Ծառուկյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունիսի 21-ին

Կկալանավորվի՞ արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, թե ոչ, հայտնի կդառնա երկու օրից՝ հունիսի 21-ին։ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը երեք օր քննելուց հետո Շենգավիթի դատարանն այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ։

«Այս հոդվածով մինչև այսօր, որ կա, որ ասենք ինչ-որ տույժ-տուգանք վճարած լինի, ես չգիտեմ, բայց ինչ-որ կալանավորելու, ինչ-որ ձերբակալելու միջնորդություն ներկայացնեն Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահին, երկրորդ քաղաքական ուժին ընդդիմադիր, ես մենակ մի հայտարարություն անեմ` եթե էս երկիրն էս վիճակը, համաճարակի տարածումը, այս աղքատությունը, այս տնտեսական անկումը ես եմ մեղավոր, պատճառը ես եմ, ես պատրաստ եմ ինքնակամ գնալու», - ասաց Գագիկ Ծառուկյանը:

Մեղադրանքի վերաբերյալ դատական նիստին իր կարծիքը հայտնել է նաև ԲՀԿ առաջնորդը։ Նա կրկնել է ավելի վաղ արած իր հայտարարությունը, թե իրեն վերագրվող քրեական գործերը շինծու են, և քաղաքական հետապնդում է իրականացվում։ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը պնդեց՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորի անձնեռնմխելիությունից զրկելու միջնորդության մեջ ներկայացված արարքը խիստ տարբերվում է դատարան ներկայացվածից. - «Պարզվում է, որ այլ ձևակերպումներով ստանում են համաձայնություն, բայց դատարան ներկայանում են այլ ձևակերպմամբ: Օրինակ` շատ կարևոր մի հատ ձևակերպում` եթե օրինակ` Ազգային ժողովին ներկայացրել են, թե իբր Գագիկ Ծառուկյանը խմբի կազմում անձամբ նաև կաշառք է տվել ընտրողներին, էս դեպքում արդեն գրվել է սենց. «Խմբի կազմում տվել է կաշառք», էս է ձևակերպումը»:

Ծառուկյանի պաշտպաններից Սմբատ Մինասյանն ասում է` եթե կային այլ հիմքեր, դրանք նաև պետք է Ազգային ժողով ներկայացվեին։ Փաստաբան Երեմ Սարգսյանի խոսքով՝ իրենք դատարանին հիմնավորել են, որ քրեական գործը հարուցվել է Գագիկ Ծառուկյանի հայտնի ելույթից հետո, երբ ԲՀԿ առաջնորդը հունիսի 5-ին հայտարարել էր Կառավարության 100 տոկոսը փոխելու անհրաժեշտության մասին։

«Էսօր ակնկալվում էր, բնականաբար, որ մեղադրանքի կողմը պետք է գար և փորձեր հիմնավորել, որ գիտեք` ինչ կա, չէ, երբ որ փոտրվարի 5-ին այս տեղեկություններն ունեինք, էնպես չի, որ մենք ոչինչ չէինք անում և հանկարծ հունիսի 5-ի հայտարարությունից հետո շատ ակտիվ որոշեցինք քրեական գործ հարուցել», - ասաց Երեմ Սարգսյանը:

Ծառուկյանի պաշտպանը պնդում է՝ չեն ներկայացվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ ԲՀԿ առաջնորդը որևէ կապ ունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ. - «Հիմնավորել, որ Վարդենիսում մի քանի հոգի ինչ-որ ընտրակաշառքի միջադեպ է տեղի ունեցել, համարենք հիմնավորված պայմանական, ես չեմ տեսնում այստեղ հիմքը, բայց համարենք պայմանական: Ի՞նչ են ասում, դե եթե Վարդենիսում եղել է, եթե էնտեղ մի քանի հոգի հավաքվել են ու որոշել են, որ նման բան անեն, ո՞նց կարող է ղեկավար կազմը դրա մասին չիմանար»:

«Բարգավաճ Հայաստանի» առաջնորդին կալանավորելու միջնորդությունը դատարան է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 16-ի երեկոյան։ Նա մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։ Ծառուկյանը երեքշաբթի օրը խորհրդարանի որոշմամբ զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը ներկայացրել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Դատախազն իր միջնորդությունում, մասնավորապես նշել էր, որ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկություն է իրականացվել «Երևանշին» ընկերությունում, ինչի ժամանակ էլ հայտնաբերվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելու դեպքերի վերաբերյալ փաստաթղթեր: «Երևանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանը, որը մեղադրվում է Վերմիշյանին 5 հազար դոլար կաշառք տալու համար, ցուցմունք է տվել այն մասին, որ Ծառուկյանը 2017-ին իրեն առաջարկել է մասնակցել ընտրություններին պայմանով, որ ապահովի 9 հազար ձայն: Այդ պայմանավորվածության համաձայն` Ծառուկյանի բիզնես կառավարիչ Սեդրակ Առուստամյանից և ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանից ստացել է 10 հազար դրամ անվանական արժեքով թղթադրամներ, որոնք պետք է բաժանվեին ընտրողներին:

Այսօր հայտնի դարձավ, որ քրեական գործով ձերբակալվել է նաև մի քաղաքացի: Ավելի վաղ էլ ձերբակալվել էր ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը:

Քննչական կոմիտեից էլ հայտնում են, որ Ծառուկյանին առնչվող մյուս քրեական գործով էլ մեղադրանք է առաջադրվել Առինջ համայնքի ղեկավարին, այլ պաշտոնյաների և «Մուլտի գրուպ» կոնցեռնի փոխտնօրենին։ Մյուս քրեական գործն էլ ԲՀԿ առաջնորդի «Մուլտի Գրուպ» կոնցեռնի մաս կազմող «Օնիրա Քլաբ» ընկերությանն է վերաբերում։ Ըստ ԱԱԾ-ի՝ Հայաստանի տարբեր վայրերում շահումով խաղերի, խաղատան բիզնես իրականացնող այս ընկերությունն առանց լիցենզիայի է գործել՝ պետությանը պատճառելով մոտ 30 միլիարդ դրամի կամ 60 միլիոն դոլարի վնաս։