Մատչելիության հղումներ

Հայաստանում համաճարակային վիճակը շարունակում է ծանր մնալ. վարչապետ


Հայաստանում համաճարակային վիճակը շարունակում է ծանր մնալ, պարետատան նիստից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նշեց՝ վիճակը կայուն է, սակայն ոչ մի երաշխիք չկա, որ դա կպահպանվի։ Ըստ վարչապետի՝ միակ գործիքը հակահամաճարակային կանոնները խստիվ պահպանելն է։

Հայաստանում 1089 թեստավորվածներից կորոնավիրուս է հաստատվել 320 մարդու մոտ։ Նախօրեին արձանագրվել է մահվան 10 դեպք, հիվանդներից 9-ը ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Կորոնավիրուսով վարակված ևս 3 մարդ մահացել է այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 117 է։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը երեկ արդեն հատեց 20 հազարը, ընդհանուր առմամբ՝ 20 հազար 588 դեպք, մահվան դեպքերը 360 են։ Այս պահին և՛ հիվանդանոցներում, և՛ տանը բուժում են ստանում 10 հազար 980 մարդ:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց՝ այս պահին ծանր վիճակում են գտնվում 504, ծայրահեղ ծանր՝ 123 քաղաքացի, թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված է 44 քաղաքացի։

«Ինչը շատ մտահոգիչ է և կրկին կոչ եմ անում այս վարքագիծը որդեգրել որպես երկարատև վարքագիծ և ոչ թե կարճատև՝ մեկօրյա կամ պարզապես չտուգանվելու համար արվող քայլեր: Խոսքը դիմակների կրման մասին է, խմբով չհավաքվելու և ձեռքերը լվալու և պատրաստ լինել այսպես ապրել այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջությամբ այդ մարտահրավերը վերացած չէ ոչ միայն Հայաստանից, այլև ամբողջ աշխարհից», - ասաց Թորոսյանը:

Նախարարը հայտարարեց՝ առաջիկա օրերին մի քանի բուժհաստատություններ ևս կմիանան կորոնավիրուսի դեմ պայքարին։ «Սա մի աննախադեպ մոբիլիզացիա է առողջապահական ռեուրսների թե՛ մարդկային, թե՛ շենքային, թե՛ սարքավորումնների, թե՛ ֆինանսական՝ ուղղված բոլոր կարիք ունեցող քաղաքացիների բուժմանը, որը սակայն երբեք չպետք է հակահամաճարակային կանոններին», - ընդգծեց նախարարը:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ բժիշկ Խաչիկ Պետրոսյանի փոխանցմամբ՝ կորոնավիրուսով վարակված և ծանր վիճակում գտնվողների թիվը վերջին շրջանում աճել է։

«Մեկ ամիս առաջ մենք բաժանմունքում կարող էինք ունենալ դեպքեր համեմատաբար թեթև ընթացքով, ենթադրենք առանց թոքաբորբի և այլն, այժմ գրեթե 98 տոկոս և ավելի դեպքերում մենք ունենում ենք միջին և ծանր աստիճանի թոքաբորբով, հարակից առողջական բավականին լուրջ խնդիրներով պացիենտներ: Այս պահի դրությամբ բաժանմունքում առկա է 49 հիվանդ և մի քանի ազատ մահճակալ կա, ամենայն հավանականությամբ օրվա ընթացքում ևս կլրացվի», - ասաց Պետրոսյանը:

Ամբողջությամբ վերապրոֆիլավորված «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի բոլոր բաժանմունքներում այժմ միայն կորոնավիրուսով հիվանդների են բուժում։ Կան երիտասարդ հիվանդներ, որոնք չունեն քրոնիկ հիվանդություններ, սակայն գտնվում են ծանր վիճակում։

«Ունենք պացիենտներ, որոնք չունեն ուղեկցող քրոնիկ հիվանդություններ, սակայն ունեն բավականին ծանր ընթացքի թոքաբորբ, և հիվանդության ծանրության աստիճանը բնութագրվում է հիմնականում կորոնավիրուսային վարակով պայմանավորված ծանրության աստիճանով: Ունենք, որոնք չունեն ուղեկցող հիվանդություններ, երիտասարդ են, որոնց թոքաբորբով պայմանավորված ընդհանուր ստատուսը գնահատվում է ծանր: Մեծամասամբ այն պացիենտները, որոնք ծանր են գնահատվում, ունեն հարակից ուղեկցող հիվանդություններ», - նշեց Խաչիկ Պետրոսյանը:

Պետրոսյանը նկատում է՝ հասարակությունը չի գիտակցում իրավիճակի լրջությունը և հիվանդության վտանգը։ Հորդորում է՝ պահպանել հակահամաճարակային կանոնները՝ դիմակ կրել, պահպանել սոցիալական հեռավորություն և հաճախակի լվանալ ու ախտահանել ձեռքերը։ Հակառակ դեպքում՝ վարակի անկում չի գրանցվի։

«Շատ կարևոր է, որ այդ բոլոր ցուցումները կատարվեն մեր հասարակության կողմից, անկախ նրանից, որ տարածվում են մեծ ապատեղեկատվություն և ոչ բժշկական կրթությամբ մարդիկ մեծ հակում ունեն դա տարածելու։ Դիմակ կրելը վտանգավոր չէ, դիմակ կրելը թթվածնաքաղց չի առաջացնում, առավելևս բժշկական դիմակ կրելը», - ընդգծեց ինֆեկցիոն բաժանմունքի վարիչը:

XS
SM
MD
LG