Նաիրա Զոհրաբյան․ Նիկոլ Փաշինյանը պետք է հարցաքննվի

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի պնդմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հարցաքննվի իր այն հայտարարության կապակցությամբ, թե որևէ մեկի համար նորություն չէ, որ ԲՀԿ-ն ընտրակաշառքով է ընտրվել։

Հիշեցնենք, այդ մասին Փաշինյանը հայտարարել էր անցած շաբաթ խորհրդարանի ամբիոնից։

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, վարչապետը շատ ծանրակշիռ հայտարարություն է արել և պետք է հիմնավորի այն։

«Այսինքն նորությո՞ւն ա, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որ ընտրակաշառք են բաժանել, և նորությո՞ւն ա, որ«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրակաշառքով ա ընտրվել: Նորությո՞ւն ա որևէ մեկի համար», - ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Նաիրա Զոհրաբյանն այսօր նշեց. – «Ես կարծում եմ, մեր իրավապահ համակարգը պիտի հարցաքննության հրավիրի նաև Հայաստանի Հանրապետության վարչապետին` իր ունեցած տեղեկատվությունը փաստերով, ոչ թե ըստ օդում կախված լուրերի, այլ փաստերով հիմնավորելու համար: Մենք կսպասենք փաստերի: Եթե ես հայտարարեի, բնականաբար, հաջորդ օրը ինձ կկանչեին: Եթե ես հայտարարեի, որ, ասենք, մենք տեղեկություն ունենք, որ, օրինակ, վերջին` 2018 թվականի ընտրություններում տարբեր օլիգարխներ, ովքեր նախկինում աշխատել են նախկին իշխանության համար, շատ ակտիվ աշխատել են «Իմ քայլի» իքս կամ իգրեկ պատգամավորի համար, ինձ անմիջապես, և ես դա նորմալ կհամարեի, կկանչեին հարցաքննության և կասեին` ներկայացրեք ձեր փաստերը: Մալաթիայի կամ այլ համայնքներում, ասենք, նախկին հանրապետական օլիգարխները ինչպես էին իրենց ճղում, ասենք, «Իմ քայլի» պատգամավորների օգտին քվե բերելու համար: Բայց ես նման բան չեմ ասում, ես ընդամենը ասում եմ`օդում կախված տեղեկություններ: Էնպես որ, եթե նման հայտարարություն արվում է, ապա այդ հայտարարությունը պիտի ամրագրվի կոնկրետ փաստերով»:

Մանե Գևորգյան

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը, ի պատասխան Փաշինյանին հարցաքննելու Նաիրա Զոհրաբյանի պնդմանը, «Ազատության» հետ զրույցում նշեց, որ Փաշինյանը չի հրաժարվում իր խոսքերից, իսկ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված ընտրակաշառքի գործով ով պետք է՝ հարցաքննվում է. – «Ինչ կատարվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից ՏԻՄ և համապետական ընտրություններից առաջ, հայտնի է հանրության լայն շրջանակներին։ Եվ ներկայում, ինչպես գիտեք, քննվում է քրեական գործ մի քանի հարյուր միլիոն դրամի ընտրակաշառք բաժանելու մասով: Ավելին ասեմ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար կազմի հայտնի անդամներից մեկը` հենց Աբրահամ Մանուկյանը, օրեր առաջ կալանավորվեց հենց այդ գործով: Հետևաբար ես, ճիշտն ասած, չեմ հասկանում, թե ինչ փաստեր ներկայացնելու և հարցաքննությունների մասին ա խոսում տիկին Զոհրաբյանը: Նշված քրեական գործով ով անհրաժեշտ է, նա էլ հարցաքննվում է»:

Դիտարկմանը, որ Նաիրա Զոհրաբյանը նկատի ունի վարչապետի այն պնդումը, որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ «Բարգավաճ Հայաստանը» ընտրակաշառքով է ընտրվել, Գևորգյանն արձագանքեց. – «Այո, վարչապետը հայտարարել է նման բան և իր արած հայտարարություններից իհարկե չի հրաժարվում: Ինչ վերաբերվում է, թե ով պետք է հարցաքննվի, դա որոշում է պատասխանատու մարմինը»:

Գևորգյանը հավելեց, որ եթե նման հրավեր լինելու դեպքում վարչապետը չի հրաժարվի:

Հիշեցնենք, ԲՀԿ-ին և նրան առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մեղսագրվող ընտրակաշառքի գործով անցած շաբաթ օրը կալանավորվեց ԲՀԿ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը: Նա մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու գործըթնացը կազմակերպելու գործում Գագիկ Ծառուկյանին և այլոց հանցակցելու համար։

Ըստ դատախազության, «Երևանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Ծառուկյանը 2017-ին իրեն առաջարկել է մասնակցել ընտրություններին՝ պայմանով, որ ապահովի 9000 ձայն: Այդ պայմանավորվածության համաձայն, Սեդրակ Առուստամյանից և Աբրահամ Մանուկյանից ստացել է 10-ը հազար անվանական արժեքով թղթադրամներ, որոնք պետք է բաժանվեին ընտրողներին:

Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը նոնսենս էր որակել այն հանգամանքը, որ ընտակաշառքի գործով ենթադրյալ գլխավոր կազմակերպիչը՝ Գագիկ Ծառուկյանը ազատության մեջ է, մինչդեռ Աբրահամ Մանուկյանը, ում 60 տարին լրացած է և ովնտառապում է ծանր հիվանդություններով, մի ցուցմունքի հիման վրա կալանավորվում է։

Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ, Մանուկյանին կալանավորել են մի նպատակով, որպեսզի նրանից Գագիկ Ծառուկյանի դեմ ցուցմունք կորզեն. – «Կալանքը ընտրվել է խափանման միջոց` Գագիկ Ծառուկյանի հանդեպ ցուցմունք կորզելու ակնկալիքով։ Էնքան պարզ է, էնքան հստակ է, որ այստեղ այլ կարծիք լինել ուղղակի չի կարող»:

Գոռ Աբրահամյան

Մինչդեռ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, թե ցուցմունք կորզելու մասին պնդումը քաղաքական հայտարարություն է, քանի որ խափանման միջոցի վերաբերյալ դատարան ներկայացվող միջնորդություններում պետք է փաստարկված լինեն ոչ միայն անձին մեղսագրվող արարքները, այլև ներկայացված լինեն այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ անձի ազատության մեջ գտնվելու դեպքում: Հետևաբար, ըստ Աբրահամյանի, պատժիչ գործողության կամ ցուցմունք կորզելու մասին խոսք լինել չի կարող:

Ինչ վերաբերում է այն հարցադրմանը, թե ինչպես է ստացվում, որ ընտրակաշառքի գործով ենթադրյալ գլխավոր կազմակերպչին` Գագիկ Ծառուկյանին ազատ են արձակում, իսկ Աբրահամ Մանուկյանին կալանավորում են մեկ ցուցմունքի հիման վրա, Գլխավոր դատախազի խորհրդականն ասաց, թե իրենք արդեն Վերաքննիչ դատարանում բողոքարկել են առաջին ատյանի դատարանի` Ծառուկյանին չկալանավորելու մասին որոշումը. – «Արդեն բողոքարկել ենք Վերաքննիչ դատարան, որովհետև համոզված ենք, որ առկա են հիմքերը նրա նկատմամբ կալանքը կիրառելու, և առավել քան առկա է հիմնավոր կասկածը... նրա առնչությունը հնարավոր իրեն մեղսագրված արարքներին»:

Հավելենք, որ Վերաքննիչ դատարանից «Ազատությանը» փոխանցեցին, որ Ծառուկյանի խափանման միջոցի հետ կապված դատախազության բողոքը դեռևս որևէ դատավարի չի մակագրվել: