Սահմանադրական դատարանի դատավորներ Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը երեկվանից արձակուրդ են վերցրել, այս տեղեկությունը «Ազատությանը» հայտնեց ՍԴ աշխատակազմի ղեկավար էդգար Ղազարյանը:
Ըստ նրա` ՍԴ նախագահի պարտականությունները դրվել են, ինչպես ձևակերպում է Էդգար Ղազարյանը, ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանի վրա:
Մինչդեռ, հիշեցնենք, որ այսօրվանից ուժի մեջ են մտել սահմանադրական փոփոխությունները, համաձայն որոնց` բարձր դատարանի 9 հոգանոց կազմից հեռանում են այն անդամները, որոնց պաշտոնավարման 12 տարվա ժամկետը լրացել է, իսկ Հրայր Թովմասյանը դադարում է լինել ՍԴ նախագահ։
Այս փոփոխությունների արդյունքում նախկին Սահմանադրություններով ընտրված անդամներից նոր ձևավորվող կազմում կշարունակեն պաշտոնավարել Աշոտ Խաչատրյանը, Արևիկ Պետրոսյանը, Արայիկ Թունյանը և Հրայր Թովմասյանը։ Հրայր Թովմասյանի պաշտոնավարման ժամկետը, ըստ գործող Սահմանադրության, լրանում է 10 տարի անց։ Այս փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ կազմում թափուր է մնալու 3 դատավորի պաշտոն։ Իսկ նախագահի պաշտոնը, ըստ այդ փոփոխությունների, ժամանակավորապես մինչև ամբողջ կազմը համալրելը և այդ նոր կազմից նոր նախագահ ընտրելը կզբաղեցնի տարիքով ավագ դատավորը՝ Աշոտ Խաչատրյանը։
Սահմանադրական դատարանի այս փոփոխությունները չեն վերաբերում գործող Սահմանադրությամբ ընտրված դատավորներ Արման Դիլանյանին ու Վահե Գրիգորյանին: