Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) համավարակի տագնապալի միտում է տեսնում ինչպես Հայաստանում, այնպես էլ 10 այլ՝ եվրոպական և նախկին խորհրդային մի շարք երկրներում։
Covid-19 դեպքերի թիվը սկսել է նորից աճել կարանտինային միջոցառումների վերացումից հետո, նկատում են ԱՀԿ-ի մասնագետները։ Հայաստանից բացի ԱՀԿ-ն միտումը տագնապալի է համարում Շվեդիայում, Մոլդովայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ալբանիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Ղրղըզստանում, Ուկրաինայում և Կոսովոյում: ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլուգեն ասել է, որ վերջին երկու շաբաթների ընթացքում 30 երկրներում վարակակիրների թվի աճ է գրանցվել:
«Եթե ոչինչ չձեռնարկվի, Եվրոպայում առողջապահական համակարգերը նորից ծանրաբեռնված կլինեն», - ասել է ԱՀԿ ներկայացուցիչը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարետատան նիստից հետո ասաց՝ օրեր առաջ հանդիպել է ԱՀԿ ներկայացուցչի հետ։ Քննարկել, թե ինչպես է Հայաստանը պահպանում հակահամաճարակային կանոնները։ Խնդիրը կանոնների պահպանման որակի մեջ է։
«Կազմակերպության ներկայացուցիչն այսպիսի արտահայտություն արեց, ասաց, որ «այս պահին, ցավոք սրտի, մենք չունենք պատվաստանյութ, և հայտնի չէ, թե մենք երբ կունենանք պատվաստանյութ, մինչև չկա իրական արդյունավետությունն ապացուցած պատվաստանյութ, պատվաստանյութը մնում է սա»՝ նկատի ունենալով դիմակը: Ուրիշ տարբերակ չկա: Մեր ռազմավարությունը հետևյալն է, որ մենք պետք է մաքսիմալ բարձր որակով կարողանանք կորոնավիրուսի հետ համատեղ ապրել, կանոնների համընդհանուր պահպանմամբ, բայց մենք երբեք չենք բացառել, որ կարող է գալ մի իրավիճակ, երբ որ մենք նորից գնանք համընդհանուր սահմանափակումների՝ հասկանալով, որ դա կարող է ջարդել մեր տնտեսության ողնաշարը, բայց մարդկանց կյանքերը փրկելու այլ տարբերակ պարզապես չլինի: Ես ուզում եմ հույս ունենալ և կոչ անել, որպեսզի մենք այս պահից սկսած համատարած դարձնենք հակահամաճարակային կանոնների պահպանումը», - ասաց վարչապետը:
Հայաստանում վերջին մեկ օրում իրականացված 2 հազար 310 թեստավորվածներից կորոնավիրուս է հաստատվել 759 մարդու մոտ, մահացել է ուղեկցող քրոնիկական հիվանդություն ունեցող 13 անձ։ Նախօրեին առողջացել է 814 քաղաքացի։
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը մարտի 1-ից ի վեր 23 հազար 247 է, մահվան դեպքերը՝ 410։ Կորոնավիրուսով վարակված ևս 131 անձ մահացել է այլ պատճառներով:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանը նոր ռեկորդներ է սահմանում. «Ցավոք սրտի, այսօր Հայաստանի Հանրապետությունը 1 միլիոն բնակչին ընկնող վարակվածների թվով և ամենօրյա նոր վարակների թվով առաջատար տեղ է զբաղեցնում աշխարհում: Սա մեծ պրոբլեմ է մեզ համար, բոլորիս համար: Բայց կա մեկ շատ ավելի կարևոր պրոբլեմ, որից մեր կարծիքով բխում է այս երկրորդ պրոբլեմը՝ այս իրավիճակի գիտակցումը և տրամադրությունը Հայաստանի Հանրապետությունում չկա: Հիմա՝ այս պայմաններում, մեր երկրում պետք է լիներ մի իրավիճակ, երբ որ մեր երկրի 3 միլիոն բնակչությունն ամբողջությամբ ամենօրյա ռեժիմով պայքարում է համավարակի դեմ, բայց ցավոք սրտի, մենք այդպիսի իրավիճակ դեռևս չունենք»:
Նիկոլ Փաշինյանը նշեց՝ շարունակում են խնդիր մնալ բակերը, հոգեհանգստյան արարողությունները։ Ասաց՝ առաջիկայում հակահամաճարակային կանոնների խստացմանն են գնալու, քանի դեռ վարակակիրների թիվը չի նվազել։
«Մենք այսօր արձանագրել ենք, որ նաև վարչական իրավախախտումների ընթացակարգերով մոտենում է այն ժամկետը, երբ դիմակ կրելու կանոնները խախտելու համար արձանագրված տուգանքները պետք է սկսեն նաև բռնագանձվել: Մենք քննարկում ենք նաև օրենսդրական այնպիսի փոփոխություններ մտցնել, որը տուգանքի նշանակումից մինչև գանձելու պահը առավել կարճ ժամանակահատված կվերցնի, առավել կարճ կտևի», - ասաց Փաշինյանը:
Ճեպազրույցին էր մասնակցում նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ընդունարանի տնօրեն Կարեն Տոնոյանը։ Ասաց՝ հիվանդությունն ինչքան արագ է տարածվում, այնքան արագ էլ վնաս է հասցնում հիվանդների առողջությանը։ Այս հիվանդությունը խաղ չէ, ընտանիքների է դժբախտացնում:
«Ժամերի ընթացքում իր ոտքով հիվանդանոց եկած հիվանդը կարող է շատ ծանր առողջական խնդիրներ ունենալ: Խնդրում եմ՝ կրեք դիմակներ, ճիշտ կրեք դիմակներ, դրանից շատ բան է կախված՝ ձեր ծնողների, ձեր մեծերի, ձեր երեխաների ապագան: Մենք դեռ չգիտենք՝ մեր երեխաները, որոնք այժմ թեթև են հիվանդանում, վաղը ինչ կլինի նրանց հետ, խնդրում եմ՝ ախտահանեք ձեռքերը հաճախակի, օրը հազար անգամ, միլիոն անգամ, ինչքան հնարավոր է: Ախտահանեք ձեռքերը, կրեք դիմակներ և պաշտպանեք ձեզ, ձեր ընտանիքին, մեր մեծերին, մեր փոքրերին», - նշեց ԲԿ-ի ընդունարանի տնօրենը:
Այս պահին հիվանդանոցներում և տանը բուժում են ստանում 10 հազար 557 հիվանդ։ Թեստավորվածների թիվն անցել է 105 հազարը։
Երեկ կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել էր, թե ինչպիսի՞ն է վարակի տարածվածության պատկերը։ 10-15 օր առաջ կարծիքներ էին հնչում, թե հնարավոր է` վարակակիրների թիվը 100 հազարի է հասնում։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պարզաբանմամբ՝ մեկ օրում եթե որոշեն հետազոտել Հայաստանի ողջ բնակչությանը, միևնույնն է` իրական պատկեր չի ստացվի, քանի որ վիրուսն ախտորոշվում է վարակվելուց օրեր անց, ամեն դեպքում հույս ունի՝ թիվը 100 հազարից պակաս է։