Նոր քրեական գործ է հարուցվել Գագիկ Ծառուկյանի առաջնորդած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) կողմից 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու դրվագով։ Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ քաղաքացիներն արձագանքում են իրավապահների կոչին՝ օժանդակել իրենց բացահայտելու ընտրական հանցագործությունը, որն առնչվում է ընդդիմադիր ԲՀԿ-ին և նրա առաջնորդ, մեծահարուստ Գագիկ Ծառուկյանին։
Նման կոչ հնչեց վերջերս, երբ ԱԱԾ-ում քննվող գործով մեղադրանք առաջադրվեց պատգամավորական առնձեռնմխելիությունից զրկված Ծառուկյանին՝ ընտրակաշառք տալը կազմակերպելու համար։ Ըստ գլխավոր դատախազության, վերջերս քաղաքացիներից մեկը դիմել է իրավապահներին և հայտարարել ընտրական հանցագործության մասին։ Նա հայտարարել է, որ 2017թ․ ապրիլի 2-ին՝ խորհրդարանական ընտրությունների օրը, Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի թիվ 28/16 ընտրատեղամասում՝ գյուղի դպրոցի կողային հատվածում. սև գույնի «Լանդ Քրաուզեր» մակնիշի ավտոմեքենայից ինչ-որ անձ իրեն առաջարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու համար յուրաքանչյուր անձի քվեի դիմաց 5 հազար դրամ։ Ինքն էլ վերցրել է 15 հազար դրամ, որպեսզի ինքը, մայրը և կինը քվեարկեն ԲՀԿ-ի օգտին։
Քրեական գործը հարուցվել է 154.2 հոդվածով՝ ընտրողներին կաշառք տալը։ Այս քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։
ԲՀԿ պատգամավոր, կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ այս դեպքը ցույց է տալիս, թե որքան անհիմն է Ծառուկյանի քրեական գործը. - «Շուրջ մեկ շաբաթ է` այդպես կոչ-հորդոր-խնդրանքով դատախազությունը դիմել էր ազգաբնակչությանը, և այս օրերի ընթացքում փաստորեն «գտնվել է» ինչ-որ մեկը, ով ասել է, թե իբր «Բարգավաճ Հայաստանն» իրեն կաշառք է առաջարկել կամ տվել, իսկապես խորապես ցավում եմ դատախազության այս գործելաոճի համար, որովհետև բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, թե այս ամենի հիմքում ինչ է ընկած, ինչպես են ձեռք բերվում նման «ապացույցներն ու ցուցմունքները», որոնք փաստորեն եկան ապացուցելու, որ գլխավոր դատախազությունն առաջնորդվել է այն սկզբունքով, որ դե քրեական գործը հարուցենք, Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկենք, հետո ապացույցները մի ձև կճարենք կամ կմոգոնենք»:
Անդրադառնալով քաղաքացիներին ուղղված իրավապահների կոչին՝ Տոնոյանը շեշտում է՝ լավ հասկանում են, թե ինչպես են ձեռք բերվում նման ցուցմունքները։ Մյուս կողմից, կաշառք ստացող քաղաքացին պետք է հասկանա, որ դա քրեորեն պատժելի արարք է, ընդգծում է ԲՀԿ-ի ներկայացուցիչը. - «Դատախազությունը այդ կոչով հանդես գալուց առաջ լավ կլիներ, որ մարդկանց նաև այդ մասին տեղեկացներ, իսկ այս դեպքում եթե այդ մարդիկ «պատասխանատվության չենթարկվեն», ուրեմն բնականաբար, դա ենթադրում է, որ առկա են ինչ-ինչ պայմանավորվածություններ, այսինքն` ինչ-ինչ պայմանավորվածություններ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ ցուցմունք տալու փոխարեն չկրել որևէ պատասխանատվություն կամ պատիժ: Ես կրկնում եմ, որ ես «Բարգավաճ Հայաստանի» մասով բացառում եմ, որովհետև ինքս եղել եմ ընտրական պրոցեսների մեջ մասնագիտության այս կամ այն բերումով 12թ. խորհրդարանական ընտրություններին, 17, հետագայում նաև 18-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այնպես որ ես բացառում եմ, որ հնարավոր է նման նախադեպ ընդհանրապես»:
Թեև ԲՀԿ-ականները կտրականապես հերքում են ընտրակաշառք բաժանելու մասին իրավապահների պնդումները, օրերս Լոռու մարզի մի քանի գյուղերում ընտրողները անկաշկանդ պատմել էին, թե ինչպես են 2017-ին գումարի դիմաց քվեարկել թե՛ այն ժամանակ իշխող ուժի՝ Հանրապետականի, այնպես էլ ԲՀԿ-ի օգտին. - «17 թվին էլ փողը տվել ա, ընտրել են, ո՞նց ա էլել, ձրի ո՞վ է ընտրել: Հանրապետականը չի՞ տվել փող: Փողով ա էլել։ Ինձ էլ են առաջարկել, որ բաժանեմ մարդկանց փող, բերել են, տվել, ասել են` բաժանի, էտտեղ ի՞նչ գաղտնիք կա, իբր դա գաղտնիք ա հա՞, ո՞վ չգիտի»:
Ծառուկյանին կալանավորելու՝ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը մերժած դատարանը եզրահանգել էր՝ կան հիմնավոր կասկածներ, որ Ծառուկյանը առնչություն ունի այդ հանցագործությանը, բայցև կարող է գտնվել ազատության մեջ։
3 տարի առաջ անցկացված խորհրդարանական ընտրություններին հետևած միջազգային դիտորդները թեև հայտարարել էին, որ ընտրությունները լավ էին կազմակերպված, ընդհանուր առմամբ պահպանվել են հիմնարար ազատությունները, սակայն նաև շեշտել էին, որ դրանց վրա հետք են թողել ընտրակաշառքի վերաբերյալ արժանահավատ տեղեկություններն ու ընտրողների վրա գործադրված ճնշումները: Տեղական դիտորդները ավելի խիստ գնահատականներ էին հնչեցրել՝ քվեարկության գաղտնիության խախտում, ընտրողների ուղղորդում, տեղամասերում կողմնակի անձանց ներկայություն, ճնշում և բռնություն, մարդկանց կամ մեքենաների կուտակումներ, ընտրողին քվեարկելիս օգնելու կարգի խախտում և ընտրակաշառքի դեպքեր։