ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ՍԴ-ի մասին օրենքում փոփոխությունները, չեղարկեց հանրաքվեն

ՀՀ ՍԴ շենքը Երևանում

Ազգային ժողովն այսօր գումարած արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների առաջարկած փոփոխությունները և լրացումները:

Սահմանադրական օրենքում փոփոխությունների և լրացումների ու «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման, սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների փաթեթին կողմ քվեարկեց 80, դեմ՝ 1 պատգամավոր:

Առաջարկվող փոփոխություններով, հիշեցնենք, լուծվելու է բարձր դատարանում առնվազն 12 տարի պաշտոնավարած դատավորների կենսաթոշակի հարցը, ամրագրվելու են դատավորների թափուր տեղերը, կարգավորվելու է ՍԴ նախագահի թափուր տեղի համալրման հարցը:

Հունիսի 22-ին խորհրդարանի ընդունած սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ Հրայրը Թովմասյանը պետք է թողնի ՍԴ նախագահի պաշտոնը, և բարձր դատարանի կազմից պետք է հեռանան 12 տարի և ավելի պաշտոնավարած դատավորները, որոնք են, ըստ փոփոխությունները նախաձեռնած «Իմ քայլը» իշխանական խմբակցության պատգամավորների և Կառավարության, Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը:

Խորհրդարանն այսօր ուժը կորցրած ճանաչեց այս տարվա փետրվարի 6-ի իր որոշումը սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու մասին:

Ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեով պետք է լուծվեր Սահմանադրական դատարանի նախագահի և 6 անդամների լիազորությունները դադարեցնելու հարցը: Քարոզարշավը մեկնարկել էր փետրվարի 17-ին և տևեց մինչև մարտի 12-ը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի տարածման պատճառով ընդհատեց արձակուրդն ու քարոզարշավը և վերադարձավ Երևան: Հանրաքվեի հետ կապված բոլոր գործընթացները դադարեցնելու որոշումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրեց արտակարգ դրություն հայտարարելուց հետո՝ մարտի 17-ին: Այս ամիս էլ խորհրդարանն ընդունեց հանրաքվեն չեղարկելու հնարավորություն տվող օրենք: