Մատչելիության հղումներ

Նաիրա Զոհրաբյանը չի բացառում, որ Վերաքննիչը կկալանավորի Գագիկ Ծառուկյանին


Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 21-ին մերժեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։

Այս թեմայով «Ազատությունը» զրուցել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

Նաիրա Զոհրաբյան. - Այո, սա քաղաքական պատվեր է, ինչո՞ւ, որովհետև մինչև այն պահը, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը չէր հնչեցրել մեր հատուկ խորհրդում իր մտահոգությունները, ի դեպ, ասեմ, որ բավականաչափ կոռեկտ, առանց որևէ մեկին վիրավորելու, առանց ուլտիմատումների, առանց անձնական տիրույթ անցնելու իր մտահոգությունները, իր գնահատականները երկրում տիրող ոլորտային ձախողումների, այդ թվում նաև Covid-ի դեմ պայքարի ձախողումների վերաբերյալ, «Բարգավաճ Հայաստանը» լավ գործընկեր էր, Գագիկ Ծառուկյանը ընդամենը խոշոր սեփականատեր էր, և Գագիկ Ծառուկյանը լավագույն գործընկերն էր: Որ պահին, որ մեր հատուկ նիստում հնչեցվեց Ծառուկյանի կողմից այդ գնահատականները, էլ ես չպատմեմ ձեզ, թե դրանից հետո ինչ եղավ, ինչպես ամբողջ ֆեյք ինդուստրիան գործի դրվեց՝ վարկաբեկելու կուսակցության նախագահին, ինչպես «Իմ քայլի» պատգամավորները, խախտելով մարդու անմեղության կանխավարկածը, սկսեցին իրենց անձնական, պաշտոնական, սոցիալական էջերում տպագրել նախաքննության նյութեր, ինչ-որ այսպես ասած աղյուսակներ, A4 ֆոմատրի վրա տպած ինչ-որ թղթեր, որը այնուհետև գլխավոր դատախազը սկսեց թափահարել Ազգային ժողովում:

«Ազատություն». - Բայց Գագիկ Ծառուկյանը մինչև այդ ելույթը չգիտե՞ր, որ արդեն քրեական գործ կա, ասում են՝ դա է ազդակը եղել, որ իշխանություններին քննադատի:

Նաիրա Զոհրաբյան. - Սա համարում եմ հերթական էժանագին մանիպուլյացիա: Մեզանից որևէ մեկը չգիտեր, որ նման քրեական գործ կա: Ավելին, ես վստահ եմ, որ նման որևէ քրեական գործեր չեն եղել, որովհետև դատախազը մի նախադասություն սպրդեց իր շուրթերից դահլիճում, որ չեմ հիշում՝ իմ գործընկերներից որ մեկը հարցրեց Վազգեն Պողոսյանի ցուցմունքի հետ կապված, ասաց՝ «դե, հա, այդ մի գիշերվա», ինչ-որ մի ձևակերպում տվեց: Հանկարծ որևէ մեկը չմտածի, որ եթե իսկապես նախապես քրեական գործերը լինեին, ինչը ասում եմ՝ չի եղել, և մեր տեղեկությամբ մի քանի տասնյակից ավելի քննիչներ մի քանի օրում լծված են եղել այս գործն արագ թխելուն և կարելուն, բայց եթե անգամ տեսականորեն ընդունենք, որ այդ գործերը եղել են մինչ հատուկ նիստը, ապա դա, բնականաբար, ոչինչ չէր կարող փոխել հատուկ նիստում Գագիկ Ծառուկյանի հնչեցրած շեշտադրումների մեջ:

«Ազատություն». - Եթե կան այդպիսի դատավորներ, որոնք դեմ են գնում իշխանությանը, այդ դեպքում ի՞նչ ռեպրեսիաներ, բռնապետություն: Բացի այդ ձեզ հիշեցնում են, որ նախկինները, երբ դատավորն իրենց ազատ է արձակում, ասում են՝ «ահա, արդար դատավոր է», իսկ երբ՝ ոչ, ասում են՝ «քաղաքական պատվեր է», հիմա սա էլ են տեղավորում այդ համատեքստում:

Նաիրա Զոհրաբյան. - Նախ, ես չէի ցանկանա հիմա հերոսացնել այդ դատավորին, ազգանունն անկեղծ ասած չեմ հիշում դատավորի Գագիկ Ծառուկյանի գործով, ես բնավ հակված չեմ իրեն հերոսացնելու: Արդեն այնպիսի մթնոլորտ է ստեղծվել երկրում, որ մարդը, դատավորը, քաղաքացին, պատգամավորը, եթե չի շեղվում օրենքից, ուրեմն ասում են՝ «այ, տես, ինչ հերոս է», ոչ, նա հերոս չէ, նա դատավոր է, որն ընդամենը հավատարիմ է եղել Քրեական օրենսգրքին և իր խղճին: Ես չեմ բացառում, որ արդեն դատախազը ժանրի կանոնների համաձայն բողոքարկել է հաջորդ դատական ատյանում, հաջորդ դատավորը չի ունենա այդ քաղաքացիական խիզախությունը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG