Հայաշատ Կալիֆորնիայում ևս դիմակները կդառնան պարտադիր

Նոր կորոնավիրուսի էպիկենտրոնը դարձած Ամերիկայում ավելի ու ավելի է ընդարձակվում նահանգների ու քաղաքների թիվը, որտեղ պարտադրվում է դիմակ կրել հասարակական վայրերում: Նյու Յորքում, Միչիգանում, Մերիլենդում, Մասաչուսեթսում, Իլինոյսում սահմանված այս պահանջին երեկվանից միացել են տասնյակ այլ բնակավայրեր, այդ թվում` հայաշատ Կալիֆորնիան:

«Այլևս գիտականորեն է ապացուցված, որ դիմակներն արդյունավետ են», - հայտարարել է Ամերիկայի ամենամարդաշատ` 40 միլիոն բնակչություն ունեցող այդ նահանգի ղեկավարը, ընդգծելով` դրանք առանցքային նշանակություն ունեն ոչ միայն առողջության պահպանման, այլև բիզնեսները բաց պահելու և տնտեսությունը վերականգնելու հարցում:

Ավելի վաղ Ամերիկայում, ինչպես նաև մի շարք այլ երկրներում գիտական հետազոտություններ էին հրապարակվել, ըստ որոնց նոր վարակը փոխանցվում է ոչ միայն հազի ու փռշտոցի միջոցով, այլև` բարձր խոսելիս, երգելիս, քանի որ այդ ժամանակ վարակված մարդիկ արտաշնչում են վիրուսի միկրոմասնիկներ, որոնք կարող են օդում մնալ մինչև 14 րոպե և անգամ տեղաշարժվել մի քանի մետր:

Վարակի երկրորդ ալիքի մասին են զգուշացնում նաև Չինաստանի իշխանությունները, որտեղ և սկիզբ էր առել նոր կորոնավիրուսը անցած տարեվերջին: Վուհանում սկսված համաճարակից կես տարի անց վարակակիրների թիվը կրկին ավելանում է, այս անգամ, սակայն, մայրաքաղաքում:

Պաշտոնական տվյալների համաձայն, անցած մի քանի օրվա ընթացքում Պեկինում 200 դեպք է գրանցվել, համաճարակաբաններն էլ վիրուսի հետքեր են գտել շուկաներից մեկում, որտեղ միս և ծովամթերք է վաճառվում: Իշխանությունների խոսքով, այս ալիքը ամենավտանգավորն է փետրվարյան պիկը հաղթահարելուց հետո:

Ավելի քան 20 միլիոն բնակիչ ունեցող մեգապոլիսում կարանտին դեռ չի հայտարարվել, երկու օդանավակայաններն էլ շարունակում են գործել, սակայն, բոլորը` թե՛ ժամանողները, թե՛ մեկնողները պարտավոր են կորոնավիրուսի թեստ հանձնել: Տեղաշարժի սահմանափակումներ են մտցված նաև քաղաքի այն հատվածներում, որտեղ արձանագրվել են վարակի դեպքեր: Արգելափակումներն արդեն հազարավորների վրա են ազդել, սակայն քչերն են դժգոհում` աչքի առաջ ունենալով Վուհանը, որտեղ ամիսներ առաջ 80 հազար մարդ վարակվել էր, չորս հազարից ավելին` մահացել:

«Պեկինը մեր մայրաքաղաքն է, և եթե այն լավ պաշտպանված չլինի, մյուս քաղաքներում է՛լ ավելի վատ իրավիճակ կստեղծվի», - ասել է Չինաստանի բնակիչներից մեկը:

Եվրոպական մայրցամաքում իրավիճակը համեմատաբար կայուն է, բացառությամբ Շվեդիայի, որտեղ իշխանությունները համաճարակի դեմ պայքարում աշխարհի մեծ մասից տարբերվող ռազմավարություն էին որդեգրել` կարանտին չէին հայտարարել, դպրոցներն ու ռեստորանները թողել էին բաց: Հիմա այստեղ օրական արձանագրվում է հազարից ավելի դեպք, ինչն ամենաբարձր ցուցանիշն է Եվրամիության 27 երկրների մեջ:

Մահացության ցուցանիշով ևս Շվեդիան առաջիններից մեկն է ոչ միայն սկանդինավյան երկրների շարքում, այլև` աշխարում: Ընդ որում, վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ համատարած հիվանդացությունը միայն ծանրաբեռնել է առողջապահական համակարգն ու նպաստել մահացության ավելացմանը, կայուն իմունիտետ, սակայն, չի ձևավորվել:

«50 հազար մարդու թեստավորելուց հետո, հակամարմիններ են հայտնաբերվել միայն 14 տոկոսի մոտ», - օրերս ասել էր երկրի գլխավոր համաճարակաբան Անդերս Տեգնելը, հավելելով՝ մասնագետներն առայժմ չեն կարողանում բացատրել դրա պատճառը։

Ավելի վաղ, արձագանքելով հարցին, թե որքանո՞վ էր ճիշտ կարանտին չհայտարարելը, շվեդ պաշտոնյան ասել էր. «Եթե մենք բախվեինք նույն հիվանդությանը՝ ունենալով այն գիտելիքները, որ առկա են այսօր, կարծում եմ՝ մենք կընտրեինք Շվեդիայի և մնացյալ աշխարհի ընտրած տարբերակների ոսկե միջինը»։

Ռուսաստանում` անցած շաբաթվա մեջ առաջին անգամ, մեկ օրում արձանագրված դեպքերի թիվն իջել է ութ հազարից, համենայնդեպս, դա են պնդում պաշտոնական աղբյուրները: Անկախ փորձագետները, մինչդեռ, չեն բացառում, որ իշխանությունները թաքցնում են համաճարակի իրական պատկերը` հուլիսի 1-ին նախատեսված սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, որով կերկարաձգվի նախագահ Պուտինի իշխանավարումը:

Մինչ այդ` հաջորդ շաբաթ էլ Կրեմլը Կարմիր հրապարակում հանդիսավոր զորահանդես կանցկացնի` նվիրված Երկրորդ համաշխարհայինի 75-ամյա հաղթանակին: Թե ինչ ազդեցություն կունենան զանգվածային այս միջոցառումները համաճարակի տարածման վրա, դեռ վաղ է կանխատեսել, փաստ է, սակայն, որ իշխանություններն ամեն ինչ անում են նախագահ Պուտինի անվտանգությունն ապահովելու համար: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մասնավերապես, երեկ հաստատել է` պատերազմի բոլոր վետերանները, որոնք շքերթին մասնակցելու հրավեր են ստացել, նախագահի հետ հանդիպումից առաջ` այժմ գտնվում են երկշաբաթյա մեկուսացման մեջ: