացուցված է, որ ազդում է», - նշեց նախարարը:

«Ազատության» հարցին` կարծո՞ւմ է, որ պետք է ստեղծվի ԱԺ քննիչ հանձնաժողովը, պատասխանեց. - «Դա քաղաքական ուժերի ցանկությունն է, ես անկեղծ ասած այդտեղ... Իմ քաղաքական գնահատականն է, որ Հայաստանն իր ունեցած ռեսուրսներով և իրավիճակով բավական լավ պայքարել է այս համաշխարհային մարտրահրավերի դեմ»:

«Այսօր իրավիճակն ավելի լավ է, քան երեկ», - հոսպիտալացման սպասող հիվանդներին անդրադառնալով` հայտարարեց նախարար Թորոսյանը. - «Այսօրվա դրությամբ մենք առավոտյան տանը սպասող հաստատված ընդամենը 2 դեպք ենք ունեցել` ի տարբերություն, օրինակ, երեկվա 20-ի, հետևաբար այսօր իրավիճակն ավելի լավ է, քան երեկ, և այդ իրավիճակն ամեն օր փոխվում է, և կոնկրետ դեպքերով մենք աշխատում ենք նաև կոնկրետ լուծումներ տալ նաև թեստավորման ծավալների ավելացման, արագացման, նման քաղաքացիներին տանը բուժօգնություն ցուցաբերելու, ինչպես նաև այլ բժշկական հաստատություններում, որոնք կորոնավիրուսով չեն զբաղվում, հատուկ բաժանմունքների առանձնացման, որոնք կզբաղվեն դեռևս չհաստատված դեպքերով»:

Վերջին օրերի ամենաքննարկվոող թեմաներից մեկի մասին՝ կորոնավիրուսից մահացած 82-ամյա գյումրեցի կնոջ դին երկու օրվա փնտրտուքից հետո երեկ գտնվեց։ Նրան ուրիշի փոխարեն էին հուղարկավորել, տեղի կունենա արտաշիրիմում։ Նախարարն ասում է՝ շփոթմունք է եղել․ - «Քաղաքացիներին փակ դագաղով չեն տալիս, տեղի է ունենում ճանաչում, որն այս դեպքում սխալ է տեղի ունեցել` հարազատը ճանաչել է իր հարազատի դին, բայց իրականում այդպես չի եղել, հետո նրանք ներողություն են խնդրել, որ սխալ մարդու դի են ճանաչել»:

Վերրջում մի փոքր վիճակագրություն․ կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը հասավ 469-ի, վերջին դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է՝ 10 պացիենտներից ամենաերիտասարդը 56 տարեկան էր, ամենատարեցը՝ 83, երկուսն էլ տղամարդիկ: Մահացածներից 2-ն էին կանայք։ Մարտի մեկից հետո Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 27 հազար 320 դեպք, այս պահին բուժում է ստանում 11 հազար 211 մարդ: