Երկու օրից Հրայր Թովմասյանը չի լինի ՍԴ նախագահ, ՍԴ 3 անդամները պաշտոնանկ կարվեն․ Ռուստամ Բադասյան

Երկու օրից Հրայր Թովմասյանը չի լինի ՍԴ նախագահ, ՍԴ 3 անդամները պաշտոնանկ կարվեն, «Ազատության» հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Ե՞րբ ուժի մեջ կմտնեն սահմանադրական փոփոխությունները, և արդյո՞ք անմիջապես հենց այդ օրը երեք դատավորների լիազորությունները կդադարեն և Հրայր Թովմասյանն էլ կազատի Սահմանադրական դատարանի նախագահի աշխատասենյակը:

Ռուստամ Բադասյան. - Ինչպես գիտեք, հանրապետության նախագահն այսօր ստորագրել է Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխությունները, ինչը նշանակում է, որ վաղն արդեն դրանք ուժի մեջ կլինեն և հնարավորություն կտան Ազգային ժողովի նախագահին հրապարակել Սահմանադրության փոփոխությունները, և հաջորդ օրը դրանք արդեն ուժի մեջ կլինեն: Երեք դատավորի լիազորություններ Սահմանադրության փոփոխությունների ուժով կդադարեն, և Սահմանադրական դատարանի նախագահը որպես նախագահ այլևս չի շարունակի պաշտոնավարել:

«Ազատություն». - Պարոն Բադասյան, եթե ուրբաթ արդեն ուժի մեջ մտնեն փոփոխությունները և դատարանի երեք անդամներն ու Հրայր Թովմասյանը հրաժարվեն ենթարկվել, հաշվի չնստեն դրանց հետ, իսկ այդպիսի ակնարկներ հնչել են, ի՞նչ է տեղի ունենալու:

Ռուստամ Բադասյան. - Ես ճիշտն ասած չեմ պատկերացնում հրաժարվելու մեխանիզմը, պատկերացրեք՝ լիազորությունների ժամկետն ավարտվել է, Սահմանադրության ուժով լիազորությունները ենթակա են դադարեցման, և ինչ-որ մեկը չի ենթարկվում, դա անհասկանալի իրավիճակ է: Բացի դա, դատավորների արձագանքը լսելիս բազմաթիվ հակասություններ կար, օրինակ՝ դատավորներից մեկն ասում էր, որ ինքը կարծես թե չի ճանաչում Սահմանադրության փոփոխությունները, մյուս դատավորն ասում էր, որ իր վրա գործողությունը չի տարածվում, երրորդ դատավորն ասում էր, որ չի կարելի այսպիսի փոփոխություն անել, քննադատում էր փոփոխությունները, այսինքն՝ դիրքորոշում էր արտահայտում սխալ սահմանադրական փոփոխությունների մասին, միաժամանակ պնդում էր, որ Սահմանադրական դատարան հարցը պետք է գա, և իրենք դիրքորոշում արտահայտեն: Այսինքն՝ համ նախապես դիրքորոշում էր արտահայտում, համ պնդում էր Սահմանադրական դատարան ուղարկելու վրա: Կարծում եմ՝ որևէ տեղիք չի տալիս, թե Սահմանադրության տեքստով, որ դատավորների վրա է տարածվում առաջին մասը 213 հոդվածի, թե՛ հիմնավորումների մեջ է նշված, թե՛ տեքստից շատ ակնհայտ է:

«Ազատություն». - Հրայր Թովմասյանը բերում է փաստարկ, որ իշխանությունները չեն կատարել Սահմանադրության պահանջը, այն է՝ սահմանադրական փոփոխություններն ընդունելուց առաջ նաև իր գլխավորած դատարանին ուղարկել քննության, հետևաբար ասում է՝ այդ փոփոխությունները իրավական ուժ չունեն և այլն:

Ռուստամ Բադասյան. - Խոսքի ազատությունն, իհարկե, միշտ խրախուսվում է, ցանկացած անձ իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք ունի, այնուամենայնիվ, ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով սահմանված կարգով այդ հարցը դրվել է քվեարկության, և պատգամավորները դեմ են քվեարկել Սահմանադրական դատարան դիմելու որոշման նախագծին, և Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը, քանի որ չէր կարգավորում՝ նշված հարաբերությունները հետագայում ինչպես պետք է հաղթահարվեն, դրվել է երկրորդ ընթերցման կրկին ղեկավարվելով Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով: Բացի դա, ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանի յոթ դատավոր ունեն ակնհայտ շահերի բախման իրավիճակ: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե բոլորն այսպես կոչված ինքնաբացարկի մասին հայտարարեին, իսկ իրենք, իմ կարծիքով, պարտավոր էին ինքնաբացարկի մասին հայտարարել նման դեպքում: Ի՞նչ կստացվեր, կրկին կարծում եմ՝ ելքը պարզ էր:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.