Վերաքննիչը որոշեց Քոչարյանին ազատ արձակել 2 միլիարդ դրամ գրավի դիմաց

Վերաքննիչ դատարանը մասնակիորեն բեկանեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը:

«Ամբաստանյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանի վերաքննիչ բողոքները բավարարել, ամբաստանյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանի բողոքը բավարարել մասնակիորեն: Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի 2020 թվականի մայիսի 13-ի որոշումը մասնակիորեն բեկանել և փոփոխել, ամբաստանյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությունը բավարարել: Ամբաստանյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացնել և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը 2 միլիարդ դրամի չափով», - հայտարարեց դատավորը:

Փաստաբաններն այս դիմումով վիճարկում էին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը, որով մերժվել էր պաշտպանների միջնորդությունը՝ Քոչարյանին ազատ արձակել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետների անձնական երաշխավորություն դիմաց: Միևնույն ժամանակ առաջին ատյանի դատարանը մերժել էր նաև Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել գրավի դիմաց կամ էլ պարզապես փոխել խափանման միջոց կալանքը:

Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ, նա կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից: Անցած ամիս վարչական դատարանի կայացրած որոշման համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանը մինչև կորոնավիրուսի համաճարակի ավարտը մնալու է հիվանդանոցում՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:

Մանրամասները՝ քիչ անց