Խորհրդարանի ընդդիմադիրները՝ «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավորը», դիմել են Ազգային ժողովի նախագահին` ստեղծելու կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության ու պարետատան նախաձեռնած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով։
Ազգային ժողովից փոխանցում են, որ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, իրավունքի ուժով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով:
Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական հետապնդումից հետո ԲՀԿ-ն հայտարարեց` քննիչ հանձնաժողով ստեղծելու համար ստորագրություններ է սկսում հավաքել, կոչ արեցին «Լուսավորին» էլ միանալ: Էդմոն Մարուքյանի ղեկավարած խմբակցությունը պայման էր դրել՝ կհամաձայնեն, եթե հանձնաժողովի նախագահը ԼՀԿ-ից լինի։ Համաձայնությունը կայացել է:
Երկու խմբակցություններն առանձին-առանձին չեն կարող քննիչ հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությամբ հանդես գալ։ Հանձնաժողովի քննության առարկա են ուզում դարձնել ոչ միայն համաճարակի վերացման ուղղությամբ իշխանության գործողությունների արդյունավետությունը, այլև արտակարգ դրության ընթացքում մարդու իրավունքների սահմանափակումների իրավաչափությունը։
«Կառավարությունն ամբողջությամբ ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը: Որ Հայաստանը աշխարհում վատագույն արդյունքներից է ցուցաբերում` «հակառեկորդներ» է գրանցում, գալիս է վկայելու, որ եղել են բազմաթիվ թերացումներ. սոցիալական աջակցության ծրագրերն իրենց նպատակին չեն ծառայել, գրեթե անիմաստ և ապարդյուն են եղել, մարդիկ են եղել, ովքեր ստացել են հազար դրամ, 900 դրամ, 2 հազար դրամ փոխհատուցում: Եվ այդ ամենն, իհարկե, քննության առարկա պետք է դառնա», - ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
Իշխանական «Իմ քայլից» ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ընդդիմադիրների նախաձեռնությունը զավեշտալի է որակում. - «Համաճարակը դեռ չի ավարտվել, ու Աստված գիտի` երբ կավարտվի, և գնահատականներ տալու համար նախևառաջ վաղ է, դա մեկ, իսկ երկրորդը` «Բարգավաճ Հայաստանն» այն կուսակցությունն է, որի նախաձեռնությամբ, նաև «Լուսավոր Հայաստանը» չէր բացառում դա, արտակարգ դրության ժամանակ հավաքների թույլատրելու համար պատրաստվում էին դիմել Սահմանադրական դատարան, այնինչ առաջին իսկ նման փոքր հավաքի պարագայում «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարով հանդերձ վարակվեցին կորոնավիրուսով: Եվ այս հանձնաժողովը եթե ստեղծվի, նաև պետք է քննարկենք մեր ընդդիմադիր գործընկերների պահվածքը` արդյոք իրենք իրենց ոնց են դրսևորել այս ժամանակահատվածում որպես պատգամավոր: Իրենք սիրում են չէ՞ ասել, որ բազմահազարանոց ձայներ են ստացել»:
«Բարգավաճ Հայաստանի» պատգամավորների հետ ողջ օրը կապ հաստատել չհաջողվեց։ Ինչպես ֆեյսբուքյան էջում օրվա երկրորդ կեսին գրեց «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմումն արդեն ուղարկել են ԱԺ նախագահին: Հանձնաժողովը կղեկավարի «Լուսավորից» Արկադի Խաչատրյանը, կազմում էլ 12 պատգամավոր կլինի: Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն, քննիչ հանձնաժողովը ստեղծվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով` խորհրդարանի իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերը պարզելու և դրանք Ազգային ժողովին ներկայացնելու նպատակով:
Մարուքյանի պնդմամբ՝ անհրաժեշտ էր 33 պատգամավորի ստորագրություն, երկու խմբակցություններից 37-ն են ստորագրել։ Նկատենք, որ եթե թղթաբանությունը պատշաճ է կազմակերպված, պահանջն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելու պահից քննիչ հանձնաժողովը համարվում է ստեղծված, որի մասին հայտարարում է խորհրդարանի խոսնակը: Բայց կա ևս մեկ նրբություն․ որպեսզի հանձնաժողովը գործի, Ազգային ժողովը պետք է սահմանի հանձնաժողովականների թիվը, այս դեպքում արդեն խորհրդարանի որոշմամբ, իսկ այն առանց իշխանական «Իմ քայլի»` միայն ընդդիմադիրների ձայներով չի կարող ընդունվել:
Ի դեպ, նախադեպ կա. տարեսկզբին իշխանական խմբակցության պատգամավորները քվեարկությանն իրենց չմասնակցությամբ տապալեցին «Լուսավորի» նախաձեռնած` Երևանի քաղաքապետարանին «ԿամԱզ»-ներ նվիրելու հարցով քննիչ հանձնաժողովի կազմի ձևավորումը:
Ընդդիմադիրները հույս ունեն, որ իշխանությունը այս անգամ շահագրգիռ կլինի հանձնաժողովի ձևավորմամբ․ - «Այն ժամանակ նրանք փորձեցին դա արդարացնել` ասելով, որ ՏԻՄ-ը գտնվում է խորհրդարանի վերահսկողությունից դուրս, և չպետք է խորհրդարանը խառնվի ՏԻՄ-ի գործերին: Այս առումով այդ փաստարկը, համենայն դեպս որ նրանք բերում էին, այլևս չի գործի, որովհետև անմիջականորեն կառավարության` գործադիրի գործունեության հետ մենք գործ ունենք, և կարծում եմ` ամբողջությամբ իրավաչափ է, որպեսզի այս հանձնաժողովը ստեղծվի: Եկեք, մենք հույս ունենանք, որ կստեղծվի հանձնաժողովը, եթե չլինի, նոր կանդրադառնանք», - շեշտեց ԼՀԿ խմբակցության քարտուղարը:
«Ես դեմ չեմ այդ հանձնաժողովի ստեղծմանը, թեև մեր ընկերների հետ ես դեռ չեմ քննարկել, բայց ժամանակավրեպ եմ համարում», - հավելեց «Իմ քայլից» Ալեն Սիմոնյանը:
Հանձնաժողովը կգործի, թե՝ ոչ, Գևորգ Գորգիսյանն ասաց՝ պարզ կդառնա սեպտեմբերին՝ առաջիկա հերթական նիստի ընթացքում․ - «Համենայն դեպս մենք չենք նախաձեռնելու արտահերթ նիստ` դա քննարկելու համար: Չեմ կարծում` դրա կարիքը կա»:
Իր հայտարարության մեջ Ազգային ժողովի նախագահը նշել է. «Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի 2020թ. սեպտեմբեր ամսվա առաջին հերթական նիստում»: