Ծառուկյանի կալանավորվելը որևէ բան չէր փոխելու, մենք առաջնորդվելու ենք մեր օրակարգով. Իվետա Տոնոյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու դատարանի որոշումը չի ազդել նրա քաղաքական ծրագրերի վրա, Ազգային ժողովի այսօրվա ճեպազրույցում վստահեցրեց ԲՀԿ-ական պատգամավոր, Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Գագիկ Ծառուկյանի կալանավորվել-չկալանավորվելու հանգամանքը որևէ բան չէր փոխելու», - ասաց Տոնոյանը:

Մինչև այս գործընթացները Գագիկ Ծառուկյանը հունիսի 5-ին կուսակցության խորհրդի նիստում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության ամբողջական փոփոխության մասին։ ԲՀԿ-ականները հենց այս հայտարարությամբ էլ հիմնավորում են, թե խորհրդի նիստին հաջորդած քրեական հետապնդման գործընթացը քաղաքական հաշվեհարդար է։

Իվետա Տոնոյանն այսօր էլ ասաց՝ իրենց դիրքորոշումը չի փոխվել՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը և նրա նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական դրդապատճառով են։ «Նախկինում հնչեցրած մեր բոլոր տեսակետներն ուժի մեջ են», - ընդգծեց Ծառուկյանի խոսնակը:

Խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավարը մեղադրվում է 2017 թվականին ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։

իշխող «Իմ քայլը» խմբակցությունը, հունիսի 16-ին բացառությամբ պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Թագուհի Թովմասյանի, որոնք բացակայում էին, միաձայն քվեարկեց Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին։ Իշխող խմբակցությունը Հավանություն տվեց Ծառուկյանին նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել և ազատությունից զրկելու միջնորդությանը, որը խորհրդարանում ներկայացնում էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

ԲՀԿ ղեկավարին կալանավորելու Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջոնդրությունը մեկ շաբաթ քննելուց հետո առաջին ատյանի դատարանը մերժեց։ Իշխող մեծամասնությունը դատարանի որոշումն ինչպե՞ս է գնահատում, անաչառության վերաբերյալ կասկածներ ունե՞ն, հարցրինք պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին։

«Ինչ վերաբերում է դատարանի որոշմանը, պարզապես կարճ կարող եմ ասել՝ փաստացի ուրեմն կա դատավոր, որն արձանագրում է, որ Գագիկ Ծառուկյանը չկա այնքան, որ կարողանա ազդել որևէ մեկի վրա: Ես համամիտ եմ դատախազության այն որոշմանը, որ պետք է բողոքարկվի», - պատասխանեց Գաբրիելյանը:

Իշխանական պատգամավորի համար տարակուսելի են քաղաքական հետապնդումների վերաբերյալ մեղադրանքները, քանի որ, ըստ նրա, ընտրակաշառքի գործը իրավապահների տիրույթում է դեռևս տարեսկզբից։

«Եթե կա քաղաքական հետապնդում, ես չեմ տեսել էնպիսի քաղաքական հետապնդում, որ հետապնդվողը ազատության մեջ լինի», - ասաց Սիսակ Գաբրիելյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դիրքորոշումը չի փոխել Ծառուկյանին առնչվող գործընթացների վերաբերյալ: «Ես իմ հարցի մեջ դատախազին ասել եմ, որ հնարավոր է իրավիճակ, որ խորհրդարանը խայտառակ լինի անձեռնմխելիությունից զրկելու պատճառով: Երեկ դա տեղի է ունեցել՝ 87 մարդ հիմա վստահ եմ՝ հարցեր ունի իրենց համոզողներին, բայց դա մեր խնդիրը չի, մեր համոզմունքն արտահայտել ենք, և դա հաստատվել է դատարանի որոշումով», - ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Հնարավոր է 2015 թվականի օրինակով Ծառուկյանը քաղաքական էջը փակի, կամ առնվազն մեղմացնի հռետորաբանությունը։ Իվետա Տոնոյանը բացառեց Սերժ Սարգսյանի իշխանության օրոք տեղի ունեցած սցենարի կրկնությունը։ Ըստ Տոնոյանի, իրավիճակ է փոխվել, այն ժամանակ դրությունը պայթյունավտանգ էր։

«2015 թվականին կար իրավիճակ, երբ ընդամենը մեկ գիշերվա մեջ մեր շուրջ 700 համակիրներ ձերբակալվել էին, կար իսկապես պայթյունավտանգ իրավիճակ, երբ հնարավոր էր ամեն բան, և Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ փակում է քաղաքականության էջը, որպեսզի որևէ ողբերգական հետևանք և արդյունք չունենա և որևէ հայի արյուն չթափվի: Այսօր մենք ունենք Գագիկ Ծառուկյանի և մեր քաղաքական թիմի 100 տոկոսանոց հաստատակամությունը մեր երկրում փոփոխություններ իրականացնելու: Դուր գա դա ոմանց, դուր չգա՝ միևնույն է, մենք շարունակելու ենք առաջնորդվել մեր նախանշած օրակարգով», - ասաց Իվետա Տոնոյանը:

Պատգամավորը վերահաստատեց՝ քննարկումների մեջ են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք»​ կուսակցության, Դաշնակցության հետ՝ միասնական օրակարգ ձևավորելու շուրջ։ Հորդորեց՝ իրենց թիկունքում արտաքին ուժերի, օրինակ՝ Ռուսաստանի ականջները չտեսնել։

«Որևէ մեկի ականջները չտեսնել թաքնված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կամ նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի արարքների ետևում», - ընդգծեց նա:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգմավորները թեև քննադատում են խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավարի շուրջ կատարվող գործընթացները, բայց կառավարության փոփոխության ԲՀԿ-ի օրակարգում անելիք չունեն։ Կառավարությունից Հրաժարականի պահանջներ ունեն, սակայն կհնչեցնեն կորոնավիրուսի համաճարակը հաղթահարելուց հետո, ասաց Էդմոն Մարուքյանը։