Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ քաղաքացիներն արձագանքում են նախորդ համապետական ընտրություններում հնարավոր ընտրական հանցագործությունների բացահայտման հարցում օժանդակելու իրավապահ մարմինների կոչերին։
Մասնավորապես, քաղաքացուց ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել, որ 2017թ․ ապրիլի 2-ին՝ Կոտայքի Մրգաշեն գյուղի թիվ 28/16 ընտրատեղամասում կայացած Ազգային ժողովի խորհրդարանական ընտրությունների ժամանակ` ժամը 12:30-ի սահմաններում, գյուղի դպրոցի կողային հատվածում կանգնած՝ գործով դեռևս չպարզված սև գույնի «Լանդ Քրաուզեր» մակնիշի ավտոմեքենայից ինչ-որ անձ իրեն առաջարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու համար յուրաքանչյուր անձի քվեյի դիմաց 5 հազար դրամ գումար, և ինքը, ընդունելով նշված անձի առաջարկը, վերջինիցս վերցրել է ընդհանուր 15 հազար դրամ գումար՝ իր, մոր և իր կնոջ կողմից նշված կուսակցության օգտին քվեարկելու համար, որից հետո վերջիններս կատարել են քվեարկություն:
Ինչպես հայտնում է դատախազությունը, Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնում նախապատրաստված նյութերով Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 1-ին մասով (թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար կաշառք ստանալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը) և 154.2 հոդվածի 2-րդ մասով (ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ իր ներկայացրած անձի (կուսակցության, կուսակցության դաշինքի) համար կաշառք տալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ տրամադրելը) հարուցվել է քրեական գործ։
Քննչական ենթակայության կարգով քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար: