Մատչելիության հղումներ

Կոտայքի մարզպետին ահազանգել են, որ Ծառուկյանի աջակցության հավաքը սպառնալիքների ներքո է արվել


Գործընթացները, որ այսօր տեղի են ունենում Կոտայքի մարզում, իրավական հարթության գործընթացներ են, և պետք չի դա քաղաքականցնել, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» շրջանակներում հայտարարեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Հենց նրա ղեկավարած մարզում` Առինջում` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատանն էին այսօր ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն իրականացնում:

«Քանի որ ինչպես օրերս վարչապետի մամուլի խոսնակն էր նաև նշել, կային որոշակի թվով քրեական գործեր առերևույթ չարաշահումների, յուրացումների մասով, որոնք կարծես մոտենում էին Առինջին, ահա դրանով է պայմանավորված հավանաբար պարոն Ծառուկյանի քաղաքական հայտարարությունները, քանի որ վաղ թե ուշ ամեն ինչ պարզ էր դառնալու, մեղադրանքներ էին առաջադրվելու:

Այդ գործընթացներն իրենց նախորդիվ ունեն 1-1.5 տարվա նախապատմություններ, նյութեր են նախապատրաստվել, որոշակի գործողություններ են իրականացվել, ստուգումներ են արվել տարբեր գերատեսչությունների ձեռամբ»,- նշեց նա:

Ռոմանոս Պետրոսյանը Առինջին առնչվող քրեական գործի մասին միայն նշեց, որ «Առինջ մոլի» տարածքում նախկինում գործած «Նյու» մաքսային պահեստներին է այն վերաբերում և այդ հողատարածքները վերջնարդյունքում մեծ տոնավաճառի վերածելուն և հասարակական, հանրային սպասարկման գոտիներ դարձնելուն, և այս ամենն ուղեկցվել է մի շարք օրենսդրական նորմերի խախտումներով:

«Բոլոր փաստերը ի հայտ չեն եկել վերջին 1, 2, 5 օրերի ընթացքում»,- ևս մեկ անգամ նշեց նա:

Կոտայքի մարզպետը նաև հայտնեց, որ ունի տեղեկություններ, ահազանգեր են իրեն հնչեցրել, որ «Առինջ մոլում» ճնշում են կիրառել աշխատակիցների նկատմամբ, որ մոտենան Ծառուկյանի առանձնատանն ու աջակցեն իրեն: Միաժամանակ չբացառում, որ աջակիցների մեջ կարող են և լինել իրապես Ծառուկյանի համակիրներից` հավելելով, սակայն, որ ահազանգերը նաև առ այն էին, որ «Մուլտի գրուպ կոնցեռնի» բազմաթիվ անդամներ այնտեղ էին հրավիրվել առերևույթ սպառնալիքների ներքո:

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վաղ առավոտյան Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանն էին, խուզարկություն էին իրականացնում, դրան զուգահեռ էլ առանձնատան մոտակայքում Ծառուկյանի աջակից ներկայացող քաղաքացիներն էին հավաքվել։ Տարածքում նաև ոստիկանական ուժեր էին կենտրոնացել։ Որ Ծառուկյանը հրավիրվել է ԱԱԾ հարցաքննության, ինքը՝ ԲՀԿ ղեկավարն անձամբ հայտարարեց։ ԱԱԾ-ի գործողությունները պատգամավորը «քաղաքական հետապնդում» որակեց։

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարին առնչվող 3 տարբեր քրեական գործերի վերաբերյալ հաղորդագրություններ տարածեց։ Քրեական գործերից առաջինը Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատանն առնչվող ապօրինությունների վերաբերյալ է։ Ըստ ԱԱԾ-ի՝ խաղատունը գործել է առանց լիցենզիայի, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 29 միլիարդ դրամի կամ մոտ 60 միլիոն դոլարի վնաս, բացի այդ, չեն իրականացվել 40 միլիարդ դրամ ներդրումներ։

Ազգային անվտանգության ծառայությունն ավելի ուշ էլ երկրորդ քրեական գործի մասին տեղեկացրեց: Սա արդեն 2017-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում կաշառք բաժանելու բազմաթիվ դեպքերին է վերաբերում։ Ըստ ԱԱԾ-ի՝ դրանում ներգրավված է եղել ԲՀԿ-ական ղեկավար կազմն ու կուսակցության անդամները:

Ավելի ուշ Ծառուկյանը ուղևորվեց Ազգային ավտանգության ծառայություն հարցաքննության, ԲՀԿ-ականներն ու Ծառուկյանի աջակից ներկայացող քաղաքացիներն էլ տեղափոխվեցին ԱԱԾ շենքի առջև:

3-րդ քրեական գործի մասին հաղորդագրությունը տարածվեց, երբ Ծառուկյանն արդեն ԱԱԾ-ում էր։ Ըստ դրա` Առինջ համայնքի պաշտոնյաները ապօրինի վարձակալությամբ տրամադրված 7.5 հա գյուղատնտեսական հողատարածքի վրա ապօրինի կառույցներն օրինականացրել, հետո էլ հողատարածքն ապօրինի կերպով օտարել էին Ծառուկյանին պատկանող «Ֆիրմա Նյու» ընկերությանը։ ԱԱԾ-ից հայտնում են՝ ապօրինության հետևանքով համայնքի բյուջե չի մուտքագրվել ավելի քան 370 միլիոն դրամ։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG